«Շատ հաճելի և նոստալգիկ զգացողություններ ենք ունեցել». «Նոր հայեր»-ը ելույթ կունենա ՈւՀԱ-ի տարեդարձին
Նոյեմբերի 12-ին ՈւՀԱ-ն («Ուրախների և հնարամիտների ակումբ») Կրեմլի մեծ համերգասրահում կնշի իր 55-ամյակը:
Tert.am Life-ի հետ զրույցում պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը, ով հանդիսանում է «Նոր հայեր» թիմի մասնակիցներից մեկը, նշեց, որ ՈւՀԱ-ի բոլոր հին թիմերին հավաքելու գաղափարը եղել է Ալեքսանդր Մասլյակովինը:
«Ալեքսանդր Մասլյակովն ամեն տարի նոյեմբերի 8-ին նշել է КВН-ի տարեդարձը, քանի որ այս տարի 55-ամյակն է, որոշել է ավելի մեծ մասշտաբով նշել՝ հին թիմերի մասնակցությամբ: Նշեմ, որ միջոցառմանը ներկա է լինելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասաց Արմենը:

Նշենք, որ «Նոր հայեր» թիմը ամբողջական կազմով կներկայանան նոյեմբերի 12-ին: Արմենի խոսքով. «Շատ հաճելի և նոստալգիկ զգացողություններ ենք ունեցել: Վերջին անգամ այս զգացողությունները եղել են 2001 թվականին՝ մեր վերջին խաղի ժամանակ: Բոլոր թիմերն էլ գեղեցիկ ելույթներ են պատրաստել, ինչպես և մենք: Բայց նշեմ, որ սա խաղ չի լինելու, այլ պարզապես ելույթ»:
Հիշեցնենք, որ ՈւՀԱ-ը կազմավորվել է 1961 թվականին: Այն հայտնի հեռուստատեսային հումորային խաղեր են, որոնց ժամանակ թիմերը, որ բաղկացած են տարբեր մասնագիտության տեր մարդկանցից, մրցում են տարբեր հումորային հարցերի պատասխանելով, տարբեր թեմաների շուրջ կատակելով, նախօրոք պատրաստվելով հումորային փոքրիկ բեմադրություններ ներկայացնելով և այլն:

«Նոր հայերը»-ի կազմում են՝ Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Գրիգոր Գասպարյանը, Կարեն Մանթաշյանը, Տաշ Սարկիսյանը:
1997 թվականին «Նոր հայերը» դարձել է չեմպիոն, 1998 թվականին՝ ամառային գավաթի հաղթող, ՈւՀԱ-ի երաժշտական փառատոնի բազմակի հաղթող, 2001 թվականին՝ ՈւՀԱ-ի նախագահի հատուկ մրցանակի:

Մելինե Տոնոյան







