Իննա Խոջամիրյանի երջանիկ ճամփորդությունն ու հանգիստը Թաիլանդում
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ամանորը Հայաստանում դիմավորելուց հետո մեկնել է Թաիլանդ, որտեղ տոնական օրերն անցկացրել է ամառային տրամադրությամբ։ Դերասանուհին Tert.am Life–ին պատմել է ծովային հանգստի մանրամասներն ու տրամադրել հանգստի լուսանկարները։
Իննան սիրում է ճամփորդել։ Ասում է` ավելի երկար կմնար, բայց պետք էր վերադառնալ ու անցնել աշխատանքի. «Հանգստի մեկնելն արդեն հրաշալի է, կապ չունի երբ, որտեղ, ինչքան ժամանակով։ Տպավորված եմ»։
Դերասանուհին առաջին անգամ էր Թաիլանդում։ Նա նկատեց, որ այնտեղ բնությունն աննկարագրելի գեղեցիկ է։ «Մի կողմում ջունգլիներ, մյուս կողմում օվկիանոս ու ավազ, մի փողոց այն կողմ էլ խիտ բնակեցված քաղաք։ Հետաքրքիր և տպավորիչ կոլորիտ է»,– նշեց նա։
Իննան վայելել է ոչ միայն ծովային պասիվ հանգիստը, այլև օգտվել է ճանաչողական տուրերից ու ակտիվ ժամանց ունեցել։ Պարզվում է ծովային հանգիստ դերասանուհին ծովում շատ ժամանակ չի անցկացնում:
«Հիդրոֆոբիա ունեմ, մասնավորապես ծովերից, օվկիանոսներից, լողավազանների հանդեպ վախը, կարծես, հաղթահարել եմ։ Մտնում եմ ծովն ու վախից 4-5 րոպեից դուրս գալիս ջրից։ Այնուամենայնիվ, եթե մոտակայքում ջուր չլինի, լիարժեք «ռելաքս» չեմ լինի։ Միգուցե ես ծովին նայելուց և լսելուց եմ հանգստանում»,– ասաց նա ու հավելեց, որ միայն պասիվ հանգիստը կձանձրացներ իրեն։
Թաիլանդն Իննային տպավորել է ոչ միայն դրական իմաստով։ Գիշերային կյանքն այնտեղ բավականին ակտիվ է. «Այն, ինչ առաջինը տպավորեց ինձ, թեև չեմ կարող ասել, թե դրական իմաստով, Թաիլանդի սեռական բացարձակ ազատությունն էր` տրանսգենդերներ, մարմնավաճառներ, մերկապարուհիներ։ Պիտի պատրաստ լինես, փողոցում քայլելիս կարող ես տեսնել ինչ պատահի։ Երկակի են ապրում՝ առավոտից մինչև 18։00 ամբողջ կղզին մի դեմք ունի, երեկոյան մինչև լուսաբաց՝ լրիվ այլ։ Բոլորովին այլ աշխարհ էի ընկել։ Ամեն երկիր յուրովի է»։
Իննան, որը ճամփորդությունների ընթացքում, անպայման, ինչ–որ փորձանքի է հանդիպում, այս անգամ չի կարողանում այդպիսին մտաբերել։ Ասում է` երջանիկ ճամփորդություն է ունեցել. «Երջանիկ մարդուկ եմ, այս հանգիստը նշանավոր էր, փորձանքներին ուշադրություն չեմ դարձրել։)»։
Այնուամենայնիվ, եղանակային պայմանները փոքր–ինչ ազդել են դերասանուհու տրամադրության վրա։ Թաիլանդում անցկացրած առաջին 3 օրն անցել են փոթորկի սպասումով։ Տեղացիները պատմել են, որ հունվարին նման արտակարգ իրավիճակ վերջին անգամ եղել էր 1962թ-ին։ «Եղանակային անկանխատեսելի և վտանգավոր փոփոխությունները բոլորի սիրտը վախ էին գցել։ Մի պահ ամեն բան այնքան լուրջ էր, որ ղեկավարությունը երկրում արտակարգ իրավիճակ հայտարարեց` կոչ անելով ծովին չմոտենալ, որոշ դեպքերում` նույնիսկ ափամերձ հյուրանոցներից դուրս չգալ։ Չեմ կարող ասել, որ չեմ վախեցել։ Մեր կղզում ամեն ինչ սահմանափակվեց ուժեղ քամիով և անձրևով, հեշտ պրծանք։ Մեզ համար սովորական բան էր անձրև տեսնելը, չնայած տեղացիները սարսափած էին»,– պատմեց Իննան։
.jpg?1547715264775)
.jpg?1547715276057)
.jpg?1547715283532)
.jpg?1547715291302)
.jpg?1547715299262)

.jpg?1547715308760)








