Նոյեմբերի 5-ին Ռուբեն Հախվերդյանը «Կտրուկ շրջադարձ»-ով կներկայանա իր երկրպագուներին (լուսանկարներ)

15:59 • 02.11.16

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նոյեմբերի 5-ին տեղի կկայանա Ռուբեն Հախվերդյանի «Կտրուկ շրջադարձ» հեղինակային համերգային ծրագիրը Հայաստանի պետական կամերային նվագախմբի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի և  ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ  Ջաղացպանյանի մասնակցությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ասուլիսի բանախոսները՝ Ռուբեն Հախվերդյանը, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ ՝ Նարինե Զարիֆյանն ու դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

 

Համերգին հնչելու են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար  գործիքավորել ու մշակել է Նարինե Զարիֆյանը: Կոմպոզիտորը այն ստեղծագործողներից է, որը հայ երաժշտական  դասական ոճի հիմքով համեմված  սինթեզում է փոփ, ջազ, ռոք, ֆոլկ երաժշտական տեսակները:

 

 

«Համերգը կոչվում է Կտրուկ շրջադարձ, քանի որ ճշմարտությունը կլոր է: Շատ կտրուկ շրջադարձ չէ, որովհետև ես և Նարինե Զարաֆյանը մոտ 15 տարի է՝ աշխատում ենք իրար հետ: Ոմանց շատ է դուր գալիս այս մոտեցումը, ոմանք  կարող է չհավանեն և ասեն՝ միայն կիթառով ավելի հետաքրքիր է: Ամեն դեպքում, մենք սա անում ենք այն ակնկալիքով, որ կարող է հետաքրքիր լինել և հետո ավելի հետաքրքիր ստացվել»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:

 

Ըստ Նարինեի՝ «Ռուբենի ստեղծագործություններն հարուստ են իրենց հարմոնիկ մտածողությամբ, հետաքրքրություն ունեն և տարբերվում են հեղինակային այլ երգերից: Այդ իսկ պատճառով հաճույքով աշխատեցի: Մշակելիս ես կարևորել եմ Ռուբենի կերպարը, խոսքը, մտածողությունը, աշխատել եմ այնպես անել, որ Ռուբենի կերպարը մնա գլխավորը»:

 

 

Նշենք, որ նրանց համագործակցությունը ունի երկար տարիների փորձ 5 ձայնասկավառակների հեղինակ , որոնք արժանացել են միջազգային մրցանակների՝ հատկապես «0-100 տարեկան երեխաներին» ձայներիզը:

 

Վահան Մարտիրոսյանն էլ նշեց, որ մինչև խոսել սովորելը, երգել է Հախվերդյանի երգերը՝ առանց հասկանալու խոսքերը: 

 

«Շատ զգացված եմ, որ այսօր իր հետ նույն բեմահարթակում եմ լինելու: Շատ ուրախ եմ նաև Նարինե Զարիֆյանի հետ աշխատելու համար, քանի որ բոլոր մշակումներն արված են շատ  բարձր որակով և ճաշակով: Երբ երաժշտին հեշտ է նվագել, նշանակում է՝ աշխատանքը լավ է արված»,-եզրափակեց Վահանը:

 

Համերգի ընթացքում Հախվերդյանը կներկայացնի «Կտակ», «Հիսունից հետո», «Ուղիղ ժամը 12-ին», «Երևանի գիշերներում», «Եթե իմանայի» և այլ  սիրված ստեղծագործությունները:

 

 

 

 

 

 Նյութը՝ Մելինե Տոնոյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Նոյեմբերի 5-ին Ռուբեն Հախվերդյանը «Կտրուկ շրջադարձ»-ով կներկայանա իր երկրպագուներին (լուսանկարներ)