90-ականների աստղերը՝ մեկ բեմում․ Հայաստանում կայացավ Retro Stars Fest Vol. 1-ը (լուսանկարներ)

15:07 • 21.09.26

Սեպտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ Retro Stars Fest Vol. 1: Disco Legends փառատոնը՝ 90-ականների դիսկո երաժշտությանը նվիրված մեծածավալ միջազգային երաժշտական միջոցառումը։ Փառատոնն անցկացվեց Երևան-Երասխ մայրուղու վրա գտնվող բացօթյա համալիրում՝ մեկ բեմում հավաքելով 90-ականների համաշխարհային դիսկոյի հայտնի անուններին։

Երեկոյի գլխավոր հյուրերն էին Haddaway-ը, Dr. Alban-ը, Mr. President-ը և Boney M.-ի կազմում հանդես եկող Շեյլա Բոնիկը։ Միջազգային աստղերից բացի՝ բեմ բարձրացան նաև հայկական ռետրո երաժշտության ներկայացուցիչներ՝ Գրիշա Աղախանյանը, Լիլիթ Կարապետյանը, Արման Բարդումյանը։ Իր կատարումներով հանդես եկավ նաև երգիչ Simon-ը։

Փառատոնի անցկացման վայրն ամբողջությամբ ձևավորված էր 90-ականների ոճով։ Տարածքում ստեղծվել էին ռետրո ֆոտոգոտիներ, գործում էին սննդի կետեր ու բարեր, իսկ բազմաթիվ այցելուներ միջոցառմանը ներկայացել էին այդ ժամանակաշրջանին համապատասխան հագուստով ու կերպարներով։

Tert.am Life-ի հետ զրույցում փառատոնի գլխավոր կազմակերպիչներից Անդրե Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է ծնվել ռետրո փառատոն անցկացնելու գաղափարը։ Նրա խոսքով՝ նոր նախագիծը ծնվել է հայկական փառատոնային մշակույթի զարգացման ֆոնին։

«Հայաստանը դարձել է փառատոնների երկիր, և դա շատ լավ է։ Բայց նկատեցինք, որ այդ բազմազանության մեջ դեռևս կար մի բաց՝ ռետրո երաժշտությանը նվիրված փառատոն։ Քանի որ ամբողջ աշխարհում ռետրո երաժշտությունը կրկին մեծ հետաքրքրություն է վայելում, որոշեցինք լրացնել այդ բացը»,- ասել է նա։

Անդրե Սիմոնյանի խոսքով՝ փառատոնի կազմակերպիչները ցանկանում էին  վերադարձնել 90-ականներին բնորոշ ջերմ ու անկեղծ զգացողությունները։

«Մեր նպատակը հենց 90-ականների անկեղծ ու բարի էմոցիաների վրա կենտրոնանալն է։ Իհարկե, այդ տարիներին եղել են նաև դժվար ու ծանր օրեր, բայց երբ հիշում ենք 90-ականները, հաճախ առաջին հերթին հիշում ենք այդ պարզ ու անկեղծ պահերը։ Այն ժամանակ կյանքն ավելի դանդաղ էր, մարդիկ ավելի շատ իրական կյանքով էին զբաղված, ոչ թե սոցիալական ցանցերով կամ արհեստական բանականությամբ»,- նշել է կազմակերպիչը։

Նրա խոսքով՝ արտիստների մասնակցությունն ապահովելու հարցում ամենաբարդը ոչ թե առանձին երաժիշտների հետ կապ հաստատելն էր, այլ չորս միջազգային աստղի ելույթները նույն օրը կազմակերպելը։

Նա նաև առանձնացրել է Boney M.-ի կազմում Հայաստան ժամանած Շեյլա Բոնիկի մասնակցությունը՝ ընդգծելով, որ նա խմբի առաջին կազմի երգչուհիներից է և առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։

Փառատոնի ընթացքում Tert.am Life-ը զրուցել է նաև հայկական ռետրո երաժշտության ներկայացուցիչների հետ։ Նրանց խոսքով՝ 90-ականները իրենց համար առաջին հերթին ջերմ հիշողությունների, պարզության ու անկեղծության տարիներ են։

Լիլիթ Կարապետյանի խոսքով՝ այդ տարիներից մնացած ամենաթանկ հիշողությունները կապված են մարդկանց պարզության և մաքրության հետ։

«90-ականներից բազմաթիվ հիշողություններ ունեմ։ Անկախ դժվարություններից՝ կարոտում եմ այդ տարիները։ Այդ ժամանակաշրջանից ամենալավը, որ հիշում եմ, մարդկանց մաքրությունն ու պարզությունն է, այդ քաղցր կյանքը»,- ասել է երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում։

Գրիշա Աղախանյանն էլ նշել է, որ 90-ականների դժվարություններին զուգահեռ այդ տարիներին ստեղծվել են իր համար ամենաթանկ ու հիշարժան բաներից շատերը։

«90-ականներին, որքան էլ դժվար էր, միևնույն է, հենց այդ տարիներին են ծնվել ամենալավ բաներից շատերը։ Այդ ժամանակաշրջանի հետ կապված շատ ջերմ հիշողություններ ունեմ»,- ասել է նա։

Արման Բարդումյանի համար այդ տարիներից ամենաշատը պակասում են մարդկային իրական զգացմունքներն ու մարդկանց միջև եղած միասնությունը։

«Ես ամենից շատ կարոտում եմ մարդկային իրական զգացմունքները, այն միասնությունը, որն այն ժամանակ կար։ Մարդիկ ավելի անմիջական էին, և այդ զգացողությունն այսօր շատ է պակասում»,- նշել է երգիչը։

Գրիշա Աղախանյանն ու Լիլիթ Կարապետյանը փառատոնի ընթացքում կատարեցին իրենց հայտնի երգերը՝ հանդիսատեսին տեղափոխելով 90-ականների երաժշտական մթնոլորտ։ Հայկական արտիստների ելույթները լրացրին միջազգային հյուրերի համերգային ծրագիրը՝ ստեղծելով մեկ ամբողջական ռետրո շոու։

Tert.am Life-ը զրուցել է նաև փառատոնի միջազգային հյուրերի՝ Haddaway-ի, Dr. Alban-ի, Mr. President-ի և Boney M.-ի ներկայացուցիչ Շեյլա Բոնիկի հետ։ Արտիստները նշել են, որ մեծ ուրախությամբ են Հայաստանում և մինչ այդ էլ հետաքրքիր պատմություններ են լսել մեր երկրի մասին։

Dr. Alban-ը նշել է, որ նախկինում արդեն եղել է Հայաստանում և հաճելի հիշողություններ ունի մեր երկրից։

«Այո՛, ես եղել եմ Հայաստանում շատ տարիներ առաջ։ Երբ նախկինում այստեղ էի, ամեն ինչ հիանալի էր, այնպես որ վստահ եմ՝ այսօր էլ այդպես կլինի։ Այստեղ մարդիկ շատ ջերմ են»,- ասել է նա։

Mr. President-ը ևս խոսել է Հայաստանի ջերմ մթնոլորտի մասին՝ առանձնացնելով նաև հայկական խոհանոցը։

«Հայաստանում յուրահատուկ ջերմություն կա։ Մարդիկ այստեղ շատ ջերմ են։ Բացի դրանից՝ անհնար է անտարբեր մնալ հայկական խոհանոցի նկատմամբ»,- նշել է արտիստը։

Boney M.-ի երգչուհի Շեյլա Բոնիկը պատմել է, որ սա Հայաստան իր առաջին այցը չէ։

«Հինգերորդ անգամն է, որ Հայաստանում եմ։ Բայց հիանալի է կրկին վերադառնալը, ես իսկապես սիրում եմ Հայաստանը։ Ինձ այստեղ հատկապես դուր են գալիս ջերմ ընդունելությունը, բարությունն ու հանդուրժողականությունը, մարդկանց ընդունող վերաբերմունքը»,- ասել է նա։

Haddaway-ն էլ նշել է, որ իրեն հիանալի է զգում Հայաստանում և սպասում է երեկոյի լավ ընթացքին։

Ռետրո երեկոյի առանձնահատուկ պահերից մեկը դարձավ միջազգային աստղերի համատեղ ելույթը․ նույն բեմում համատեղ կատարումով հանդես եկան Mr. President-ն ու Haddaway-ը՝ արժանանալով հանդիսատեսի ակտիվ արձագանքին։

Retro Stars Fest Vol. 1-ը մեկ երեկոյի ընթացքում միավորեց 90-ականների միջազգային և հայկական երաժշտական հիշողությունները՝ վերականգնելով ոչ միայն այդ տարիների հայտնի հիթերը, այլև ժամանակաշրջանին բնորոշ գույները, ոճն ու տրամադրությունը։