Անանուն ծաղկեփնջեր, երկրորդ պլան մղված անձնական կյանք և նոր տեսահոլովակի մանրամասներ. մեկնաբանում է Գաբի Գալոյանը
Օրեր առաջ երգչուհի Գաբի Գալոյանը տոնել է իր 28-ամյակը: Երգչուհին մեծ շուքով չի նշել իր տարեդարձը վատ առողջության պատճառով: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
«Վատ առողջության պատճառով չկարողացա նշել տարեդարձս, բայց ամենամտերիմ ընկերներս ինձ անակնկալ մատուցեցին` տոնական գլխարկներով, նվերներով եկան մեր տուն և ընտանիքիս անդամեների հետ իսկական տոն դարձրեցին օրս»,- ասաց Գաբին:

Երգչուհին այս տարի շատ նվերներ է ստացել թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ մարդկանց կողմից:
«Սիրում եմ հոտավետ մոմեր ստանալ և ստացա: Ընկերներս գիտեն, որ հոտավետ մոմերի հավաքածու ունեմ ու ամեն տարի միշտ ինչ-որ մեկը ինձ նվիրում է դա: Ընդհանրապես հաշվի չեմ առնում, թե ինչ արժե նվերը, որքան այն հասարակ լինի այնքան շատ է ինձ դուր գալիս: Հիմանակնում արժեքավոր նվերներ չեմ օգտագործել առօրյայում»,- նշեց երգչուին:

Գաբիին այդքան էլ հեշտ չէ զարմացնել նվերներով: Նրա խոսքով. «Միայն զարմանում եմ այն դեպքում, երբ նվեր եմ ստանում չսպասված մարդկանց կողմից: Օրինակ` արդեն 3 տարի է, ինչ անծանոթ մարդկանց կողմից ծաղկեփնջեր եմ ստանում և չգիտեմ, թե ովքե՞ր. հետո չեն էլ արձագանքում»:
Հարցին` ի՞նչ են տվել 28 տարիները երգչուհուն, նա պատասխանեց. «Ես ամեն տարի փոխվում եմ, անճանաչելի դառնում, ինչ-որ նոր բաներ եմ իմ մեջ բացահայտում ու ամեն անգամ զարմանում այդ փոփոխության վրա: Չհաշված այն սկզբունքները, որոնք չեն փոխվում երբեք: Էվոլուցիային ենթարկվող տեսակ եմ թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես: Առաջ շատ ծայրահեղական էի, հիմա մարդկանց ընդունում եմ այնպես, ինչպես կան և չեմ փորձում փոխել նրանց»:

Նշենք, որ երգչուհին առաջիկայում կթողարկի նոր տեսահոլովակ, որտեղ նա կներկայանա երեք կերպարներով: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, իսկ կերպարների հեղինակը` ոճաբան Արմեն Գալյանը: Երգը ժողովրդական երգերի շարան է:
«Երգը ժողովրդական երգերի շարան է: Երեք երգ զետեղված մեկ երգում, որոնցից մեկը հայրիկիս է մշակել, երկուսը բոլորին հայտնի ժողովրդական երգեր են: Առայժմ այսքանը կարող եմ ասել երգի մասին: Այն կներկայացնեմ նոյեմբերին Panarmenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը»,- ասաց Գաբին, ավելացնելով`«Միշտ ասել եմ, որ աշխատելու եմ երկու լսարանի համար, այսինքն երգելու եմ և՛ կոմերցիոն, և՛ ժողովրդական երգեր: Իմ նպատակն է ժողովրդական երաժշտությունը տարածել, որպեսզի հասանելի և սիրելի լինի թե՛ իմ տարիքի մարդկանց և թե՛ նոր սերնդի կողմից: Փորձել եմ նորովի մատուցել չկորցնելով էթնիկ հայկական կարևոր տարրերը: Իրականում շատ դժվար է կոմերցիոնը համատեղել ժողովրդական երաժշտության հետ, բայց մենք փորձել ենք պահել բոլոր սկզբունքները»:

Երգչուհու անձնականում փոփոխություններ չկան: Նրա համար հիմա ամենակարևորը կարիերան է. «Մոտակա շրջանում ամբողջությամբ ցանկանում եմ նվիրվել միայն աշխատանքին, քնաի որ անձնականի առկայության դեպքում գործնականը երկրորդ պլան է մղվում: Սա փաստ է, և ոչ մեկ չի կարող հակառակը պնդել, իսկ ինձ համար հիմա ամենակարևորը աշխատանքն է: Առհասարակ չունեմ տղաարդու մոդել, իսկ իդեալներ չեմ ստեղծում»:

Մելինե Տոնոյան







