«Չգիտեմ ինչու են որոշել, որ «հեղինակությունը» ես եմ». Սամվել Սարգսյանը` նոր կերպարի և հանդիսատեսի գնահատականի մասին
Ելենա Արշակյանի նոր՝ «Մոր խոստումը» հեռուստասերիալի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ Հեռուստանովելի պրեմիերային ընդառաջ Tert.am Life–ը զրուցել է դերասան Սամվել Սարգսյանի հետ, որը մարմնավորում է առանցքային կերպարներից մեկին։
Որպես կանոն` դերասանը մարմնավորում է հարուստ, ազդեցիկ կերպարների։ Ասում է` չգիտի, թե ինչու են իրեն այդպիսի կերպարներ բաժին հասնում, բայց հնարավորն անում է, որպեսզի հերոսները տարբերվեն իրարից։ Նոր հերոսին բնորոշիչներ տալ Սամվել Սարգսյանը չի շտապում։ Հորդորում է հետևել ընթացքին, նոր պատմությունն այսօրվանից կլինի ATV-ի եթերում։
«Ես չգիտեմ ինչու են որոշել, որ «հեղինակությունը» Սամվել Սարգսյանն է։ Ես, համենայն դեպս, փորձում եմ այդ ամենից այնպես դուրս գալ, որ կերպարներս նման չլինեն իրար։ Թե ինչքանով է ստացվում, պետք է հանդիսատեսը որոշի։ Բարեբախտաբար, հանդիսատեսն ասում է, որ կերպարներս իրարից տարբերվում են»,– ասաց նա։

Ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ աշխատելու փորձ ունի։ Դերասանի խոսքով` կերպարը կերտում է ռեժիսորի հետ քննարկումների արդյունքում. «Ես փորձում եմ ընդհանուր հայտարարի գալ ռեժիսորի հետ։ Ուզում եմ հասկանալ, թե ինչի մասին ենք խոսում, ինչի մասին է պատմությունը, ինչից ելնելով էլ ինքս որոշում եմ, թե ինչ տղա է կերպարս»։
Սամվել Սարգսյանին առ այսօր հասարակության զգալի մասը հիշում է «Կյանքի գինը» հեռուստասերիալում մարմնավորած Բարխուդարովի կերպարով։ «Մինչև հիմա ասում են` Բարխուդարովն եկավ։ Բարխուդարովը չկա։ Սա ուրիշ տղա է։ Ինձ դա տխրեցնում է։ Ես շատ այլ լավ բաներ եմ արել, բայց չգիտես ինչու բոլորի մոտ այդ հիշողությունն է մնացել։ Դրանից հետո «Վերադարձ» ենք նկարահանել,– ասում է դերասանը, միաժամանակ շեշտում` ամեն բան հանդիսատեսն է որոշում,– Ես անում եմ այն, ինչ կարող եմ, հանդիսատեսն էլ որոշում է։ Ուզում ես աշխարհի լավագույն արտիստը եղիր, դու հանդիսատեսի համար ես խաղում»։








