«Որդուս չեմ ստիպի գնալ իմ ճանապարհով». Սևակ Խանաղյանը` ընտանիքի, նոր զուգերգի և մենահամերգի մասին

13:51 • 28.08.17

 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 3 մենահամերգ ունենալուց մոտ կես տարի անց Սևակ Խանաղյանը հայաստանաբնակ հանդիսատեսին կներկայանա ևս մեկ մենահամերգով, այս անգամ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սեպտեմբերի 23-ին երգիչը խոստանում է նոր ծրագրով մենահամերգ, որը չի լինելու նախորդի կրկնությունը։

 

Համերգին ընդառաջ Tert.am Life–ին տված հարցազրույցում Սևակը պատմեց, որ մի շարք նոր ստեղծագործություններ կան, որոնք ուզում է ներկայացնել հանդիսատեսին։ «Եթե ինչ–որ մեկը մտածում է, որ սեպտեմբերի 23–ին  լինելու  է նույն ծրագիրը, ինչ նախորդ մենահամերգիս ժամանակ էր, այդպես չէ։ Բացարձակ նոր ծրագիր է լինելու` նոր երգերով։ Կան հեղինակային շատ երգեր, որոնք նոր եմ գրել և ցանկանում եմ ներկայացնել իմ հանդիսատեսին»,– ասաց երգիչը։

 

Սովորաբար, Հայաստանում երգիչները մի քանի տարվա ընդմիջումից հետո են նոր մենահամերգ ներկայացնում։ Սևակի դեպքում ընդմիջումն ընդամենը 6-7 ամիս էր։ «Երբ փետրվարին դրեցինք առաջին մենահամերգը, տոմսերը շատ արագ սպառվեցին, դրեցինք նաև երկրորդ և երրորդ համերգները։ Հանդիսատեսին հետաքրքիր էր, ուզում էին լսել, ինչը մեզ չափազանց ուրախացնում էր։ Այս համերգը ևս պայմանավորված է նրանով, որ մարդիկ ուզում են լսել։ Կարծես թե, նրանց հետաքրքիր է մեր ստեղծագործական գործունեությունը։ Մտածեցինք` ինչու չանել ևս մեկ համերգ` մեծ ծրագրով։ Ի վերջո, կան նոր երգեր, մտքեր, որոնք ուզում ենք հասցնել հանդիսատեսին, իսկ որտե՞ղ դա անել, եթե ոչ համերգի ժամանակ»։

 

 

Սևակն այս ընթացքում 2 նոր տեսահոլովակ է նկարահանել։ Առաջինը «Իմ թթվածին» երգի ռուսերեն տարբերակի հիման վրա, երկրորդը` զուգերգի։  «Նոր զուգերգ ունեմ մի երգչուհու հետ, սակայն առայժմ չեմ ասի, թե ով է նա։ Տեսահոլովակն արդեն նկարահանել ենք, կթողարկվի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Սակայն երգի պրեմիերան, ամենայն հավանականությամբ, կլինի սեպտեմբերի 23–ին` մենահամերգիս ժամանակ»,– նշեց երգիչը։

 

Նախորդ մենահամերգի ժամանակ Սևակի հանդիսատեսի շարքերում էին նրա ծնողները, որոնք Հայաստանում էին իրենց որդու մենահամերգին ներկա լինելու համար։ Այս անգամ ևս նրանք ներկա կլինեն երգչի համերգին։ Հանդիսատեսի շարքերում կլինեն նաև Սևակի կինն ու որդին. «Ես շատ հաճախ եմ լինում Հայաստանում, ընտանիքս` ոչ այնքան։ Կինս ու որդիս դեռ այստեղ չեն, սակայն առաջիկայում կգան և ներկա կլինեն համերգիս»։

 

 

Ի դեպ, մեզ հետ զրույցում Սևակի մայրն ասել էր, որ թոռնիկը՝  5–ամյա Բագրատն էլ է խոսում երգիչ դառնալու մասին։ Երգիչը նշեց, որ դեմ չի լինի, եթե որդին շարունակի իր ճանապարհը, սակայն ինքը չի ուղղորդի որդուն։ «Ես առայժմ չեմ գուշակում` ինչ կլինի, խորհուրդ էլ չեմ տալիս։ Եթե ինքը ցանկանա, շատ ուրախ ու երջանիկ կլինեմ, բայց ես չեմ ստիպի։ Ինձ ոչ ոք չի ասել` զբաղվիր երաժշտությամբ։ Ես ինքս եմ ընտրել այս ճանապարհը։ Եթե նա ցանկանա բժիշկ դառնալ, ուրախ կլինեմ, եթե ցանկանա դառնալ երաժիշտ, կրկնակի ուրախ կլինեմ»,– ասաց նա։

 

Սևակը հիմա աշխատանքային շատ առաջարկներ ունի Հայաստանում, հաճախ է լինում այստեղ։ Լսարանը հաճախ է հարցադրում անում, ինչու նա չի՞ վերադառնում Հայաստան։ «Ես շատ երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում,  մեկ տարում չեմ կառուցել այն, ինչ ունեմ։ Ինձ այնտեղի հետ շատ բան է կապում։ Չեմ կարող մի րոպեում ամեն ինչ  թողել և վերադառնալ, սակայն ես շատ հաճախ եմ լինում Հայաստանում, ինչի համար շատ ուրախ եմ։ Միգուցե, ապագայում վերադառնամ»,– եզրափակեց երգիչը։

 

«Որդուս չեմ ստիպի գնալ իմ ճանապարհով». Սևակ Խանաղյանը` ընտանիքի, նոր զուգերգի և մենահամերգի մասին