«Լա Լա Լենդը»՝ Պարոնյանի բեմում․ Մարիամ Շահինյանը՝ իր կերպարի ու ներկայացման մասին (լուսանկարներ)

14:41 • 23.09.26

2016 թվականին էկրան բարձրացած ամերիկյան «Լա Լա Լենդ» ֆիլմի պատմությունը տարիներ անց տեղափոխվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ:

«Նկարում ենք Լա Լա Լենդը» ներկայացման առանձնահատկությունն այն է, որ հանդիսատեսը ոչ միայն հետևում է սիրո և երազանքի հայտնի պատմությանը, այլև կարծես հայտնվում է դրա ստեղծման ընթացքի մեջ․ բեմը վերածվում է նկարահանման հրապարակի, իսկ դերասանները միաժամանակ խաղում են և՛ հանդիսատեսի, և՛ տեսախցիկի համար։

Պատմության կենտրոնում Միան ու Սեբաստիանն են՝ երկու երազող, որոնք փորձում են իրենց տեղը գտնել արվեստի ու սիրո աշխարհում։ Միայի կերպարը մարմնավորում է դերասանուհի, երգերի հեղինակ և երաժշտական ստեղծագործող Մարիամ Շահինյանը, որն այս ներկայացման ստեղծման մեջ ներգրավված է նաև որպես նոր երգերի և ադապտացիայի հեղինակ։ 

Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ՝ ներկայացման, իր կերպարի, փորձերի ընթացքի և «Լա Լա Լենդ»-ի մասին։ 

Մարիամի համար այս նախագիծը պարզապես հերթական դեր կամ ներկայացում չէ։ «Լա Լա Լենդ»-ը նրա կյանքում վաղուց հատուկ տեղ ունի, և հենց այդ պատճառով ֆիլմի պատմության առանցքում հայտնվելը նրա համար սկզբում գրեթե անիրական է թվացել։

«Ֆիլմը պարզապես ֆիլմ չէ, որը ես շատ եմ սիրում։ Այն իմ կյանքի որոշակի փուլերում ինձ հետ է եղել, և նույնիսկ նրա առանձին դրվագներով առաջնորդվելով՝ կյանքի որոշումներ եմ կայացրել։ Հետևաբար, երբ հասկացա, որ մի օր պետք է հենց այդ պատմության ներսում հայտնվեմ, նույնիսկ չէի կարողանում լիարժեք հավատալ, որ դա իրականություն է դառնալու»,- պատմեց դերասանուհին։

Նրա խոսքով՝ նույնիսկ փորձերի առաջին ամիսներին այդ զգացողությունը չէր անցնում։ Երկու ամիս շարունակ նա եկել է փորձերի, աշխատել ու ապրել այդ պատմության մեջ, սակայն դեռ չէր պատկերացնում այն պահը, երբ վարագույրը կբացվի, և «Լա Լա Լենդը» բեմում իրականություն կդառնա։

«Հիմա, երբ պրեմիերան արդեն շատ մոտ է, այդ զգացողությունը փոխվել է։ Հիմա արդեն հասկանում եմ՝ սա իրական է։ Եվ ոչ միայն իրական է, այլև շատ մեծ ու շատ հրաշալի իրականություն է»,- ասաց նա։

«Նկարում ենք Լա Լա Լենդը» բեմում դերասանները հայտնվելու են նկարահանման հրապարակում, իսկ տեսախցիկը դառնալու է ներկայացման կենդանի մասնակիցը։ Այս մոտեցումը փոխում է նաև դերասանի աշխատանքի տրամաբանությունը․ նա պետք է միաժամանակ հաշվի առնի դահլիճում նստած հանդիսատեսի և տեսախցիկի ներկայությունը։

«Այստեղ մենք ունենալու ենք միանգամայն նոր մշակույթ․ դու խաղում ես ոչ միայն դահլիճի, այլև տեսախցիկի համար, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում բեմում, նկարահանվում է հենց այդ պահին։ Այսինքն՝ արտիստը պետք է միաժամանակ աշխատի և՛ հանդիսատեսի, և՛ տեսախցիկի համար»,- ներկայացման առանձնահատկությունն է նկարագրում Մարիամը։

Մարիամի մասնակցությունը նախագծին չի սահմանափակվում դերակատարմամբ։ Ներկայացման համար նա գրել է երկու նոր ստեղծագործություն՝ փորձելով պահպանել ֆիլմի երաժշտական տրամադրությունն ու տրամաբանությունը:

«Փորձել եմ փոխանցել նաև հրաշալի կոմպոզիտոր Ջասթին Հուրվիցի երաժշտական մթնոլորտը։ Բացի այդ, երգերը հայերեն եմ ադապտացրել և թարգմանել»,- պատմում է նա։

Երգերի նկատմամբ իր վերաբերմունքի մասին խոսելիս Մարիամը նշում է, որ սովորաբար բավական խիստ է սեփական ստեղծագործությունների գնահատման հարցում։

«Ես բավականին քննադատական ականջ ունեմ, և հազվադեպ է լինում, որ ինչ-որ բան հավանեմ, հատկապես՝ իմ սեփական ստեղծագործություններից։ Բայց այստեղ կարծես ամեն ինչ իր տեղում է, և արդեն իսկ ինձ շատ է դուր գալիս այն, ինչ ստացվում է»,- ասում է դերասանուհին։

Մարիամը չի թաքցնում՝ ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարն իրեն վաղուց է սիրելի։ Էմմա Սթոնի Միան, նրա խոսքով, այն կերպարներից է, որոնց հետ համեմատվելը հեշտ չէ։ Սակայն թատերական տարբերակում նա չի փորձում կրկնել դերասանուհու ստեղծած կերպարը։

Իր կերպարի մեջ Մարիամին ամենից շատ գրավում է սիրելու կարողությունը։

«Միայի կերպարի մեջ ինձ ամենից շատ գրավում է նրա սիրելու կարողությունը։ Նա սիրում է և՛ Սեբաստիանին, և՛ իր գործը, և ամեն ինչ անում է մեծ նվիրումով։ Ամեն դեպքում, երբ որոշում է կայացնում, առաջնորդվում է սիրով»,- նշում է դերասանուհին։ 

Ներկայացման պրեմիերան կկայանա հոկտեմբերի 3-ին։ Բեմադրող ռեժիսորը Լիլի Էլբակյանն է, գլխավոր դերերում՝ Ներսես Ավետիսյանն ու Մարիամ Շահինյանը։  

 

Հեղինակ՝ Անի Ավետիսյան