Արամ MP3-ի էներգետիկ համերգն ու անկեղծ խոստովանությունը

17:44 • 01.02.19

Լավ երաժշտություն, մի քիչ հումոր ու անսպառ էներգիա, որը բնորոշ է Արամ MP3-ին։ «Մեցցո» ակումբում երեկ կայացավ երգչի մենահամերգը։ Tert.am Life–ը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր դրվագները, իսկ վերջում զրուցել Արամի հետ։

Թեև երգիչը բավականին հաճախ է ունենում ակումբային համերգներ, պարզվում է` երգացանկ ընտրելը բավականին բարդ գործերից է, որի համար Արամն ուսումնասիրել է լսարանի հոգեբանությունը։ Արդյունքում նա երգերի սեզոնային տարանջատում է արել։

«Ես 2008 թվականից ելույթներ եմ ունենում տարբեր ակումբներում և նկատել եմ, որ մարդկանց տրամադրությունը փոխվում է ըստ սեզոնի և, նույնիսկ, շաբաթվա օրերի։ Սիրված երգերը թողնում եմ, բայց կան երգեր, որոնք փոփոխվում են, օրինակ, ըստ եղանակի։ Ձմռանը մարդկանց մոտ ավելի տոնական զգացողություններ են, գարնանը սիրում են լսել ավելի ռոմանտիկ երաժշտություն, ամռանը` ռիթմիկ երաժշտություն, որպեսզի պարեն, իսկ աշունն ամբողջությամբ տեմպի մեջ անցնող սեզոն է` մարդիկ ուզում են մաքսիմալ արագ պարել, ուրախանալ։ Ըստ օրերի էլ տարբերություն կա։ Օրինակ, եթե հաջորդ օրն աշխատանքային է և արթնանալը բարդ է լինելու, տրամադրությունն այլ է, իսկ ուրբաթ և շաբաթ երեկոներին մարդիկ գալիս են քեզնից մաքսիմալ էներգիա ստանալու և վայելելու համերգի ժամերը։ Ես սովորել եմ իմ սխալների վրա։ Սխալների և հաջողությունների վրա փորձում ես կառուցել ճիշտ երգացանկ։ Բավականին բարդ է ընտրել ակումբային երգացանկ։ Կարևոր է, թե ինչ էներգետիկա և ինչ հերթականությամբ կտաս, որպեսզի հանդիսատեսը ժպտա, արտասվի, ծիծաղի»,– ասաց Արամը։

Երեկ երգիչը նախընտրեց առաջին իսկ ակորդներից ռիթմիկ կատարումներով նկատել և նկատեց, որ այդպես է անում, որպեսզի հանդիսատեսը միանգամից ակտիվանա։ Հանդիսատեսը երգչի ցանկությունն անարձագանք չթողեց։ Նրա հետ պարեց, երգեց, ջերմ ծափողջույների պակաս էլ չկար։

«Հանդիսատեսից շատ բան է կախված։ Երբ իրենցից էներգիա եմ ստանում, ավելի եմ ոգևորվում, բայց միշտ պատրաստակամ եմ մաքսիմալ էներգիա տալ։ Համերգի սկզբում պատրաստակամությունս միշտ նույնն է, ընթացքը հուշում է նաև հանդիսատեսը։ Շփումն ամբողջությամբ հիմնված է իմպրովիզների վրա։ Երբ դահլիճում երիտասարդներն են, առաջին իսկ ակորդներից արդեն ոտքի վրա են, ավագ սերնդին պետք է կարողանաս «տաքացնել», որպեսզի ակտիվություն ցույց տան։ Ժամանակի ընթացքում ձեռք բերած փորձի շնորհիվ առաջին իսկ ծափերից կարողանում ես հասկանալ, թե ինչ հանդիսատեսի հետ գործ ունես այսօր»,– ընդգծեց նա։

Արամը նկատեց, որ ակումբային համերգների ժամանակ հանդիսատեսի ուշադրությունը քեզ վրա հրավիրելն ավելի բարդ է. «մրցակից հանգամանքները» շատ են. «Համերգասրահում հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացած է բեմի վրա, ակումբային տարբերակում բացի քեզ լսելուց, մարդը, օրինակ, շփվում է կողքինի հետ, շեղվելու տեղերը շատ են։ Քո գերնպատակն է ` հաղթել մյուս բոլոր «ուշադրության կենտրոններին»։ Որքան շուտ է քեզ մոտ ստացվում, այնքան լավ։ Ամենակարևորն այն է, որ վերջում միշտ հասնում ես քո նպատակին:)»։

Երգիչը, որն իր կարիերան սկսեց նմանակումներով և հումորային երաժշտական ելույթներով, չնայած բեմական մեծ փորձին, ժամանակին շատ էր լարվում բեմ բարձրանալուց առաջ։

Արամն այս թեմայով անկեղծ խոստովանություն արեց. «Չնայած առաջին հայացքից բոլորին թվում է` ինչ տարբերություն, միևնույն է, բեմում ես, սկզբնական փուլում իմ ելույթներում կաշկանդվում էի շփվել հանդիսատեսի հետ, փորձում էի ճիշտ անել իմ աշխատանքը, այնպես երգել, որ հանկարծ ֆալշ չունենամ։ Համերգի նախորդ օրերին չէի քնում, մտածում էի` ինչպես է անցնելու։ Երկու բնագավառն էլ բեմի հետ կապ ունեն, բայց շատ են տարբերվում իրարից։ Երբ ես նույն երաժշտական հատվածն անում էի հումորային ժանրում, չգիտեմ ինչու, ինձ ավելի հանգիստ է զգում։ Մտածում էի` հումոր է, բացի այդ, բեմում մի քանի հոգով էինք ու պատասխանատվության զգացումը կիսվում էր մեր միջև։ Հոգեբանական նուրբ խնդիրներ են առաջանում, երբ գիտակցում ես, որ մարդիկ եկել են հատուկ քեզ լսելու և սխալվելու իրավունք չունես։ Իհարկե, երկուսն էլ պարտավորեցնող են, բայց ինձ համար բավականին բարդ էր, երբ հումորից անցա երաժշտական բեմ։ Անհանգստություն հիմա էլ կա, բայց տարիների ընթացում սկսում ես այլ բաների համար անհանգստանալ, հմտանում ես այդ գործի մեջ ու դառնում պրոֆեսիոնալ»։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Արամ MP3-ի էներգետիկ համերգն ու անկեղծ խոստովանությունը