Վաչե Թովմասյանը՝ «Ոսկե դպրոց» սիթքոմի ավարտի և սպասվող նախագծի մասին
«Ոսկե դպրոց» սիթքոմը մոտենում է ավարտին: Երրորդ եթերաշրջանի վերջին սերիան եթերում կլինի դեկտեմբերի 27-ին: Թե ինչով էր պայմանավորված սիթքոմը եզրափակելն ու ի՞նչ անակնկալ է սպասվում հեռուստադիտողին արդեն սիրված կերպարների մասնակցությամբ, Tert.am Life-ը պարզել է սիթքոմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանից:
Վաչեն նշեց, որ սիթքոմի հիմքում ընկած ոսկիների պատմությունը ի վերջո կստանա իր հանգուցալուծումը, կլինեն հետաքրքիր սցենարական զարգացումներ: Նրա խոսքով, ավարտը, ինչպես սովորաբար, կլինի բարի ու նույքան ծիծաղաշարժ, ինչպես ողջ ընթացքը: Սիթքոմի վերջին սերիայում կլինի նաև ամանորյա շունչը:
«Բնականաբար պատմությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Բոլոր սցենարային գծերը գալիս են իրենց հանգուցալուծմանը և գեղեցիկ կերպով ավարտվում: Չեմ ուզում փակագծերը բացել, ինտրիգային զարգացումներ էլ կլինեն»,-ասաց նա:

Պրոդյուսերի խոսքով, սիթքոմը երրորդ եթերաշրջանով ավարտելը հեռուստադիտողին չձանձրացնելու միտում ունի և ոչ թե ասելիքն էր սպառել. «Բազմիցս նշել եմ, քանի որ չեմ սիրում ձգված բաներ, ինքս սերիալ դիտելիս՝ դինամիկ զարգացում եմ ակնկալում: Մեզ մոտ վերջին հինգ սերիաներում ֆանտաստիկ սուր զարգացումներ են լինում, որոնք կարծում եմ հեռուստադիտողը նկատում է ու գնահատում է: Կարելի էր երկարացնել, բայց չեմ սիրում, երբ ինչ-որ բան արհեստական է ձգվում: Պատմությունը բավականին հետաքրքիր է, բայց չի կարող հավերժ լինել և պետք է մոտենա իր ավարտին»:
Սիթքոմի ավարտը, սակայն, նոր մեկնարկ է խոստանում: Վաչեն նշեց, որ արդեն գալիք տարում կնկարահանվի գեղարվեստական ֆիլմ սիթքոմի սիրված կերպարների մասնակցությամբ, բայց ալ սցենարական հիմքով:

«Եկող տարի աշնանը նոր պատմությամբ կներկայացնենք գեղարվետսական ֆիլմ, որտեղ կնկարահանվեն սիթքոմի առանցքային դեմքերը: Կլինեն նույն հերոսները, բայց կներկայացվի այլ պատմություն, որպեսզի նրանք, ովքեր չեն հետևել սիթքոմի ընթացքին ևս հետաքրքրությամբ դիտեն ֆիլմը: Իսկ այն մարդիկ, որոնք դիտում էին սիթքոմը սիրված կերպարներին կտեսնեն ավելի ծիծաղելի և կինոյին հարիր դրամատուրգիական լուծումներով իրավիճակներում»,-ասաց Վաչեն:
Նա նշեց, որ ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ֆիլմի պրոդյուսերը նույնպես Վաչեն է, ռեժիսորը՝ Դավիթ Բաբախանյանը: «ֆիլմի շուրջ ամենայն լրջությամբ ենք աշխատում՝ թե՛ սցենարական, թե՛ այլ ուղղություններով: Այն բավականին մեծ բյուջե է ունենալու և աշխատելուն են ուժեղ մասնագետներ, թե՛ ռեժիսորը, թե՛ սցենարիստները: Ամեն բան արվելու է Հայաստանում նկարահանվող լավագույն ֆիլմերի մակարդակով»,-եզրափակեց ան:










