Dr. Alban-ը՝ «It’s My Life»-ի ստեղծման պատմության, 90-ականների երաժշտության և Հայաստան այցի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

15:40 • 21.09.26

90-ականների դիսկո երաժշտության ամենահայտնի անուններից մեկը՝ Dr. Alban-ը, Հայաստանում էր՝ մասնակցելու Retro Stars Fest Vol. 1: Disco Legends փառատոնին։ Մինչ բեմ բարձրանալը զրուցել ենք երգչի հետ՝ 90-ականների երաժշտության վերադարձի, «It’s My Life» հիթի ստեղծման պատմության, այսօրվա երաժշտության և Հայաստան կատարած այցի մասին։

Tert.am Life-ի հարցին ի պատասխան՝ Dr. Alban-ը պատմեց, որ Հայաստանում նախկինում ևս եղել է՝ շատ տարիներ առաջ, և այս այցից ևս լավ սպասելիքներ ունի։

 «Երբ նախկինում այստեղ էի, ամեն ինչ հիանալի էր, այնպես որ կարծում եմ՝ այսօր էլ հիանալի է լինելու»,– ասաց նա։   Երգիչը նշեց, որ Երևան ժամանել էր նախորդ օրը, իսկ հաջորդ օրը նախատեսում էր մեկնել։

Հարցին՝ ինչ է իր հետ տանելու Հայաստանից, պատասխանեց, որ վերջնական պատասխանը կարող է տալ համերգից հետո, սակայն արդեն իսկ լավ տպավորություններ ունի։   «Կարծում եմ՝ ինձ հետ Ստոկհոլմ շատ լավ տպավորություններ ու մթնոլորտ եմ տանելու»,– ասաց նա։  

Dr. Alban-ի խոսքով՝ 90-ականների երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս պահպանվում է, քանի որ մարդիկ շարունակում են վերապրել այդ ժամանակաշրջանը։   «Կարծում եմ՝ 90-ականները մարդիկ շատ են վերապրում։ Գուցե դրա պատճառը ռիթմն է, մեղեդին և, իհարկե, ինձ նման կատարողները»,– նշեց երգիչը։

Նա անդրադարձավ նաև այսօրվա երաժշտությանը՝ նկատելով, որ այժմ արհեստական բանականությունն արդեն մեծ դեր ունի երաժշտության ստեղծման գործընթացում։   «Այսօր արհեստական բանականությամբ ստեղծված շատ բան կա, բայց ես դա չէի անի»,– ասաց նա։

  Tert.am Life-ի հարցին ի պատասխան՝ երգիչը նշեց, որ ծանոթ է հայկական երաժշտությանը և սոցիալական ցանցերի միջոցով որոշ չափով լսել է այն։

«Լսել եմ հայկական մշակութային երաժշտություն։ Սոցիալական ցանցերում լինելով՝ դրանից չես կարող խուսափել»,– ասաց նա։

Խոսելով իր ամենահայտնի՝ «It’s My Life» երգի մասին՝ Dr. Alban-ը բացատրեց, թե ինչ գաղափարից է այն ծնվել։  

«Դա երգ է, որը գրել եմ, և կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն նույնացնել դրա հետ։ Կյանքում միշտ էլ լինում են մարդիկ՝ ընտանիքի անդամներ, հարազատներ, ովքեր փորձում են մեզ ասել՝ ինչպես ապրել, ինչ անել՝ արա սա, արա այն։ Բայց երբ մեծահասակ ես, պետք է ինքդ որոշես՝ ինչպես ապրել։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կյանքը վարելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Հենց այդ գաղափարից էլ ծնվեց երգը»,– պատմեց նա։

  Dr. Alban-ը կարևորում է նաև 90-ականների երաժշտության վերադարձը՝ ընդգծելով, որ այդ երգերով մի ամբողջ սերունդ է մեծացել։   «Կարծում եմ՝ այն մարդկանց մեծ մասը, ովքեր այսօր լսում են այդ երաժշտությունը, ունեն ծնողներ, որոնք մեծացել են դրա ներքո։ Այդ երաժշտությունը հնչել է տներում, և երեխաներն էլ են դրանով մեծացել։ Ռիթմերն ու մեղեդիները ֆանտաստիկ էին։ Իսկ այսօր ամեն ինչ կարծես արհեստական բանականության հետ է կապված։ Երգ ես լսում՝ AI է։ Ուղղակի խենթություն է։ Դրա համար էլ կարծում եմ՝ 90-ականների երաժշտության վերադարձը շատ կարևոր է»,– ասաց երգիչը։

  Հարցին՝ արդյոք իրեն համարում է 90-ականների ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ, Dr. Alban-ը կատակեց․  «Կուզեի լինել։ Ես դրանցից մեկն եմ, ամեն դեպքում»։  

Նա չցանկացավ 90-ականների գլխավոր արտիստ առանձնացնել՝ նշելով, որ այդ շրջանը բազմաթիվ հայտնի անուններ ու հիթեր է տվել։   «Չեմ կարծում, որ կարող ես մեկ անուն առանձնացնել։ Օրինակ՝ Haddaway-ն ունի «What Is Love»-ը, և դժվար է մեկին ընտրել ու մյուսին թողնել։»,– ասաց նա։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան