Տաղանդավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոն այսօր դարձավ 73 տարեկան
Միլլիոնավոր կանանց երազանք, տղամարդու իդեալ և պարզապես տաղանդավոր դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոն ծնվել է 1943 թվականի օգոստոսի 17-ին Նյու Յորքում:
Դերասանը մեծանում էր իտալական թաղամասում: Պատանեկության տարիներին նա բավականին ցածրահասակ էր և անհավանական սպիտակ մաշկ ուներ, բացի այդ շատ համեստ ու լռակյաց էր, ինչի համար նրան հաճախ անվանում էին «Բոբիի Կաթ»:
Առաջին դերը Ռոբերտին բաժին ընկավ դեռ դպրոցում, երբ բեմադրում էին «Օզ երկրի կախարդը» հայտնի գործը: Նա խաղում էր վախկոտ առյուծի դերը: Հաջորդ դերը նրան բաժին ընկավ արդեն տարիներ անց, երբ 16 տարեկան էր: Այդ տարիքում Ռոբերտը հասկանում է, որ դերասանական արվեստն իր կոչումն է, և ընդունվում է դերասանական դպրոց:
Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր է ստանում, կոչվում էր «Հարսանյաց խնջույք» (The Wedding Party): Ֆիլմը Ռոբերտին ճանաչվածություն չբերեց, բացի այդ ֆիլմը լույս տեսավ նկարահանումներից վեց տարի անց, երբ Ռոբերտն արդեն ևս մեկ ֆիլմում էր նկարահանվել` «Ողջունում» (Greetings):

Ձանձրալի դեբյուտից հետո Ռոբերտ Դե Նիրոն նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնք նույնպես չեն ընդունվում: Միայն 1973 թվականին հաջողությունը ժպտում է նրան: «Դանդաղ հարվածիր թմբուկին» (Bang the Drum Slowly) ֆիլմում դերակատարման համար նա ստանում է իր առաջին մրցանակը:
1974 թվականին Ռոբերտ Դե Նիրոն դեր է ստանում աշխարհռչակ «Կնքահայրը» (The Godfather) ֆիլմում: Դերասանը ստանձնում է Վիտո Կորլեոնեյի դերը, ինչը նրան անհավանական հաջողություն ու փառք է բերում: Հետագայում նա Օսկար է ստանում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար: Այդ ֆիլմը Ռոբերտի առջև ճանապարհ է բացում դեպի գլխավոր դերերի աշխարհ:

Փայլուն դերասանական գործունեությունից բացի Ռոբերտ Դե Նիրոն միշտ գրավում էր լրագրողների և պապարացիների ուշադրությունն իր կրքոտ սիրավեպերով: 1979 թվականին նա ամուսնացել էր Դիանա Էբբոթի հետ, ում հետ 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է և երկրորդ անգամ ամուսնանում Գրեյս Հայթաուերի հետ:







