Լուիզա Ղամբարյանի ընտանեկան հանգիստն ու ստեղծագործական նորությունը
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ընտանիքի հետ ձմեռային հանգիստը վայելել է Դիլիջանում: Դերասանուհու խոսքով` Հայաստանի գեղատեսիլ վայրերում հանգստանալն իր համար նախընտրելի տարբերակ է: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ընտանեկան հանգստի և նոր հեռուստասերիալում նկարահանվելու մասին:
Լուիզան նկատեց, որ մեկ շաբաթ տևած հանգիստը պասիվ է եղել և լիարժեք հնարավորություն է տվել վայելելու ընտանիքի անդամների ներկայությունը. «Մեկ շաբաթ հանգստացանք, օդափոխվեցինք, հասցրեցինք բավականին շատ շփվել միմյանց հետ, ինչն առօրյա կյանքում, բոլորիս զբաղվածության պատճառով, միշտ չէ, որ ստացվում է»:
Դերասանուհու դիտարկմամբ, մեկ շաբաթը լիարժեք բավարար էր նախորդ տարում հոգնածությունը թոթափելու և լիցքավորված ակտիվ աշխատանքի վերադառնալու համար: «Ինձ համար հանգիստն էլ պետք է այնքան տևի, որ չհասցնես հոգնել հանգստից, առավել ևս, երբ բնույթով և կենսունակությամբ սովոր ես ռիթմի մեջ լինել։ Պասիվ հանգիստը երկարատև լինելու դեպքում ձանձրացնում է, ինչն էլ է բերում որոշակի հոգնածության»,-ասաց նա:
2019-ը Լուիզան սկսել է ակտիվ աշխատանքային ռիթմով և ստեղծագործական նորությամբ: Դերասանուհին այս օրերին նկարահանվում է 32 մասանոց նոր ֆիլմաշարում, որը ցուցադրվելու է փետրվարին Առաջին ալիքով: Մկրտիչ Սարգսյանի գրական ստեղծագործության հիման վրա նկարահանվող «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում Լուիզան մարմնավորում է Արեգայի կերպարը: Ֆիլմաշարի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է: Դերասանուհու խոսքով, ցանկացած նոր առաջարկ ընդունելիս, կարևորում է ոչ միայն ֆիլմի սյուժեն, այլև իր դերակատարումն ու անելիքն այնտեղ:

«Ես նախընտրում եմ նկարահանվել այնպիսի նախագծերում, որտեղ չեմ կրկնվի: Անընդհատ միօրինակ կենսագրությամբ դերեր խաղալը ոչ միայն լճացնում է քեզ, այլև պակասեցնում հանդիսատեսի հետաքրքրությունը քո աշխատանքի նկատմամբ: Այստեղ ամբողջությամբ նոր կենսագրություն ունեցող մի հերոսուհու եմ մարմնավորում, որը պայքարի դուրս եկած կին է: Նա վրեժ է լուծում իր կենսաբանական հորից, որը լքել է մորը, չի իմացել անգամ հերոսուհու գոյության մասին: Իմ կերպարի նպատակն է ցանկացած ճանապարհով վրեժ լուծել իր հորից և թույլ չտալ իր դստերը կրկնել մոր սխալները»,-ասաց դերասանուհին:
Նրա խոսքով, իր նոր կերպարը հետաքրքիր է, հեռուստադիտողը կդժվարանա նրան մանշանակ բացասական կամ դրական որակել: Ֆիլմաշարում Լուիզայի հիմնական խաղընկերներն են Գոհար Իգիթյանը, Նարինե Պետրոսյանը և Արթուր Կարապետյանը: Վերջինը մարմնավորում է նրա կենսաբանական հորը:
«Բավականին հետաքրքիր և օժտված դերասանական կազմ է հավաքված: Գրեթե բոլորի հետ աշխատել եմ, Գոհարի և Նարինեի հետ երկար տարիներ նույնիսկ բեմական ճանապարհ եմ անցել»,-ասաց Լուիզան:
Դերասանուհին նկարահանումներին զուգահեռ մեկ շաբաթ անց կվերսկսի աշխատանքը հարազատ թատրոնում: Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Լուիզան Արթուր Ութմազյանի և Վահագն Գալստյանի հետ հանդիսատեսին կներկայանա նոր՝ Սեմ Բոբրիկի «Եթե անկեղծ խոսենք» ներկայացմամբ:
%20copy.jpg?1547477349984)







