«Ոսկե դպրոցից» Եվան ու Գոշը՝ երգչի նոր տեսահոլովակում
Երիտասարդ երգիչ, դերասան Գոշը դեկտեմբերի 25-ին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Երազս իրականացավ» երգի հիման վրա: Պրեմիերան տեղի կունենա «Ոսկե դպրոց» սիթքոմի հերթական սերիայի ավարտին և ինչպես երգչի նախորդ տեսահոլովակը, այս անգամ էլ այն կապվել է սիթքոմի սյուժեի հետ:
Գոշը Tert.am Life-ին է տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից և մանրամասներ պատմել նոր աշխատանքի մասին, ինչպես նաև անդրադարձել իր պրոդյուսերի հետ աշխատանքը դադարեցնելու և նոր պրոդյուսերի՝ Վաչե Թովմասյանի հետ համագործակցությանը:
«Երազս իրականացավ» երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Գոշը նշեց, որ նոր երգը նույնպես դանդաղ, մեղեդային է, սակայն ամեն բան արել են, որպեսզի նախորդից տարբերվի նաև տեսահոլովակի առումով: Տեսահոլովակի ռեժիսորն ու բեմադրող օպերատորը Եղիշե Սողոմոնյանն է:

«Ըստ սիթքոմի սցենարի, իմ կերպարը՝ Դավիթը, վերջին սերիայում իր սիրած աղջկան՝ Անիին անակնկալ է մատուցում տեսահոլովակի տեսքով: Դա առիթ է դառնում, որ իրենք հաշտվեն, սակայն մարդիկ, որոնք չեն հետևում սիթքոմին, նույնպես կհասկանան տեսահոլովակում ներկայացված սիրո պատմությունը: Այնտեղ նաև ամանորի տոնական շունչ կա, ինչը կարծում եմ՝ ակտուալ է»,-ասաց նա:
Այս անգամ էլ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Եվա Զոհրաբյանն է, որը սիթքոմում Գոշի սիրելին է: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են բնության գրկում՝ Դիլիջանում, Ծաղկաձորում և Հաղարծինում:
Երգչից հետաքրքրվեցինք, թե ո"րն է եղել իր պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հետ աշխատանքը դադարեցնելու պատճառը: Գոշը նշեց, որ իր և Սոֆյայի միջև որևէ կոնֆիլկտ չի առաջացել:

«Պարզապես Սոֆյայի մոտ առաջացան գործեր, որի արդյունքում ինքը տարվա կտրվածքով 80 կամ 90 տոկոսով պետք է գտնվեր Ռուսաստանում, որովհետև նա այս պահին Ավրաամ Ռուսոյի հետ է աշխատում: Նա շատ ծանր գրաֆիկով աշխատող երգիչ է, բազմաթիվ շրջագայություններ է ունենում: Այդ պատճառով էլ, կարելի է ասել, մեր միջև համագործակցությունը դադարեցվեց, բայց դա չի վերաբերվում ընկերությանը: Սոֆյան իմ շատ լավ ընկերն է»,-ասաց Գոշը:
Գոշի պրոդյուսերությամբ այսուհետ զբաղվելու է Վաչե Թովմասյանը, ում համար սա առաջին պրոդյուսերական աշխատանքն է երգարվեստի բնագավառում: Անդրադառնալով Վաչեի հետ համագործակցությանը՝ երգիչը նկատեց, որ վերջինիս հետ հեշտ է աշխատելը և արդեն ունեն բազմաթիվ ծրագրեր կապված իր երաժշտական կարիերայի հետ: «Վաչեի հետ աշխատել ենք «Ոսկե դպրոցի» երեք սեզոնի ընթացքում և դա քիչ ժամանակ չէ, իսկ որպես պրոդյուսեր միասին աշխատում ենք իմ երաժշտական կարիերան ուժեղացնելու, նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնելու ուղղությամբ»,-եզրափակեց նա:









