Աշոտ Տեր-Մաթևոսյանի կերպարային փոփոխությունն ու հետաքրքիր դերը «Սև հանքեր» քրեական դրամայում

14:52 • 07.01.19

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Սև հանքեր» խորագրով 25 մասանոց քրեական դրամայի առաջին մանրամասները: Այսօրվանից այն կմեկնարկի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում: Սահմանամերձ գյուղերից մեկում հայտնաբերված հանքի ու դրա ապօրինի շահագործման փորձերը նոր զարգացումներ են առաջ քաշում բնակիչների ու գյուղի մեծահարուստի միջև: Այս հակամարտության մեջ առանձնահատուկ դերակատարում է ունենում դրամայի գլխավոր հերոսը՝ Արամը, որին մարմնավորում է Աշոտ Տեր-Մաթևոսյանը:

 

Tert.am Life-ն Աշոտի հետ զրուցել է նոր կերպարի, խաղընկերների և ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին:

 

Ֆիլմում Աշոտի հերոսը՝ Արամը, երիտասարդ է, որը խաղաղապահ զորքերում 5 տարվա ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ մշտական բնակության։ Աշոտը նկատեց, որ նոր կերպարն իր համար բավականին հետաքրքիր էր, մարմնավորելիս փորձել է ընդգծել կերպարի առանձնահատկությունները:

 

 

«Ցանկացած նոր կերպար ինձ համար արդեն հետաքրքիր է: Երբ առաջարկ եմ ունենում, փորձում եմ իմ կողմից էլ ինչ-որ բաներ ավելացնել կերպարիս մեջ ու ավելի հետաքրքիր դարձնել այն: Հերոսս ազնիվ, առաքինի, ուժեղ, գյուղում մեծացած տղա է, Հայոց բանակի հետախուզության ծառայող ու արդարամիտ մի մար»,-ասաց նա ու հավելեց, որ արտաքնապես նոր կերպարով է ներկայանալու, քանի որ այս ֆիլմում մորուքով է.

 

Քառօրյա պատերազմին մասնակցած ու հերոսի կոչումով գյուղ վերադարձած երիտասարդին դիմավորում են միայնակ պապը, որն Արցախյան ազատամարտի մասնակից է, գյուղի ջոկատի հրամանատարը ու սիրած աղջիկը՝  գյուղապետի դուստրը։ Այս կերպարներին մարմնավորում են Դավիթ Հակոբյանն ու Արուսիկ Գրիգորյանը: Աշոտը նշեց, որ Դավիթ Հակոբյանի հետ աշխատելու հնարավորություն նախկինում ունեցել է, իսկ Արուսիկի հետ առաջին անգամ էր աշխատում:

 

«Միասին աշխատելը հետաքրքիր էր, քանի որ բոլորը պրոֆեսիոնալ, իրենց գործին քաջատեղյակ մարդիկ են, ինչն ավելի թեթևացնում ու հեշտացնում էր բոլորիս աշխատանքը: Ռեժիսոր Դավիթ Զոհարբյանի ու պրոդյուսեր Արթուր Մկրտչյանի հետ առաջին անգամ էի աշխատում։ Շատ ուրախ ու երջանիկ եմ, որ բախտ վիճակվեց նման թիմի հետ աշխատել: Թե՛ ստեղծագործական, թե՛ տեխնիկական պրոֆեսիոնալ և շատ ուշադիր թիմ էր հավաքված: Նրանք ամեն բան անում էին, որպեսզի դերասանները որևէ բանի կարիք չունենան, շատ չհոգնեն: Ուրախ եմ, որ հաջողվեց միասին աշխատել և շատ գոհ եմ վերաբերմունքից»,-ասաց դերասանը:

 

 

Աշոտը նկատեց, որ նոր աշխատանքը տարբերվում է նաև իր ձևաչափով: 25 մասանոց սերիալը, ըստ դերասանի, աշխատանքային այլ ոճ ու տեմպ է թելադրում, ինչը ևս հետաքրքիր է. «Նկարահանման ոճը, ձևն ու ձևաչափն ուրիշ է: Սա երկարատև սերիալ չէր և ռեժիսորի հետ շփվելու հնարավորություն ունեինք: Դրանով արդեն իսկ նախագիծը տարբերվում էր, հետաքրքիր էր, սցենարն էլ լավն էր: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ամեն ինչ արել են, որպեսզի այն տարբերվի, հատուկ էֆեկտներ են օգտագործվել: Կարծում եմ՝ հաջողված աշխատանք է լինելու»:

 

Նկարահանումների մեծ մասն անցել է Գեղարդ գյուղում: Աշոտը նշեց, որ նկարահանող խումբն ու դերասանները մի քանի օր այնտեղ են գիշերել ու հետաքրքիր դրվագներ ունեցել նաև կադրից դուրս: «Շատ հաճելի ժամանակ անցկացրինք, քանի որ անձնակազմը լավն էր։ Հնարավորություն էինք ունենում ավելի շատ շփվել նաև գործից դուրս, միմյանց հետ հաց կիսել, բաժակ բարձրացնել:Դա էլ իր հետաքրքրությունն ուներ»,-ասաց նա:

 

Աշոտի կարծիքով, ֆիլմի սյուժեն ու բարձրացվող թեման արդիական է և կհետաքրքրի հեռուստադիտողին:

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Աշոտ Տեր-Մաթևոսյանի կերպարային փոփոխությունն ու հետաքրքիր դերը «Սև հանքեր» քրեական դրամայում