Երեք տարի է՝ ամուսնացած եմ, կյանքս 180 աստիճանով փոխվել է. Անի Թովմասյանը՝ ամուսնու հետ ծանոթության և Հայաստան վերադառնալու պատճառի մասին
Հոկտեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ)։ Վերջին անգամ նա Հայաստանում եղել է մոտ երեք տարի առաջ։ Այդ ընթացքում նրա կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել․ Անի Թովմասյանը ընտանիք է կազմել, ամուսնացել և նոր փուլ սկսել։
Երգչուհին տարիներ շարունակ բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ շարունակում է ստեղծագործական գործունեությունը։ Սակայն, ինչպես ինքն է ասում, հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել։
Առաջիկա մենահամերգի, ամուսնության, ամուսնու հետ ծանոթության, ընտանիքի և վերջին տարիների փոփոխությունների մասին Անի Թովմասյանը զրույց է ունեցել Tert.am Life-ի հետ։

Վերջին անգամ Հայաստանում լինելուց հետո Անիի կյանքում ամենամեծ փոփոխությունը ընտանիք կազմելն է։
«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ մոտ երեք տարի առաջ։ Այդ այցից հետո ընտանիք եմ կազմել․ արդեն երեք տարի է՝ ամուսնացած եմ։ Ամուսնուս հետ միասին դեռ չենք հասցրել այցելել հայրենիք։ Այս տարի նույնպես չէի պլանավորել գալ, թեև նախկինում գրեթե ամեն տարի, երբեմն էլ՝ տարին երկու անգամ, գալիս էի Հայաստան։ Քանի որ մայրս էլ է Միացյալ Նահանգներում բնակվում, մենակության զգացումն այդքան ուժեղ չէր։ Բացի այդ, ամուսնական կյանքն ունի իր հետաքրքրություններն ու պատասխանատվությունները։ Միացյալ Նահանգներում կյանքի ռիթմն այնքան արագ է, որ երբեմն նույնիսկ տարիներով չես հասցնում երկրից դուրս գալ։ Բայց մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ մենահամերգի առաջարկ ստանալ և հրավեր ունենալ Հայաստան գալու համար։ Երբ ստացա հրավերը, շատ ուրախացա և սիրով համաձայնեցի։ Նախկինում Հայաստանում ելույթներ ունեցել եմ ակումբներում ու ռեստորաններում, բայց մեծ բեմում՝ մենահամերգով և մեծաթիվ հանդիսատեսի առաջ, հանդես գալու հնարավորություն դեռ չէի ունեցել»։
Անին խոստովանում է, որ մենահամերգի հրավերն իր համար անսպասելի էր։
«Երևի ժողովուրդը կարոտել է։ Հետևում եմ հայրենիքի անցուդարձին և տեսնում, որ մշակութային ակտիվություն կա։ Կարծում եմ՝ երկար տխրելուց հետո մեր ժողովուրդը ցանկանում է մի փոքր ուրախանալ, թուլանալ։ Հույս ունեմ՝ այս ամենը կշարունակվի, և ես միշտ ուրախ կտեսնեմ իմ հայ ժողովրդին։ Երեք տարվա դադարից հետո շատ հուզված եմ։ Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կանցնի, և նրանք, ովքեր սիրում են իմ հին երգերը, ինչպես նաև իմ նոր, կգան ու միասին լավ ժամանակ կանցկացնենք»։
Այս այցն Անիի համար առանձնահատուկ է նաև մեկ այլ պատճառով։ Այս անգամ ամուսնու հետ Հայաստան չի գալիս, բայց առաջին անգամ հանդիպելու է նրա ընտանիքին։
«Ցավոք, ամուսինս ինձ հետ չի գալու։ Հույս ունեմ՝ հաջորդ անգամ միասին կգանք հայրենիք։ Առաջին անգամ հանդիպելու եմ նրա ընտանիքին։ Մենք հեռակա կարգով շատ հաճախ ենք շփվում, խոսում ենք, բայց անձամբ դեռ չէի հանդիպել նրանց։ Շատ ոգևորված եմ։ Իրենց հետ արդեն տեսակապով շփվել եմ և կարող եմ ասել, որ ամուսնուս մայրիկը շատ բարի է։ Նա ինձ վերաբերվում է այնպես, կարծես իր աղջիկը լինեմ։ Մեր միջև շատ սեր ու հարգանք կա։ Հիմա պարզապես այդ ամենը պետք է նաև իրական կյանքում զգալ՝ միասին ժամանակ անցկացնել, ավելի լավ ճանաչել միմյանց։ Շատ անհամբեր եմ»։

