Ամուսնության առաջարկ ու կերպարանափոխություններ. ինչպես է անցել «Շանթի» կորպորատիվ երեկույթը

12:25 • 29.01.19

Այս կիրակին «Շանթ» հեռուստաընկերության անձնակազմի համար տոնական էր։ Հեռուստաընկերության թիմը` ավելի քան 400 աշխատակից, հավաքվել էին ռեստորանային համալիրներից մեկում` կորպորատիվ երեկույթի։ Միջոցառումը հատուկ առիթով կազմակերպված չէր, պարզապես տարեվերջյան ավանդական միջոցառումը տեղափոխվել էր տարեսկիզբ։

«Շանթի» հասարակայնության հետ կապերի բաժինը Tert.am Life–ին է տրամադրել միջոցառման ամբողջական ֆոտոշարքն ու մանրամասներ հայտնել երեկույթի մասին։

Հեռուստաընկերության կորպորատիվ երեկոն թեմատիկ ուղղվածություն ուներ` ռետրո ոճի զգեստներ, դեկորներ, ֆոտոստենդներ, երաժշտություն։ Լսարանին արդեն հայտնի դեմքերից շատերն այնքան փոխված էին, որ լուսանկարներով միանգամից չես ճանաչում նրանց։

«Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ ներկաները կարողանան և՛ լավ ուրախանալ, և՛ հետաքրքիր ժամանց անցկացնել։ Մուտքից հյուրերին վարդերով դիմավորում էր Չարլի Չապլինի կերպարն ու ուղեկցում ներս։ Սրահի ձևավորումը թեմատիկ էր. տեղադրված էին ստենդներ՝ Գյումրու, Չիկագոյի պատկերներով, ինչպես նաև մեծ հեռուստացույց, որի մեջ մարդիկ կարողանում էին նկարվել, կար թեմատիկ ֆոտոբութ և հեռուստացույցի տեսքով գեղեցիկ տորթ»,– հայտնում են հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև «Շանթի» տարբեր նախագծերից հայտնի երգիչ–երգչուհիները: Հեռուստաընկերությունից հայտնում են, որ հանպատրաստից մի քանի համար են ներկայացրել «Հումորի լիգա», Women’s club նախագծերի մասնակիցները։

Երեկոյի ընթացքում նաև մի շարք անակնկալներ են եղել։ Աշխատակիցները հեռուստաընկերության  հիմնադիր–տնօրենին՝ Արթուր Եզեկյանին, առաջին անգամ տեսել են որպես կիթառահար։

Մեկ այլ անակնկալ է եղել ամուսնության անսպասելի առաջարկը, որն արվել է HR բաժնի աշխատակիցներից մեկին։ Վերջինիս ընկերը հեռուստաընկերության աշխատակից չէ և միջոցառմանը եկել էր հատուկ սիրելիին անակնկալի բերելու համար։

Ամուսնության առաջարկ ու կերպարանափոխություններ. ինչպես է անցել «Շանթի» կորպորատիվ երեկույթը