Միհրան Ծառուկյանը տոնում է 39-րդ տարեդարձը․ երգիչը՝ ընկերների անակնկալի, ընտանիքի ու իր լսարանի մասին

17:39 • 22.09.26

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Միհրան Ծառուկյանը նշում է ծննդյան 39-րդ տարեդարձը։

Միհրանի մեծ մուտքը բեմ սկսվեց «Հայ Սուպերսթար» նախագծից։ Երիտասարդ, համակրելի և տաղանդավոր տղան միանգամից գրավեց հազարավոր հանդիսատեսների սրտերը, հասավ մինչև եզրափակիչ փուլ և դարձավ նախագծի ամենաքննարկվող ու սիրված մասնակիցներից մեկը։

Տարիների ընթացքում Միհրան Ծառուկյանը շարունակեց իր ստեղծագործական ճանապարհը՝ ներկայանալով որպես երգիչ, դերասան և հաղորդավար։ 

39-ամյակի առիթով Tert.am Life-ը զրուցել է արտիստի հետ՝ անցած ճանապարհի, կարևոր ձեռքբերումների, ընտանիքի, և երկրպագուների մասին։

39 տարվա ճանապարհին հետ նայելիս Միհրանը առանձնացնում է ոչ միայն մասնագիտական ձեռքբերումները, այլև իր կյանքի ամենակարևոր մարդկանց։

«Իմ ամենակարևոր ձեռքբերումների մասին կցանկանամ խոսել։ Ամենակարևորը իմ հանդիսատեսն է, որ ձեռք եմ բերել և իհարկե իմ ընտանիքը։ Ամեն մարդու համար, կարծում եմ, ընտանիքը ամեն ինչից վեր է։ Մի խոսքով, այս 39 տարիներն այսպես են անցել»,– ասաց նա։

Եթե հնարավորություն ունենար հանդիպելու 20-ամյա Միհրանին, որը նոր էր սկսում իր ճանապարհը «Հայ Սուպերսթար»-ում, արտիստը նրան առաջին հերթին հաջողություն կմաղթեր։

«Հետ եմ նայում 20 տարեկան Միհրանին, «Հայ Սուպերսթարի» տարիներին, և կարծում եմ՝  անկախ ամեն ինչից՝ իր դժվարություններով և փորձություններով հանդերձ, գնացել է առաջ։ Իհարկե, սխալներ եղել են, բայց դրանք այդքան ճակատագրական չեն։ Ինքս իմ ուժերով, իմ տաղանդով և շնորհքով հասել եմ այս ամենին։ Հաջողություն կմաղթեի և կասեի, որ այսքան տարիների ընթացքում այնպիսի սխալ չեմ գործել, որն աններելի լիներ»,– պատմեց Միհրանը։

Արտիստի կյանքում կարևոր փոփոխություն էր ընտանիք կազմելը։ Նրա խոսքով՝ ամուսնությունից հետո փոխվել է նաև կարևոր օրերի, այդ թվում՝ ծննդյան տարեդարձի ընկալումը։

«Մինչև ամուսնանալը նույնպես ընտանիքիս և ընկերներիս հետ էի նշում ծննդյանս օրը, բայց ամուսնությունից հետո սկսում ես այլ կերպ կարևորել նմանատիպ օրերը։ Ցանկանում ես, որ կյանքի կարևոր պահերն առաջին հերթին ընտանիքիդ հետ անցկացնես։ Երբ երեխաս առաջինը գալիս է, գրկում, փաթաթվում ու շնորհավորում, դա ինձ համար աշխարհի ամենամեծ երջանկությունն է։ Ինձ համար շատ կարևոր է, որ կինս, ընտանիքս կողքիս լինեն, և միասին նշենք այդ օրը։ Տարիներն անցնում են, և քո մեջ շատ բան է փոխվում։ Ես փոքր-ինչ ուրիշ եմ դարձել, ամուսնությունից հետո դեպի ավելի ընտանիք եմ ձգտում, ինչի համար շատ ուրախ եմ»,– նշեց նա։

Միհրանը չի վախենում մեծանալուց և կարծում է՝ երիտասարդ սերնդին պետք է հնարավորություն տալ առաջ գալու։

«Չեմ վախենում մեծանալուց։ Դա բնական երևույթ է։ Նորմալ է, որ դու մեծանում ես, գալիս են երիտասարդները, և բնականաբար պետք է նրանց տեղ տալ, փորձել օգնել։ Վախենալ պետք չէ դրանից։ Պետք է պարզապես փորձել լավը փոխանցել։ Չպետք է վախենաս, որ տաղանդավոր երիտասարդներից մեկը կգա և քեզ կփոխարինի։ Մեկ է՝ դա լինելու է, ինչ ուզում ես արա։ Դու պետք է  փորձես օգնել նրանց»,– ասաց նա։

Միհրանն այդ գաղափարը փորձում է կյանքի կոչել նաև իր գործունեությամբ։ Նա «Mihran Arpi Studio»-ում աշխատում է երեխաների և երիտասարդների հետ՝ օգնելով նրանց զարգանալ և սեփական ճանապարհը գտնել։

«Մենք հիմա ունենք «Mihran Arpi Studio» դպրոցը։ Երեխաները շատ են։ Նրանցից, չգիտեմ, 4-ը, 5-ը կամ 2-ը կարող են հետագայում շատ ճանաչված և հայտնի մարդիկ դառնալ, բայց մենք բոլորին փորձում ենք օգնել, բոլորի համար ճանապարհ հարթել։ Բոլորի համար մտահոգվում ենք, մտածում ենք։ Երևի դրանից էլ է գալիս, որ այս դպրոցն ունեմ, և դրանով այլ ձև եմ մտածում»,– պատմեց արտիստը։

Միհրանի համոզմամբ՝ երիտասարդ մնալը միայն արտաքին տեսքի հետ կապ չունի։ Կարևոր է պահպանել երիտասարդությունը հոգում։

«Երեկ գիշեր ընկերներով հավաքվել էինք, մեծանալու մասին էինք խոսում։ Կարծում եմ՝ մարդը երբեք չի մեծանում, եթե հոգով չի մեծանում։ Եթե հոգով չմեծանաս, միշտ երիտասարդ կմնաս։ Երիտասարդների հետ շփվելիս պետք է փորձես այդ երիտասարդությունը պահպանել հոգում»,– ասաց նա։

Ծննդյան 39-րդ տարեդարձի առանձնահատուկ նվերը, Միհրանի խոսքով, ընկերների անակնկալն էր։

«Նյութական նվերների մասին չխոսեմ։ Ամենալավ նվերն այն էր, որ ընկերներս եկան ու անակնկալ արեցին։ 00:00-ից հետո բոլորս միասին հավաքված էինք։ Մինչ այդ ես ու կինս նստած էինք, հետո՝ 00:00-ին, ընկերներս բոլորը եկան, շնորհավորեցին, ուրախացրին։ Շատ գեղեցիկ րոպեներ էին»,– պատմեց նա։

Տարիների ընթացքում Միհրանի կողքին է եղել նաև նրա լսարանը, որը նա համարում է իր ստեղծագործական ճանապարհի կարևորագույն ուժերից մեկը։

«Առաջին հերթին ցանկանում եմ իմ լսարանին շնորհակալություն հայտնել, որ այսքան տարի միասին այսքան ճանապարհ ենք անցնում։ Շնորհակալ եմ, որ նրանք իմ հետ են։ Նրանք ինձ ուժ են տալիս, ոգեշնչում են, որ փորձեմ ստեղծագործել և շարունակել իմ կարիերան։ Դա միմիայն նրանց շնորհիվ է։ Նրանց սերն է քեզ ոգեշնչում և ոգևորում, որ դու ավելի շատ  փորձես լավ բաներ անել, ստեղծագործել»,– եզրափակեց Միհրան Ծառուկյանը։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան