«Նարեկն իմ օրը տոն դարձրեց». Ծովինար Մարտիրոսյանի 34-ամյակի անակնկալները, խնջույքն ու հայտնի հյուրերը

14:09 • 19.01.19

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը երեկ տոնել է 34-ամյակը: Տարեդարձի օրը Ծովինարի համար ամենասպասված ու սիրելի տոներից է, որը, նրա խոսքով, այս տարի նույնպես անցել է ջերմ մթնոլորտում ու հետաքրքիր անակնկալներով: Ամուսինը՝ դերասան Նարեկ Հախնազարյանը, անակնկալներով լի օր է ապահովել սրելիի համար։

Դերասանուհին տարեդարձը նշել է ընտանիքի ու մտերիմ ընկերների միջավայրում։ Տոնական խնջույքի հետաքրքիր պահերը ֆիքսել է Tert.am Life-ը:

Դերասանուհին պատմեց, որ տարեդարձի առթիվ անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից: Տորթով և շամպայնով առաջինը նրան շնորհավորել են ամուսինն ու որդիները: «Առավոտյան էլ օրս շատ գեղեցիկ սկսվեց: Իմ ու Նարեկի շատ մտերիմ մարդու մկրտության արարողությունն էր, որին մասնակցում էինք որպես կնքահայր ու կնքամայր: Դա իր մեջ շատ հետաքրքիր խորհուրդ ուներ: Ուրախ եմ, որ տարեդարձս սկսվեց օրհնությամբ»:

Ծովինարը նկատեց, որ 34-ամյակը հոբելյանական տարիք չէ, այդ իսկ պատճառով առանձնապես չէր մտածել տարեդարձը խնջույքով նշելու մասին, սակայն ամուսինն ու մտերիմ ընկերներն իր փոխարեն մտածել էին այդ մասին և անակնկալ հավաքույթ կազմակերպել:«Չեմ ասի, որ լիովին անակնկալ էր, որովհետև օրվա ընթացքում գլխի էի ընկել, թե ինչ է սպասվում ու պատրաստվել:) Նարեկն ասաց՝ երեկոյան պիտի լինենք ռեստորաններից մեկում, քանի որ մեր ընկերներն ընդհանուր են, հասկացա` ովքեր են հավաքված լինելու: Մի լավ ուրախացանք: Այնքան լավ էր, որ նույնիսկ չնկատեցինք, թե ժամանակն ինչքան արագ անցավ: Շնորհակալ եմ Նարեկին, որ իմ կյանքում ևս մեկ օր տոն դարձրեց: Միշտ զգում եմ, փորձում է այնպես անել, որ իմ կյանքում տոները շատ լինեն»,-ասաց նա:

Խնջույքին ներկա էին Խորեն Լևոնյանը, Լեռնիկ Հարությունյանը, Արաքսյա Մելիքյանը և այլք։ «Նրանք ոչ միայն մեր գործընկերներն են, այլև լավ ու հավատարիմ ընկերները: Մեր ընկերությունն արդեն 18 տարեկան է: Բոլորս մի ընտանիքի պես ենք: Ցավում եմ, որ Անի Պետրոսյանն ու Հովհաննես Դավթյանը գործի բերումով չկարողացան ներկա լինել»,– նկատեց Ծովինարը։

Մայրիկի տարեդարձին ներկա էր միայն ավագ որդին՝ 11-ամյա Անրին։ Դերասանուհին ասաց, որ 4-ամյա Արշակին տանն էին թողել` հաշվի առնելով իր անհանգիստ բնավորությունն և փոքր-ինչ վատառողջ լինելու հանգամանքը:

Բացի տոնական խնջույքի կազմակերպումը ամուսինը Ծովինարին ևս անակնկալ է մատուցել. «Նարեկն ինձ նվիրեց իմ նախընտրած հեռախոսը: Ճիշտն ասած, մի քանի օր առաջ հեռախոսիս հետ կապված անսարքություն էր առաջացել, Նարեկն այն տարավ մասնագետի մոտ, խնդիրը կարգավորեցին: Մտածեցի, ուրեմն նորը չի նվիրի, փաստորեն, սխալվեցի:)»:

Ծովինարը պատմեց, որ տարեդարձի օրը, ինչպես շատերը, ինքն էլ թե՛ ուրախանում, թե՛ փոքր-ինչ հուզվում է։ «Մի խելառ սովորություն ունեմ: Ծննդյանս օրը սիրուն երաժշտություն եմ միացնում ու սկսում մտածել անցած տարվա մասին, ընկնում հիշողության գիրկը: Ասում են, որ 33-ը Քրիստոսի չարչարանքների տարիքն է, ես հասկացա՝ ինչու է այդպես: 33 տարեկանն ինձ համար էլ փորձությունների շրջան էր: Երևի, դա նորմալ է, քանի որ այդ տարիքում սկսում ես ավելի խորը մտածել շատ հարցերի մասին, հասկանում ես, որ պետք է լիարժեք ապրել ու վայելել կյանքը»:

Առաջիկա տարին դերասանուհին մտադիր է անցկացնել ավելի հանգիստ աշխատանքային ռիթմով ու ժամանակի մեծ մասն հատկացնել ընտանիքին։ «34-ում ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, որովհետև վերջին տարիներին շատ եմ աշխատել: Կուզեմ ավելի շատ ժամանակ անցկացնել ամուսնուս ու երեխաներիս կողքին,- ասաց նա և ավելացրեց, որ ընտանիքի համալրման մասին առայժմ չի մտածում,- Դեռ չեմ պատրաստվում երրորդ բալիկն ունենալ, բայց դա Աստծո կամքն է»:

Ծովինարը համոզված է՝ ամեն տարիք իր գեղեցկությունն ունի և ևս մեկ տարով մեծանալն ամենևին տխրելու առիթ չէ։ «Ճիշտ է, արդեն մեծանում ենք, բայց դա էլ իր գեղեցկությունն ունի: Ամեն տարիք իր տեսակն ու բնավորությունն է բերում: Կապ չունի, թե դու քանի տարեկան ես, կարևորը քո հոգեվիճակն է: Ես ինձ ընդհանրապես 34 տարեկան չեմ զգում, թվում է` ավելի երիտասարդ եմ: Հաճախ մտածում եմ, գուցե դա ճիշտ չէ, գուցե ես ինձ մի փոքր ավելի մեծի պես պահեմ, բայց չի ստացվում»,- եզրափակեց դերասանուհին:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

«Նարեկն իմ օրը տոն դարձրեց». Ծովինար Մարտիրոսյանի 34-ամյակի անակնկալները, խնջույքն ու հայտնի հյուրերը