Ամերիկացի եղբայրները բազմամիլիոնանոց բիզնես են հիմնել շնորհիվ այն հարցի, որ մայրն ամեն օր տվել է նրանց (լուսանկարներ)
1994 թվականին ԱՄՆ-ում բնակվող Բերթ և Ջոն Ջեյքոբս եղբայրները սեփական դիզայնով վերնաշապիկների վաճառքով զբաղվող ընկերություն են հիմնել ու այն անվանել Life is Good («Կյանքը հիասքանչ է»): Այն ժամանակ եղբայրները բեռնասայլից բացի ոչինչ չեն ունեցել, իսկ այժմ նրանց ընկերությունը 100 միլիոն դոլար արժողություն ունի, ինչը, հավանաբար, նրանց մոր արժանիքն է։

Ինչպես նշում է AdMe.Ru-ն, եղբայրների մանկությունն անհոգ չի եղել, ու հաճախ ընտանիքը բարդությունների միջով է անցել: Չնայած բոլոր անախորժություններին՝ մայրը շարունակել է հավատալ, որ կյանքը լավ բան է: Ամեն օր ընթրիքի ժամանակ նա իր երեխաներին նույն հարցն է տվել. «Այսօր ի՞նչ լավ բան է տեղի ունեցել/եղել»:

«Մայրիկի խոսքերը շատ պարզ էին հնչում, բայց բառացիորեն փոխում էին սենյակի էներգետիկան: Չհասցնելով հասկանալ` ի՞նչ է տեղի ունենում, մենք սկսում էինք ոգևորվածությամբ պատմել մեր օրվա ամենալավ, ծիծաղաշարժ ու արտառոց իրադարձությունների մասին: Մեր ընտանիքը միշտ առանձնացել է լավատեսությամբ, նույնիսկ երբ վատ վիճակի մեջ ենք եղել»,- պատմել են եղբայրները:

Կայքը գրում է, որ Բերթն ու Ջոնը միշտ հետևել են այս կանոնին ու չեն հանձնվել: Եղբայրները վերնաշապիկների վրա ժպտացող դեմք ու Life is Good գրություն են տեղադրել, ինչի շնորհիվ գրավել են գնորդների ուշադրությունն ու բազմամիլիոնանոց ընկերության տեր դարձել:







