Անահիտ Կիրակոսյանի անակնկալը որդու 6-ամյակին
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի համար դեկտեմբերի 25-ը յուրահատուկ օր է: 6 տարի առաջ այս օրը լույս աշխարհ է եկել դերասանուհու որդին՝ Հայկը: Թեև Անահիտն օրն անցկացնելու է աշխատանքի մեջ, սակայն դա չի խանգարել, որպեսզի որդու համար հետաքրքիր անակնկալ պատրաստի: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչ կերպ են նշելու որդու տարեդարձն ու բացահայտել սպասվող անակնկալը:
Անահիտը պատմեց, որ դեռ կեսգիշերին տանը ընտանիքի անդամներով շնորհավորել են Հայկի տարեդարձը ինչպես հարկն է՝ տոնական տորթով, մոմերով և երգով: «Նա գիտի, որ գիշերը 12-ին ենք իրեն շնորհավորում, դրա համար քնելուց առաջ գնաց ու հայրիկին ասաց՝ դե ես գնամ քնեմ, որ մի քիչ հետո արդեն գալու եք երգեք :): Մենք էլ իրեն արթնացրեցինք տորթով, երգով ու նվերները հանձնեցինք»:
6-ամյա Հայկն այս տարի ցանկալի նվերի մասին ոչ թե ծնողներին է հայտնել, այլ Ձմեռ պապիկին է նամակ գրել, թեև Անահիտը նշեց, որ իրենք շտապել են այդ ցանկությունը կատարել տարեդարձի օրը: «Ձմեռ պապիկից հայկական քարտեզ էր ցանկացել, ինչն ինձ համար ապշեցուցիչ էր, որ այդ տարիքի երեխան նման ցանկություն հայտնի: Մենք իրեն նաև պլանշետ նվիրեցինք, քանի որ գիտեինք, որ դպրոցում այն իրեն արդեն պետք էր գալու: Նվերներից շատ ուրախացավ»,-ասաց Անահիտը:

Դերասանուհին այս տարի որդու տարեդարձի առթիվ խնջույք չի կազմակերպել, քանի որ ողջ օրն անցնելու է նկարահանումների մեջ, սակայն յուրատեսակ անակնկալ է մտածել. «Ինտերակտիվ ձևով է լուծվելու բալիկիս ծնունդը: Երեկոյան «Հումորի լիգա» նախագծի նկարահանումներն են և որոշել ենք իրեն բեմի վրա շնորհավորել տոնական տորթով: Ինքն այդ մասին տեղյակ չէ»:
Անահիտի խոսքով, որդին շատ է սիրում տարեդարձի օրն ու անհամբերությամբ սպասում և դա ոչ այնքան նվերներ ստանալու, այլ ևս մեկ տարով մեծանալու համար. «Ինքը ամենից շատ այդ պահն է սիրում, որ արդեն մեծ է լինելու և շուտով երկրորդ դասարան է գնալու: Ընդհանրապես, Հայկը շատ հասուն երեխա է: Ինքն իր տարիքից շատ ավելի հետաքրքիր է մտածում ու պատասխանում, դա չեմ ասում այն պատճառով, որ իմ տղան է, այլ պարզապես իր տեսակով շատ կայացած է: Նա շատ դեպքերում կարող է ինձ բացատրել, թե ինչու այս կամ այն բանը չի անի և դրան գտնել շատ խելամիտ պատասխաններ, ինչին ես չեմ կարող մանկական ձևով արձագանքել: Ասում եմ՝ շատ բարի, քո մոտեցումն ընդունելի է ինձ համար»:
Դերասանուհին նշեց, որ Հայկը չորս տարեկանից հաճախում է շախմատի և այս տարի առաջին մրցումներին է մասնակցել ու գրանցել չորս ոչ ոքի և մեկ հաղթանակ: Տոնական տորթը մայրիկը նրա համար շախմատի տեսքով է պատվիրել:

«Ուզում եմ, որ կյանքում էլ շախմատի քայլերի նման ճիշտ մտածի, կշռադատված քայլի, դժվարություններից էլ չընկճվի ու գնա առաջ,-ասաց Անահիտը:
Դերասանուհին նկատեց, որ ամեն տարի այս օրը նորովի է վերապրում այն զգացողությունները, երբ առաջին անգամ գրկեց որդուն,-Ինձ թվում է, ցանկացած կնոջ մոտ դա կա, որովհետև մտովի հետ ես գնում և առաջին միտքը, որ ծագում է հետևյալն է՝ թե ոնց թռավ ժամանակը: Երեկ ամուսնուս հետ էլ այդ մասին էինք խոսում: Դու շատ պարզ հիշում ես այդ օրն ու ապրումները, զգացողությունները և հանկարծ հասկանում ես, որ ուղիղ 6 տարի անցավ: Նա քո կողքին է, խոսում է, քայլում է, դպրոց է գնում, իր կարծիքն է հայտնում: Այդ ժամանակ հասկանում ես, որ իսկապես ժամանակի մեքենան շատ արագ է շարժվում և պետք է ամեն վայրկյանն ու պահը գնահատես, որքան հնարավոր է շատ շփվես երեխաների հետ, որովհետև նրանք են մեր ապագան ու մեր հոգին մաքրողը»:










