Կյանքը ափի մեջ. Լուիզա Ղամբարյանը կներկայացնի նոր հաղորդաշար

14:52 • 07.09.16

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հասարակական-քաղաքական հաղորդումների շարքը շուտով կհամալրի «Կյանքը ափի մեջ» հաղորդումը: Հաղորդումը վարելու է սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

 

 

«Առաջարկը ստացել եմ Հանրային հեռուստաընկերության կողմից, ամիսներ առաջ: Այն ապրեց իր էվոլուցիան մինչ եթեր մտնելը: Մենք ունեցանք մշակումների, քննարկումների բավականին դժվար, բայց արդյունավետ շրջան: Ենթադրում եմ, որ հաղորդումը առանձնանալու է իր պարզությամբ, խորությամբ: 30 րոպեների ընթացքում փորձելու եմ բացահայտել հանրային մարդկանց ներաշխարհի որոշ նրբություններ: Հաղորդումը եթերում կլինի աշխատանքային բոլոր օրերին: Տեղի չի ունենալու պարզապես հաղորդավարի ու հյուրի հանդիպում, այլ ջերմ զրույց երկու մարդկանց միջև: Հերոսներից խնդրելու եմ անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու»,- ասաց Լուիզա Ղամբարյանը:

 

 

 

Դերասանուհու համար հաղորդավարական առաջին փորձը չէ,- «Կա հրաշք թիմ, որտեղ բոլորը իրենց անելիքը գիտեն ու այստեղ միակ սկսնակը հավանաբար ես եմ: Բոլորը չեն հիշի հեռուստատեսային առաջին փորձս, երբ «Բրաբիոն» հաղորդումնն էի վարում, այն շատ տարիներ առաջ էր: Հետո հեռուստաէկրանին ավելի նեղ մասնագիտական կերպարով էի՝ հեռուստասերիալների մասին է խոսքս: Տարիներ անցան ու նորից հանրայինի եթերում եմ լինելու»,- ավելացրեց դերասանուհին:

 

 

Լուիզան վստահ է, որ հաղորդման տաղավարը, այն վայրը չէ, որ պետք է ցուցադրել դերասանական հմտությունները,-«Մի բանում եմ վստահ, որ եթերում հեռուստադիտողը տեսնելու է ինձ և հյուրին: Կերպար չեմ մարմնավորելու» ,- ասաց դերասանուհի-հաղորդավարուհի Լուիզա Ղամբարյանը:

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Կյանքը ափի մեջ. Լուիզա Ղամբարյանը կներկայացնի նոր հաղորդաշար