Միհրան Ծառուկյանի ու DJ Ժիլբերի` ԱՄՆ–ում նկարահանած տեսահոլովակի հետաքրքիր դրվագները

13:24 • 24.12.18

 

Միհրան Ծառուկյանն ու DJ Ժիլբերը մինչև տարեվերջ նոր տեսահոլովակ կներկայացնեն ակումբային երգի հիման վրա, որի առաջին մանրամասներն ու լուսանկարները վստահել են Tert.am Life–ին։

 

Նոր տեսահոլովակը հանդիսատեսը կտեսնի մինչև տարեվերջ։ Այս օրերին վերջին աշխատանքներն են տարվում։

 

«DJ Ժիլբերին հեռակա էի ճանաչում։ Մեր ծանոթությունը կայացավ հեռախոսով։ Լավ մարդ, լավ DJ, որի հետ որոշեցինք համագործակցել պրոդյուսերիս` Արմեն Պետրոսյանի հետ քննարկումներից հետո։ Ինձ հրավեր ուղարկեցին և մեկնեցի Լոս Անջելես` նկարահանելու տեսահոլովակը»,– ասաց երգիչը։

 

DJ Ժիլբերը հասցրել է համագործակցել հայ երգիչների հետ։ Նրա խոսքով` Միհրանի հետ համագործակցելու առաջարկ արել է իրենց ընդհանուր ընկերը։ Միտքն արժանացել է իր հավանությանը, քանի որ երգչի աշխատանքները համարում է  իր ոճին մոտ. «Քանի որ այս աշխատանքը ցանկանում էի անել փոփ ոճում, որոշեցի հենց իր հետ աշխատել։ Ի վերջո, երկուսս էլ գոհ մնացինք մեր կատարած աշխատանքից»։

 

 

Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերի գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է Լազարոն։ Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է։

 

Միհրանը հայտնեց, որ  նոր աշխատանքը դիսկո ռիթմերում է։ «Երգը փարթիի մասին է։ Այդպիսի տող էլ կա` էսօր աշխարհի ամենալավ փարթին է։ Ռիթմիկ, պարային երգ է»,– ասաց Միհրանը, DJ Ժիլբերն էլ նկատեց, որ այն տրամադրություն բարձրացնող ստեղծագործություն է, որը ստիպում է պարել։

 

Միհրանը դեռ չի տեսել ԱՄՆ–ում նկարահանված տեսահոլովակի վերջնական տարբերակը, բայց վստահում է ռեժիսորին.  «Կարծում եմ` տարբերվող տեսահոլովակ կունենանք։ Վերջնական տարբերակը չեմ տեսել, բայց չեմ կասկածում, որ Արսենը լավ տեսահոլովակ է նկարահանել»։

 

Տեսահոլովակի սյուժեն նորահայտ DJ-ի մասին է, որը երկար ջանքեր է գործադրում Միհրանի ակումբում հանդես գալու համար։  «Թե ինչ է ստացվում դրա արդյունքում, կտեսնեք տեսահոլովակում։ Նկարահանումները տևել են մի քանի օր։ Հետաքրքիր և զվարճալի աշխատանքային ընթացք ենք ունեցել,– ասաց DJ Ժիլբերը, որն ազգությամբ հայ է, բայց ծնվել և ապրում է ԱՄՆ–ում։ Նա հպարտությամբ շեշտում է, որ տիրապետում է մայրենի լեզվին, ընդ որում, հայերեն սովորել է հասուն տարիքում` իր հիմնավոր ցանկությամբ։

 

Միհրան Ծառուկյանի ու DJ Ժիլբերի` ԱՄՆ–ում նկարահանած տեսահոլովակի հետաքրքիր դրվագները