Հոկտեմբերի 28-ին կկայանա «Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի պրեմիերան
«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Նրանք հանդես կգան «Տարբեր» խորագիրը կրող երգով: Երգի հիմքում երկու փոքրիկ երգչուհիների ոճային առանձնահատկություններն ու դրանց շուրջ ծավալվող վեճերն են: Երգը հեղինակել են Նիկ Եգիբյանն ու Ավետ Բարսեղյանը:
«Տարբեր» երգի պրեմիերան տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 28-ին Հանրային Հեռուստաընկերության եթերով:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի կանոնները փոխվել են: Այժմ հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Ինչպես նաև հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Հեռարձակման ժամերի հետ կապված ևս փոփոխություններ կան՝ այժմ եվրատեսիլի երկրպագուները կկարողանան երեկոյան դիտել մրցույթը:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:








