Շեյլա Բոնիկը՝ Հայաստան այցի, Boney M.-ի երաժշտության և նոր ծրագրերի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

17:12 • 21.09.26

Boney M.-ի կազմում հանդես եկող Շեյլա Բոնիկը Հայաստանում էր՝ մասնակցելու Retro Stars Fest Vol. 1: Disco Legends փառատոնին։ Երգչուհին Հայաստանից ջերմ հիշողություններ ունի և այս այցի ընթացքում ևս հասցրել էր վայելել հայաստանյան ընդունելությունն ու խոհանոցը։

 

«Հիացած եմ։ Սա, կարծես, իմ հինգերորդ այցն է Հայաստան։ Մոտավորապես հինգերորդ անգամն է, և հիանալի է կրկին վերադառնալը։ Ես իսկապես սիրում եմ Հայաստանը»,– ասաց Շեյլա Բոնիկը։

Հայաստանից իր ամենաջերմ հուշերը նա կապեց մարդկանց վերաբերմունքի, բարության և ընդունելության հետ։ Շեյլա Բոնիկի խոսքով՝ Boney M.-ի երաժշտության երկարակեցության գաղտնիքներից մեկն այն է, որ Ֆրանկ Ֆարիանի ստեղծած երգերը կարողացել են հարազատ լինել տարբեր մարդկանց՝ անկախ նրանց տարիքից, դավանանքից, ռասայից կամ նախասիրություններից։

«Կարծում եմ՝ Boney M.-ն այն խմբերից է, որը կարողացել է ստեղծել երգեր, որոնք հարազատ են աշխարհի տարբեր մարդկանց։ Եվ դրա համար միայն խմբին չէ, որ պետք է շնորհակալություն հայտնել, այլ Ֆրանկ Ֆարիանիին։ Նա այնքան խելացի էր, որ ստեղծեց երգեր, որոնք կարող էին հարազատ լինել յուրաքանչյուր մարդու՝ անկախ տարիքից, դավանանքից, ռասայից կամ նախասիրություններից։ Անկախ նրանից՝ ով եք դուք, բոլորը կարող են երգել Boney M.-ի երգերը և լիովին վայելել դրանք։ Երբ լսում ես այս երգերը, պարզապես երջանիկ ես զգում, ուզում ես ցատկել, պարել ու սեր տարածել։ Կարծում եմ՝ դա իսկապես շատ կարևոր է աշխարհի համար»,– պատմեց նա։

Նրա խոսքով՝ Boney M.-ի երգերը տարիներ անց էլ նույն ուրախությունն են փոխանցում թե՛ խմբի անդամներին, թե՛ հանդիսատեսին։ Շեյլա Բոնիկը կարծում է, որ երաժշտության մեջ, ինչպես շատ այլ ոլորտներում, ամեն ինչ պտտվում և վերադառնում է։

Խոսելով իր հետագա ծրագրերի մասին՝ Շեյլա Բոնիկը պատմեց, որ աշխատում է իր թիմի հետ և զբաղվում է ինչպես նոր երգերի ստեղծմամբ, այնպես էլ նախկին աշխատանքների նոր տարբերակներով։

Բեմ բարձրանալուց առաջ երգչուհին խոստովանեց, որ իրեն նախ պետք էր մի փոքր մարսել  Հայաստանի հյուրասիրությունը։

«Զգում եմ, որ շատ եմ կերել։ Դուք այնքան առատաձեռն եք։ Իսկապես կշտացել եմ։ Բայց ժամանակ ունենք․ բեմի հետևում մի փոքր մարզանք կանեմ, որպեսզի մարսեմ ուտելիքը»,– ասաց Շեյլա Բոնիկը։

Tert.am Life-ի հարցին՝ 70-ականներին և 80-ականներին երաժշտական ինդուստրիայում տղամարդիկ էին գերիշխում, իսկ կին արտիստ լինելը մեծ մարտահրավեր էր․ ինչպե՞ս է կարողացել պահպանել իր ինքնությունը, մնալ ուժեղ և հասնել նրան, որ իրեն հարգեն ու լսեն, Շեյլա Բոնիկը պատասխանեց, որ այդ ճանապարհը հեշտ չի եղել։

«Դժվարությամբ։ Դա միայն անհատը չէ․ մենք ունենք թիմեր, մարդիկ, որոնք օգնում են այդ ամենում՝ կառուցվածքի և կառավարման հարցերում։ Բայց դա պայքար էր, հեշտ չէր։ Սակայն քեզ շրջապատող ճիշտ մարդկանց օգնությամբ և հանդիսատեսի ընդունելությամբ, որը դեռ գնահատում է քեզ, երկար ճանապարհ ես անցնում։ Երկրպագուները շատ կարևոր են։ Առանց երկրպագուների ոչ մի խումբ ոչինչ չէր լինի։ Այնպես որ, պետք է շնորհակալություն հայտնել ձեզ նման մարդկանց և բոլոր նրանց, ովքեր աջակցել են Boney M.-ի երաժշտությանը։ Դա ձեր շնորհիվ է»,– ասաց նա։

Tert.am Life-ի հարցին՝ ինչպես է կարողացել փառքի գագաթնակետին պահպանել իր իրական տեսակը, Շեյլա Բոնիկը դա կապեց իր դաստիարակության և հոգևոր արժեքների հետ։

«Ես շատ հոգևոր մարդ եմ և դաստիարակվել եմ այնպես, որ ինձ առանձնահատուկ մեկը չզգամ։ Անձամբ ես երբեք չեմ հավատացել այդ աղմուկին։ Հիանալի է, որ կան մարդիկ, որոնք ողջունում և գնահատում են մեր շոուն, բայց դա չի պտտեցնում գլուխս, որովհետև գիտեմ՝ դա երաժշտությունն է։ Չեմ կարող ասել, որ դա ես եմ, դա երաժշտությունն է։Դա պարզապես դաստիարակություն է և իրատես լինելը։

Այն պահից, երբ սկսում ես քեզ չափազանց մեծ զգալ, հենց այդտեղից սկսվում են խնդիրները՝ հուզական և մտավոր։ Մենք բոլորս մարդիկ ենք, ոչ ոք մյուսից լավը չէ։ Ոմանք գուցե մի փոքր ավելի հաջողակ կամ տաղանդավոր են, բայց ի վերջո բոլորս նույնն ենք, և պետք է դա հիշել։ Դա պահպանում է հավասարակշռությունը։ Ես չեմ շփվում միայն շոու-բիզնեսի մարդկանց հետ։ Ունեմ ամենատարբեր ընկերներ՝ պրոֆեսորներ, ուսուցիչներ, մտավորականներ, խանութպաններ։ Կարծում եմ՝ դա գետնին ամուր կանգնած մնալու լավագույն ձևն է»,– պատմեց նա։

Իսկ Boney M.-ի երաժշտությունը երեք բառով նկարագրելիս Շեյլա Բոնիկն առանձնացրեց ուրախությունը, անհոգությունն ու հաջողությունը։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան