«Ամենահիշարժան տարեդարձս նախորդ տարի էր, քանի որ սիրելիս կողքիս էր». Մաշ Իսրայելյանը՝ 22-ամյակի ու անակնկալի մասին
Երգչուհի Մաշ Իսրայելյանն օրերս նշել է ծննդյան 22-ամյակը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի երգչուհին տոնական խնջույք չի կազմակերպել, սակայն հիշարժան օր է ունեցել շնորհիվ ընկերների անակնկալի: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշը պատմել է տոնական օրվա մանրամասները:
Երգչուհուն առաջինը շնորհավորել է սիրելին: «Հանգամանքների բերումով երկրորդ կեսս այս պահին արտերկրում է, բայց միևնույն է առաջինը նա հասցրեց շնորհավորել»,-ասաց նա:
Կեսգիշերից երգչուհին սկսել է տարեդարձը տոնել ընկերների հետ, որոնք անակնկալ այցելել են իրեն։ «Միասին հաճելի ժամանակ անցկացրինք: Ինձ համար ամենագեղեցիկ անակնկալը դա էր,-ասաց Մաշն ու նշեց, որ իր կյանքի ամենահիշարժան տարեդարձը նախորդ տարի էր,– Պատճառն այն էր, որ կողքիս իմ սիրելի էակն էր: Նրա հետ աշխարհն ուրիշ է, հետևաբար, նաև տարեդարձս էր ուրիշ:)»։
Մաշի խոսքով, գրեթե, ամեն տարի տարեդարձը նշում է խնջույքով, սակայն այս տարի սիրելիի բացակայությունը փոխել է ծրագրերը. «Երկար պատրաստվում եմ տարեդարձիս օրվան, առաջին տարին էր, որ խնջույք չեղավ, քանի որ ինձ համար ամենակարևոր մարդկանցից մեկն այստեղ չէր»:

Մաշը նկատեց, որ տոնական տորթի մոմերը փչելը մանկությունից մնացած, թերևս, միակ սովորությունն է, որ մինչև օրս պահպանում է: «Բոլորս էլ ինչ-որ չափով ներքուստ մեզ երեխա ենք համարում ու այդ երեխան, անպայման, ուզում է հավատալ երազանքների իրականացմանը: Ես էլ բացառություն չեմ ու, իհարկե, մտապահել եմ գեղեցիկ ու կարևոր երազանք»,- ասաց երգչուհին:
Ամփոփելով անցնող տարիները՝ Մաշն առանձնացրեց վերջին երկուսը, որոնք ստեղծագործական առումով բուռն ու հաջողակ է համարում: Երգչուհին ասաց, որ իրեն երբևէ չի մտահոգել ևս մեկ տարով մեծանալու փաստը: Նրա դիտարկմամբ` կարևորն ապրած տարիների բովանդակությունն ու դրական մասն են:
«Ես սենտիմենտալ մարդ չեմ, առհասարակ, նման բաներից չեմ տխրում։ Եթե խնջույք է, պետք է մոռանալ ամեն ինչի մասին ու միայն ուրախանալ: Բոլորն են մեծանում և մի օր էլ չեն լինում 20 տարեկան, բայց ես երբեք չեմ տխրել, քանի որ իմ կյանքի 22 գարուններն էլ անցել են բացառապես ուրախ մթնոլորտում»,– ասաց նա։
Մաշի կարծիքով, յուրաքանչյուր տարիք որոշակիորեն կյանքի նոր փուլ է համարվում: Այդ տեսանկյունից երգչուհին նախանշեց իր առաջիկա անելիքները: «Այս փուլում մտածում եմ միայն ստեղծագործական հաջողությունների մասին, քանի որ անձնական կյանքումս ամեն ինչ հարթ ու գեղեցիկ»,- եզրափակեց նա:










