Իմ կերպարի ներսում մշտապես խմորումներ են. Հրանտ Հովսեփյանը՝ «Անկախություն» սերիալում իր կերպարի մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում շուտով կլինի 16 մասից բաղկացած «Անկախություն» հեռուստասերիալը։ Պատմական դրամայի գործողությունները ծավալվում են 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում, որտեղ երկու ընտանիքների բարդ ու դրամատիկ փոխհարաբերությունները միահյուսվում են ժամանակաշրջանի առանցքային իրադարձություններին։
1919թ. Երևանն ու Գյումրին սերիալում դառնում են ընտանեկան գաղտնիքների, սիրո, հարաբերությունների և ճակատագրական շրջադարձերի հարթակներ:

«Անկախություն» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից Հրանտ Հովսեփյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նախագծում իր կերպարի, պատմական ժամանակաշրջան ներկայացնող ֆիլմում աշխատելու դժվարությունների, կերպարի հետ ունեցած ընդհանրությունների մասին:
«Անկախություն» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկն առաջին հերթին Հրանտ Հովսեփյանին հետաքրքրել է սցենարով։ Դերասանի խոսքով՝ հենց սցենարն էր, որ գրավեց իրեն, քանի որ այն յուրահատուկ ու հետաքրքիր էր։

Սերիալում նրա կերպարի հոգում մշտապես խմորումներ են. ներսում անընդհատ ինչ-որ մոնոլոգ է, սակայն կերպարը փորձում է ցույց չտալ այդ ներքին ապրումները։
Կերպարին մարմնավորելու համար Հրանտը նաև ուսումնասիրել է այն ժամանակաշրջանը, որում զարգանում են «Անկախության» իրադարձությունները։ Դերասանի խոսքով՝ ստեղծագործական թիմի համար կարևոր էր ոչ միայն պատմական ժամանակաշրջանը հնարավորինս ճիշտ ներկայացնելը, այլև այնպիսի լեզվական միջավայր ստեղծելը, որը ժամանակակից հեռուստադիտողի համար բնական ու ընկալելի կլիներ։
«Այն ժամանակներում լրիվ ուրիշ կերպ են խոսել մարդիկ, ռուսերեն շատ բառեր են օգտագործել։ Եթե այդ ամենը նույնությամբ անեինք, կդառնար այն ժամանակվա մասին ինչ-որ բան»,- նշեց նա։

Պատմական ժամանակաշրջանի կերպար մարմնավորելու դժվարությունն, ըստ Հրանտի, միաժամանակ և՛ պարզության, և՛ բարդության մեջ է։ Դերասանը հասկանում է՝ ինչ պետք է անի, սակայն ամենադժվարն այդ ամենը ճիշտ ձևով մատուցելն է։
«Դու հասկանում ես, թե ինչ պիտի անես, բայց այնքան բարդ է միաժամանակ, որ ուղղակի չգիտես՝ ոնց դա անես, ինչ ձևով է դա կարելի ավելի գեղեցիկ մատուցել»,- պատմեց նա։
Չնայած կերպարի հետ որոշակի ընդհանրություններ գտնելուն՝ Հրանտը չի նույնացնում իրեն նրա հետ։ Նրանց միջև, իր խոսքով, կան միայն փոքր նմանություններ, օրինակ՝ երկուսի մեջ էլ որոշակի անկեղծություն կա։

Իսկ եթե հնարավորություն լիներ ժամանակի մեջ տեղափոխվելու և մեկ օրով ապրելու հենց այն ժամանակաշրջանում, որը ներկայացվում է սերիալում, դերասանը չէր հրաժարվի այդ հնարավորությունից։
«Կարծում եմ՝ կգնայի։ Զուտ ուսումնասիրության տեսանկյունից հետաքրքիր կլիներ ամեն դեպքում»,- ասաց Հրանտը։

Իսկ թե ինչն ավելի շատ կտպավորի հեռուստադիտողին «Անկախություն»-ը դիտելուց հետո, դերասանը չի շտապում մեկ կոնկրետ պատասխան տալ։ Նրա խոսքով՝ սերիալի պատմությունն ու հերոսների ճակատագրերը յուրաքանչյուրի համար կարող են տարբեր ազդեցություն ունենալ։
«Սյուժետային գաղտնիքները կբացվեն, բայց ամեն մեկը մի բան կվերցնի հաստատ»,- եզրափակեց Հրանտ Հովսեփյանը։
Հեղինակ ՝ Անի Ավետիսյան