Անին չի թաքցնում՝ ընտանիք կազմելը երկար տարիներ եղել է իր ցանկությունը։ Նրա խոսքով՝ արտիստի կյանքն ու կարիերան հաճախ դժվարացնում են անձնական կյանքը դասավորելը։
«Ես միշտ ցանկացել եմ ընտանիք ունենալ: Շատ ուշ տարիքում ամուսնացա և երկար ժամանակ աղոթում էի, որ ընտանիք կազմեմ, երեխա ունենամ։ Հասկանում էի, որ արտիստի կյանքը շատ է խանգարում անձնական կյանքը դասավորելուն։ Հատկապես հայկական հասարակության մեջ դա մի փոքր ավելի բարդ է, երբ արտիստ ես, այլ կյանքով ես ապրում, կարիերան զբաղեցնում է ամբողջ ժամանակդ։ Մոտ երեք տարի առաջ վերադարձա Հայ Առաքելական եկեղեցի, և այդ ընթացքում արժեքներս շատ փոխվեցին։ Սկսեցի ավելի խորությամբ ճանաչել Առաքելական եկեղեցու ուսմունքը, հաճախել պատարագների և ամեն օր աղոթել, որ Աստված ինձ արժանացնի ընտանիք ունենալու օրհնությանը։ Ես ընտանիքը Աստծո կողմից տրված նվեր եմ համարում։ Շատ հետաքրքիր էր, որ աղոթքիս պատասխանը բավական արագ ստացա։ Ես շատ էի ուզում, որ ապագա ամուսինս նույնպես հավատքով մարդ լինի, Առաքելական Եկեղեցու հավատավոր։ Ինձ համար դա առաջնային էր։ Եվ փաստորեն հանդիպեցի այդ մարդուն։ Մենք ամուսնացանք և եկեղեցով պսակվեցինք։ Ես արդեն խորությամբ հասկանում էի, թե ինչ է ամուսնությունը։ Ինձ համար դա պարզապես երկու մարդու կապ չէ։ Ամուսնությունը երեքի սուրբ խորհուրդ է՝ կին, տղամարդ և Աստված։ Ես այդ քայլին շատ գիտակցված էի մոտեցել»։
Ամուսնությունից հետո Անիի համար փոխվել է նաև առօրյան: Նա խոստովանում է՝ միայնակ ապրելու տարիներին սովորել էր ամեն ինչ ինքնուրույն անել, իսկ ընտանիքում պետք էր սովորել կիսվել և զիջել։
«Ես երկար ժամանակ մենակ էի ապրում և ամեն ինչ ինքնուրույն էի անում։ Որոշ առումով դա եսակենտրոն կյանք է, որովհետև ամեն ինչ անում ես քեզ համար։ Ընտանիքում արդեն կիսվում ես դիմացինիդ հետ, և սկզբում դա մի փոքր դժվար էր։ Ես սովոր էի ամեն ինչ ինքս անել, իսկ հիմա հասկանում ես, որ կողքիդ մարդ կա, որի հետ պետք է հաշվի նստես, լինես ավելի խոնարհ ու զիջող։ Երբ հասուն տարիքում ես ամուսնանում, արդեն ձևավորված բնավորության գծեր ունես, և դրանց վրա պետք է աշխատես, որպեսզի դրանք չխանգարեն ամուսնական կյանքին։
Այդ հարցում ինձ շատ է օգնում Աստվածաշունչը, կարող եմ ասել՝ կյանքս 180 աստիճանով փոխվել է»։
Անին առաջին անգամ մանրամասներ է պատմել նաև ամուսնու հետ ծանոթության մասին։
«Ամուսինս հանրային մարդ չէ և ընդհանրապես չի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Սոցցանցերում նրա լուսանկարները գրեթե չկան, և ես հարգում եմ նրա որոշումը։ Կարող եմ ասել միայն, որ Երևանում է ծնվել ու մեծացել, իսկ ծանոթացել ենք Միացյալ Նահանգներում։ Մեր առաջին խոսակցությունը իմ կատվի մասին է եղել: Այդ կատուն երկար տարիներ իմ ընկերն է եղել, հատկապես այն ժամանակ, երբ մենակ էի ապրում ԱՄՆ-ում։ Հետո հավատքը դարձավ մեզ շատ մոտեցնող կարևոր հանգամանք։ Սկսեցինք խոսել մեր արժեքների մասին և հասկացանք, որ շատ հարցերում նման կերպ ենք մտածում՝ սկսած հայրենիքից մինչև տղամարդու և կնոջ հարաբերություններ։
Շատ բարի, հասկացող ու համակրելի ամուսին ունեմ։ Նա նաև շատ լավ երաժշտական ճաշակ ունի, ինչը սկզբում չգիտեի։ Այս երեք տարիների ընթացքում ինձ համար նա դեռ բացահայտվում է։ Ես ունեմ բնավորության դժվար գծեր, բայց նա շատ հանդուրժող մարդ է։ Աստված, երևի, հենց այդպիսի մարդու է ընտրել ինձ համար՝ բարի ու հասկացող»։
Երգչուհին խոստովանում է՝ իր փոփոխությունը նկատել են նաև երկրպագուները։ Նրա խոսքով՝ ոճային փոփոխությունից հետո սկզբում կորցրել էր իր լսարանի մի հատվածին, սակայն դա գիտակցված ընտրություն էր։
«Երբ ոճային փոփոխություն եղավ, ես կտրուկ լսարան կորցրի։ Մարդիկ սովոր էին իմ՝ ավելի բաց կերպարին, հագուստին։ Շոու-բիզնեսում արտաքին տեսքը շատ կարևոր է։ Իմ դեպքում տեսքը գործի կեսն էր, մյուս կեսը՝ երաժշտությունը։ Երբ փակեցի այդ էջը և ոճային փոփոխություն ունեցա, հատկապես երիտասարդ լսարանի մի մասը կորավ։ Երբ արժեքներդ փոխվում են, դու այլ կերպ ես նայում ամեն ինչին։ Առաջ, հնարավոր է, փորձեի արդարացնել իմ սխալ քայլերը, իսկ հիմա արդեն հասկանում եմ, երբ ինչ-որ բան սխալ է։ Ես էլ եմ զգում, որ մարդկանց վերաբերմունքը դարձել է ավելի դրական։ Նրանք, ովքեր հավատացին, որ ես իսկապես փոխվել եմ, սկսեցին ինձ ավելի վստահել ու լսել»։
Հոկտեմբերի 10-ի մենահամերգին Անի Թովմասյանը նախատեսում է ներկայացնել նաև այն երգերը, որոնք տարիներ շարունակ չէր կատարել։
«Իմ հին երգերը վերջին 10-15 տարիների ընթացքում գրեթե չեմ երգել, որովհետև Միացյալ Նահանգներում իմ լսարանը դրանց մեծ մասը չգիտեր։ Երբ տեղափոխվեցի Ամերիկա, սկսեցի նոր գործեր ներկայացնել՝ այն ոճով, որը պահանջում էր այնտեղի լսարանը։
Բայց Հայաստանի հանդիսատեսի համար հիմա պատրաստել եմ իմ հին երգերը։ Առաջին անգամ պետք է դրանք այս ձևաչափով կատարեմ։ Շատ մարդիկ իմ երգերի հետ կապված նոստալգիկ հիշողություններ ունեն։ Նրանք այսօր արդեն մեծացել են, ընտանիքներ ու երեխաներ ունեն, և այդ երգերը նրանց վերադարձնում են երիտասարդության լավ զգացողություններին։
Այո, այն տարիներին ցուրտ էր, մութ էր, դժվար էր, բայց մարդիկ շատ բաներ լավով են հիշում։ Հիշում եմ՝ ինչքան ջերմ էին մարդիկ միմյանց հանդեպ։ Մի թեյնիկ տաք ջուրը կարող էինք 9-րդ հարկ բարձրացնել, որ բոլորս միասին թեյ խմեինք։ Այդ երգերը շատ մարդկանց լավ հիշողությունների են տանում։ Համերգի առաջին հատվածում կկատարեմ իմ հին երգերը, հետո արդեն՝ վերջին տարիների հիթերը, որոնք սիրել է հանդիսատեսը»։
Անիի խոսքով՝ մենահամերգին հնարավոր են նաև անակնկալներ, թեև այս պահին հստակ ծրագիր չկա։
«Շատ դուետներ ունեմ և կցանկանամ, որ այն մարդկանցից ոմանք, ում հետ դուետներ եմ ունեցել, որպես հյուրեր լինեին։ Օրինակ՝ շատ կցանկանայի Տիգրան Ժամկոչյանի հետ մեր դուետը երգել։ Բայց այս պահին հստակ ծրագրված որևէ բան չկա։ Երբեք չես իմանա, գուցե ինչ-որ լավ անակնկալ լինի։ Ես էլ շատ կցանկանամ»,-ասաց Անին:
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան








