Էմբեր Հերդը Ջոնի Դեփին կոչ է արել 7 մլն դոլարի փոխարեն 14 մլն դոլար ծախսել բարեգործության համար

17:55 • 26.08.16

Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդն իր նախկին ամուսին Ջոնի Դեփին կոչ է արել բարեգործության վրա 7 միլիոն դոլարի փոխարեն 14 միլիոն դոլար ծախսել, հաղորդում է People-ը:

 

Ավելի վաղ Հերդը խոստացել էր ամուսնալուծությունից ստացած ողջ գումարը նվիրաբերել ԱՄՆ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության միությանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին: Ըստ նրա պլանների` յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ստանա 3,5 միլիոն դոլար:

 

Նաև հաղորդվում էր, որ Դեփը որոշել է ամուսնալուծության արդյունքում Հերդին տրվելիք գումարն ինքնուրույն փոխանցել ԱՄՆ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության միությանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին:

 

People-ը գրում է, որ Հերդի թիմի ներկայացուցիչը քննադատել է Դեփի վճարումների պլանը:  Նրա խոսքով` դերասանուհին գնահատում է իր նախկին ամուսնու անսպասելի հետաքրքրությունն իր սիրելի երկու կազմակերպությունների հանդեպ, սակայն կարծում է, որ այսպիսով՝ Դեփը փորձում է փոխել իր հետ համաձայնության պայմանները:

 

Նշվում է, որ Հերդի ներկայացուցիչները Դեփին կոչ են արել բարեգործության վրա ծախսել 14 միլիոն դոլար, որը հարկերի հաշվարկումից հետո հավասար է դառնալու 7 միլիոն դոլարի` այն գումարին, որը Դեփը պարտավոր է վճարել իր նախկին կնոջը: Դերասանին նաև առաջարկել են կատարել միաժամանակյա վճարում, այլ ոչ թե վճարումների շարք:

Էմբեր Հերդը Ջոնի Դեփին կոչ է արել 7 մլն դոլարի փոխարեն 14 մլն դոլար ծախսել բարեգործության համար