«Արմենիա TV»-ն ու «Յուքոմ»–ն ամփոփում են համագործակցությունն ու աննախադեպ նախագծեր խոստանում 2019-ին
Գործակցություն, որը գրավեց մեդիաշուկան, առաջատար մեդիանախագիծ, որը ամեն տարի իր հեռուստադիտողին ներկայացնում է լավագույն բովանդակությունը: Արմենիա Պրեմիումը և Յուքոմը ամփոփում են մեդիատարին՝ ընդգծված հաջողություններով և ձեռքբերումներով:
«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու «Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Տիգրան Սաֆարյանը Tert.am Life-ի հետ զրույցում ներկայացրել են համատեղ աշխատանքի արդյունքները:
Ռուբեն Մխիթարյանի խոսքով` համագործակցության արդյունքում ստեղծված հեռուստատեսային բացառիկ կոնտենտը տասնյակների է հասել։ 
«Մենք հեռուստատեսային կյանքում նոր «level» հաղթահարեցինք, ցույց տվեցինք, որ հնարավոր է ստեղծել որակյալ, հետաքրքիր, բովանդակային, լավ կոնտենտ: Մեր համագործակցությունը նպաստել է նաև նրան, որ երկուսուկես տարվա ընթացքում հեռուստատեսային ոլորտում զբաղվածություն են ունեցել հարյուրավոր մարդիկ՝ դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, երաժիշտներ, դեկորատորներ»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը:
«Յուքոմ» ընկերության Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Տիգրան Սաֆարյանն իր հերթին փաստեց, որ «Արմենիայի» համագործակցությունը տվել է ցանկալի արդյունքներն ու արժանացել «Յուքոմ» բաժանորդների գոհունակությանը. «Շատ հպարտ ենք, որ մաս ենք կազմում այդ ինդուստրիայի ձևավորմանն ու զարգացնում ենք այն Հայաստանում: Որպես կոնտենտ վերահեռարձակող` պարտավոր ենք աջակցել դրա ստեղծմանը: Ուրախ ենք, որ համագործակցում ենք կոնտենտի արտադրության մեջ շուկայի առաջատարի հետ»,– ասաց նա։
Ռուբեն Մխիթարյանը նկատեց, որ «Յուքոմ» ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» նախագծերը «Արմենիայի» բաց եթերում հայտնվելուց հետո տասնապատիկ ավելացրել են հեռուստադիտողների հետաքրքրությունը: «Դա շատ լավ տեսանք «Հին արքաների» ժամանակ, երբ մեկ տարի հետո այն հայտնվեց «Արմենիա» TV-ի եթերում: Սա այն հաճելի դեպքերից է, երբ մենք կարող էինք ասել` վերջապես հայտնվեց, որովհետև մարդիկ մեկ տարի մեզ հարցնում էին, երբ է նախագիծը լինելու բաց եթերում: Այն շատ բարձր վարկանիշ գրանցեց։ Մենք նկարահանեցինք առաջին պատմական գեղարվեստական հեռուստասերիալը՝ տրամադրելով մեծ բյուջե, ներգրավելով բազմաթիվ մարդկանց: Այդքան քանակությամբ մարդ ներգրավված չի եղել հայկական ոչ մի հեռուստատեսությունում, նույնիսկ, մի քանի նախագծի աշխատանքի մեջ»:
Ռուբեն Մխիթարյանն արձանագրեց նաև, որ «Արմենիա» TV-ն առաջինն էր, որ որդեգրեց 25 մասանոց սերիալների ու 24 մասանի սիթքոմների ստեղծման քաղաքականությունը. ««Արմենիան» առաջինը եղավ, որ ներմուծեց այդ ժանրը հայկական հեռուստաեթեր և այսքան տարիների ընթացքում կարողացավ ոչ միայն ամրապնդել իր դիրքերն այդ ժանրում, այլև ապացուցել, որ գուցե միակն է, որ կարողանում մեկ տարվա ընթացքում հեռուստադիտողին ներկայացնել 8 տարբեր սիթքոմ»:
Կողմերը խոստացան, որ 2019-ին առավել բեղմնավոր աշխատանք է սպասվում ու նոր, նախադեպը չունեցող նախագծեր:












