Հնեաբաններն ապշած են. հայտնաբերվել է կես տոննա հռոմեական մետաղադրամ
Իսպանիայի Տոմարես քաղաքում՝ ոռոգման համակարգի խողովակները վերանորոգելիս, շինարարները կես տոննա հռոմեական մետաղադրամ են գտել:
Պարզվում է, որ հազարամյակներ առաջ ինչ-որ մեկը մետաղադրամներով լի 19 կճուճ է թաքցրել հողի տակ, որտեղ հետո կառուցել են Zaudin այգին: Այժմ այգում տարվող բոլոր աշխատանքները դադարեցվել են, որպեսզի հնեաբանները կարողանան հետազոտություններ կատարել:
Հնեաբաններն այս հայտնագործությունը հազվագյուտ են համարում: 19-ից ինը կճուճները վնասված չէին, իսկ մնացածները կոտրված էին: Բոլոր կճուճներում հազարավոր արծաթյա և ոսկյա մետաղադրամներ կային:
Մեկ մետր խորությամբ թաղված կճուճների ընդհանուր քաշը մոտ 1300 ֆունտ է եղել, որոնցում եղած մետաղադրամներն ուղարկվել են Սևիլիա հնեաբանական թանգարան:
Ինչպես հայտնում է thevintagenews.com-ը՝ թանգարանում պարզվել է, որ մետաղադրամները թողարկվել են չորրորդ դարի վերջին: Սակայն այս թանգարանում մետաղադրամների նման ոչինչ չկար: Թանգարանի ամբողջ հավաքածուի մեջ չգտնվեց նոր մետաղադրամներին նման մեկը:
Թանգարանի տնօրեն Աննա Նավարո Օրտեգան ասել է, որ նրանք կապվել են Փարիզում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում գտնվող իրենց գործընկերների հետ և պարզել են, որ նման մետաղադրամներ դեռ չեն հայտնաբերվել: Այս հայտնագործությունը կարևորագույն դեր ունի հնեաբանության ոլորտում:
Կճուճների հետազոտությունները բավականին դժվար են, քանի որ դրանք շատ փխրուն են և հեշտ են կոտրվում:
«Հավատացնում եմ, որ մեկ մարդը չի կարող հանել այս կճուճը: Այն չափազանց ծանր է: Մենք աշխատում ենք չվնասել դրանք, և գործադրում ենք հնեաբանության ոլորտում ունեցած բոլոր հնարավորություններն ու գիտելիքները»,- ասել է Օրտեգան:
Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե ինչու են կճուճները թաղվել հողի մեջ: Նրանք մի քանի ենթադրություն ունեն: Ակնհայտ է, որ մետաղադրամները ցանկացել են թաքցնել: Ենթադրություններից մեկի համաձայն՝ դրանք այնքան շատ են եղել, որ մի մասը թաքցրել են հարկեր մուծելու համար:
Գիտնականները կարծում են, որ մետաղադրամները թաղվել են Հռոմի պատերազմներից մեկի ժամանակ:










