«Ոսկե դպրոցի» դերասանների անակնկալը Մհեր Մխիթարյանի 27-ամյակին

18:54 • 31.01.19

Երիտասարդ դերասան, սցենարիստ Մհեր Մխիթարյանը երեկ նշել է իր 27-ամյակը: Մհերը տարեդարձի առթիվ խնջույք չի կազմակերպել, փոխարենը՝ աշխատավայրում իրեն անակնկալ կերպով շնորհավորել են գործընկերները:

 Դերասանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է տոնական օրվա մասին, ինչպես նաև խոսել հումորային ասպարեզում հայտնվելու և սցենարական աշխատանքի վերաբերյալ: 

Մհերը նշեց, որ առանձնապես չի սիրում տարեդարձը մեծ խնջույքով նշել, բացառություն է եղել հոբելյանական 25-ամյակը. «Դա միակ տարեդարձս էր, որ նշեցի ռեստորանային համալիրում մեծ խնջույքով հարազատներիս ու ընկերներիս միջավայրում»:

Դերասանի խոսքով, այս տարի  տարեդարձի առթիվ առաջին անակնկալը ստացել է Վաչե Թովմասյանից: «Վաչեի անակնկալը նվերի տեսքով էր, բայց չեմ նշի, թե ինչ էր, միայն կասեմ, որ այն ինձ շատ է դուր եկել, իսկ օրվա երկրորդ կեսին թեժ աշխատանքային ընթացքի մեջ էինք, երբ «Ոսկե դպրոց» սիթքոմի իմ գործընկերներից մի քանիսը՝ Էրմինա Զախարովան, Եվա Զոհրաբյանը և այլք, անակնկալ կերպով մտան աշխատասենյակ: Տոնական տորթով, փուչիկներով ինձ շնորհավորեցին և իսկապես անակնկալի բերեցին: Հետո իմացա, որ մի քանի օր առաջ արդեն պատրաստվել էին»,-պատմեց Մհերը:

Նա ասաց, որ տոնական տորթի մոմերը փչելիս երազանք մտապահելու սովորույթը պահում է. «Այս տարի երազանքս կապված է եղել աշխատանքի հետ, որ նոր սկսվող նախագիծը կարողանամ որակյալ անել: Դրա մասին չակերտներն առայժմ չեմ բացի»: 

Մհերը մասնագիտությամբ մարզիկ է՝ ազատ ոճի ըմբշամարտիկ, սակայն ասում է, որ դերասանական տաղանդը դեռ դպրոցից են նկատել ու իրեն ուղղորդել հեռուստատեսություն: «2009-ին ես մասնակցեցի «32 ատամ» ակումբի քասթինգին ու անցա: Դա եղավ իմ առաջին դերասանական փորձը, որից հետո ընդգրկվեցի «Վիտամին» ակումբում, այնուհետև խաղացի «Քարե դարդ» և «Ոսկե դպրոց» սիթքոմներում,-հիշեց Մհերն ու ավելացրեց,  մասնագիտական կրթության պակասը լրացնում է ինքնակրթությամբ,-Տարիների փորձի ու թեմայի մեջ լինելու հաշվին՝ այդքան էլ չեմ զգում այդ բացը,  բայց կա համապատասխան գրականություն, որը փորձում եմ կարդալ ու ավելի հմտանալ այս գործի մեջ:  Փորձի մեծ մասն էլ Վաչեի հետ աշխատանքի արդյունքում եմ վերցրել: Նա պահանջկոտ է և դա միայն հանգեցնում է յուրաքանչյուր նախագծի որակյալ լինելուն»:

Մհերը ոչ միայն կադրում, այլև կադրից դուրս է աշխատում՝ որպես սցենարիստ: Նրա խոսքով, սցենարական աշխատանքը իրեն ոչ պակաս հետաքրքիր է:

«Սկզբնական փուլում «Վիտամինում» խաղալու տարիներին էի պրոֆիլակտիկ սցենարներ գրում և ինձ համար այդ աշխատանքն էլ դարձավ հարազատ: Եթե այն, ինչ գրում ես, քեզ դուր է գալիս և դու հավատում ես, ներքին համոզմունք ունես, որ գրածդ իսկապես ծիծաղելի է, ապա քեզ կհաջողվի հանդիսատեսին ծիծաղեցնել: Մենք տարբեր մարդկանց ենք ցույց տալիս սցենարը, օրինակ՝ առաքիչի կամ ոսկերչի, որպեսզի ստուգենք թե գրվածը իրենց շրջապատում որքանով հետաքրքիր կամ ծիծաղելի կլինի»,-ասաց նա:

Սցենարիստը նկատեց՝ հայ հանդիսատեսին ծիծաղեցնելը հեշտ գործ չէ: «Դժվար է, քանի որ մեր հանդիսատեսը փոքր-ինչ բծախնդիր է: Նրանք դիտելիս առաջին հերթին մտածում են՝ նյութը այս կամ այն տեղից է վերցված թե ոչ, հետո նոր ծիծաղում, բայց մենք արդեն սովորել ենք դրան»,-եզրափակեց նա:

«Ոսկե դպրոցի» դերասանների անակնկալը Մհեր Մխիթարյանի 27-ամյակին