Ինգրիտ Կոկչյանի և Արման Մարգարյանի որդու առաջին նկարահանումն ու հետաքրքրությունները

16:38 • 08.02.19

Արման Մարգարյանի և Ինգրիտ Կոկչյանի որդին՝ Անրին, օրերս մասնակցել է ռոբոտաշինության մասին հոլովակի նկարահանումների։ Արմանի տեղադրած բեքսթեյջ լուսանկարները քննարկումների առիթ են դարձել, որ որդին բռնել է ծնողների ճանապարհը։

Tert.am Life–ը զրուցել է հաղորդավարի հետ և հետաքրքրվել` արդյոք սա տղային հեռուստատեսություն բերելու փորձ է։ Պարզվում է` Անրին ունենում է նկարահանման առաջարկներ, բայց տեսախցիկի առաջ հայտնվել չի սիրում։

«Չգիտեմ ինչու, այս անգամ համաձայնեց նկարահանվել։ Մեր տղաները ռոբոտ են ստեղծել, որի շնորհանդեսի համար հոլովակ են պատրաստում։ Քանի որ ինքն էլ հետաքրքրված է ռոբոտաշինությամբ, ցանկացավ նկարահանվել։ Չեմ կարող ասել, որ Անրին հետաքրքրված է նկարահանումներով, իմ կամ մամայի ճանապարհով է գնալու։ Միաժամանակ, որքան էլ մեծ ոգևորություն չեմ նկատում, այս անգամ հավեսով որոշեց, որ նկարահանվելու է,– ասաց նա։

12–ամյա Անրին վերջնականապես կողմնորոշված չէ մասնագիտական հետաքրքրությունների հարցում, սիրում է ռոբոտաշինություն, երաժշտություն, կիթառ է նվագում. «Խումբ ունեն, միասին նվագում են, ռոբոտաշինությամբ է հետաքրքրված՝ հաճախում է Թումո ստեղծարարական կենտրոն։ Կոնկրետ մասնագիտություն դեռ չի ընտրել։ Մի ժամանակ ասում էր, որ ուզում է խոհարար դառնալ, հետո փոխվեց, ուզում է համակարգչային խաղեր ստեղծել։ Ամեն դեպքում այդ գնում է ՝ երաժշտության, ռոբոտաշինության, ծրագրավորման ուղղությամբ»,– նկատեց հայրիկը։

Ինչ վերաբերում է որդու մասնագիտական ընտրության հարցում սահմանափակումներ դնելուն` Արմանը նշեց, որ ինքը փորձել և փորձելու է բավարարել Անրիի հետաքրքրություններն ու ազատություն տալ` գտնելու իրեն հետաքրքիր զբաղմունքներ։

Զառա Ղազարյան

Ինգրիտ Կոկչյանի և Արման Մարգարյանի որդու առաջին նկարահանումն ու հետաքրքրությունները