Էրոս Ռամազոտտիի չեղարկված մենահամերգի տոմսերի գումարները արդեն վերադարձվում են

16:19 • 02.09.16

Իտալացի հայտնի երաժիշտ Էրոս Ռամազոտտիի Perfetto համերգային շրջագայության ընթացքում չեղյալ հայտարարված երևանյան համերգի տոմսերի գումարներն արդեն վերադարձվում են: Այս մասին Tert.am Lifi-ի հետ զրույցում ասել է համերգը կազմակերպող հայկական կողմի՝ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի տնօրեն Զառա Մխեյանը:

 

«Ֆորպոստարտ» ընկերությունը հայտարարել էր, որ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում է սեպետմեբրի 15-ին՝ իատալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո: Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև հոկտեմբերի 31-ը:

 

Հանդիսատեսը տոմսերի գումարը կարող է հետ ստանալ հետևյալ կերպ՝ անհրաժեշտ է մուտք գործել www.forpostart.ru և ներբեռնել համապատասխան դիմում-հայտը՝ լրացնել և հետ ուղարկել: Գումարները ստանալու համար պարտադիր են այդ դիմումները: Նախորոք ուղարկված դիմումների ներկայացուցիչներին տեղեկացվում են, թե որ ժամին կարող են գալ և ստանալ գումարը: Առանց դիմումների գումարը հետ ստանալ չի հաջողվի:

 

 

«Համերգային շրջագայության պայմանագիրը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը կնքել էր ռուսական «Global Communications» ընկերության հետ: Վերոնշյալ պայմանագրի հիման վրա «Global Communications» ընկերությունն էլ կնքել է անհրաժեշտ պայմանագրեր երրորդ անձանց հետ, այսինքն «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ի հետ, իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Էրոս Ռամազոտտիի Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում երևանյան համերգային ծրագրի կազմակերպման համար: Այսինքն՝  համերգի չեղարկման ողջ պատասխանատվությունն ընկնում է իտալական և ռուսական կողմերի վրա»,- ասաց Զառան, և հավելեց, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Глобальные коммуникации» ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանության նպատակով  սեպտեմբերի 2-ից սկսել է ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը, փուլային կարգով:

 

 

Վերջինս նշեց, որ համերգը չի կայացել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և Էստոնիայում, որտեղ նույնպես դեռ տոմսերի գումարը հետ չեն վերադրձվել: Ընդ որում, որոշ քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայում, նախատեսված է եղել ոչ թե մեկ, այլ երկու համերգային ծրագիր: Այդքան մեծ քանակությամբ հանդիսատեսից չեղարկված համերգային ծրագրի տոմսեր հետ ընդունելը և նրանց դրամական փոխհատուցում իրականացնելը ժամանակատար և բարդ գործընթաց է: Հնարավոր չէ բոլոր քաղաքներում միաժամանակ իրականացնել այդ գործընթացը:

 

 

Վերջում նա ավելացրեց, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը շուրջ 25 տարի է կազմակերպում է տարբեր համերգային ծրագրեր և նման դեպք չի եղել. «Ինչ վերաբերում է Իրինա Ալեգրովայի համերգին, ապա հայտնում ենք Ձեզ, որ երգչուհու` Երևանում կայանալիք որևէ համերգ երբևիցե չեղյալ չի հայտարարվել: 2015-ի մարտի 6-ն կայանալիք համերգը հետաձգվել է երգչուհու վատառողջ լինելու պատճառով և 2015-ի մայիսի 23-ին կայացել է ամբողջական և պատշաճ կարգով` լեփ-լեցուն դահլիճում»:

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

 

Էրոս Ռամազոտտիի չեղարկված մենահամերգի տոմսերի գումարները արդեն վերադարձվում են