Փայտ հիշեցնող քանդակներ, որոնք իրականում այլ նյութից են պատրաստված (լուսանկարներ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգում ապրող քանդակագործ Քրիստոֆեր Դևիդ Ուայթն արտառոց քանդակներ է ստեղծում: Առաջին հայացքից թվում է, թե նրա աշխատանքները փայտից են պատրաստված, սակայն պարզվում է, որ քանդակների ստեղծման համար վարպետը կերամիկա է օգտագործում:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, Ուայթն իր կավե քանդակները ձեռքով է ստեղծում և իր աշխատանքների մեջ հաճախ շոշափում է քայքայման թեման: Վարպետն օգտագործում է տարրեր, որոնք նման են փչացող փայտի կտորների, ժանգոտած մետաղի և կազմալուծման գործընթաց հիշեցնող այլ առարկաների: Այսպիսով՝ նա փորձում է հետազոտել մարդկանց և բնության միջև հարաբերությունները:
«Փոփոխությունը մշտապես հիշեցնում է, որ մնայուն լինելը պատրանք է: Գերիրատեսական քանդակներ ստեղծելու միջոցով ուսումնասիրում եմ բնության, մարդու և փոփոխականության միջև հարաբերությունները: Բնությունից տրված և մարդու կողմից ստեղծված տարրերը մասշտաբի, համամասնության և օգտագործվող նյութերի հետ մեկտեղ օգնում են ստեղծել փոփոխված ընկալում և դիտողին ստիպում ավելի «խորանալ» քանդակի մեջ»,- գրում է վարպետն իր կայքում:
















