«Թող չորս երեխաս էլ աղջիկ լինեն, բացարձակ չեմ տխրի»․ Էմմա Գևորգյանը` երեխայի ծննդի և բազմազավակ մայրիկ դառնալու ցանկության մասին

13:18 • 18.02.19

Հաղորդավարուհի Էմմա Գևորգյանը երկրորդ անգամ է մայրացել։ Ավագ դուստրը` Վանեսան, արդեն փոքրիկ քույրիկ ունի, որի համար ևս ծնողներն ընտրել են տարբերվող ու Հայաստանում հազվադեպ հանդիպող անուն՝ Աֆինա։ Tert.am Life-ն Էմմայի հետ զրուցել է ընտանիքի համալրման, դստրերի դաստիարակության և կրկին եթեր վերադառնալու մասին։

Վերջին շրջանում եթերից բացակայելը հաղորդավարուհին կապում է մի քանի հանգամանքի հետ, որոնցից առաջինը հեռուստատեսային դաշտի փոփոխությունն է, երբ պետք է համատեղել հետաքրքրությունը, որակն ու կոմերցիան․ «Ես ավելի պասիվ եմ ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկելու տեսանկյունից։ Ընդհանուր ոլորտի խնդիր էլ կա, փոքր–ինչ դժվար եմ պատկերացնում՝ հիմա ինչ կարելի է անել հեռուստաընկերությունում, որ իր մեջ ունենա այդ երեք հատկանիշները»։

Թե ինչ կլինի հետո, ինչ նախագծով որ հեռուստաալիքում կհանդիպենք Էմմային, հաղորդավարուհին դեռ չգիտի, բայց նկատեց, որ երկրորդ բալիկի ծննդից հետո նոր նախագիծ մտածելու ժամանակ կա։ «Պատրաստի առաջարկ դժվար չընդունեմ, բայց ինքնուրույն նախաձեռնելու առումով դեռ փնտրտուքի մեջ եմ։ Եթե ստացվի համատեղել նշածս հատկանիշները, միանշանակ, կիրագործեմ»,– ասաց նա։

Էմման սոցցանցերում ավելի վաղ միացել էր այն հայտնիներին, ովքեր իրենց ֆեյսբույքան էջի գլխավոր նկարին ավելացրել էին «թող աղջիկ ծնվի» շրջանակը։ Երկու դստրերի մայրիկը նշում է, որ իրենց համար երեխայի սեռը կարևոր չի եղել, ուզում է ևս երկու բալիկ ունենալ, որոնց դեպքում ևս սեռն էական չի լինի․ «Թող չորսն էլ լինեն աղջիկ, ես դրանից բացարձակ չեմ տխրի»։

Խոսելով ավագ դստեր ու նրա դաստիարակության մասին` Էմման նշեց, որ Վանեսան շատ լավ է ընդունել քույրիկ ունենալու հանգամանքը։ Իրենք վաղուց են աշխատել դստեր հետ՝ խոսելով ընտանիքի համալրման մասին։ Բացի այդ, Վանեսան ինքն է շատ ցանկացել քույրիկ ունենալ։ «Վանեսան երեք տարեկան էլ չկար, երբ սկսեց խոսել այդ մասին։ Ուզում էր ինչ-որ մեկը լինի, որի հետ կարող է խաղալ, զբաղվել։ Մինչև ընտանիքը ևս մեկ անդամով համալրեմը պետք է սկսել զրուցել երեխայի հետ։ Ինն ամսվա ընթացքում կարելի է հասնել նրան, որ էգոիզմի նշույլները հաղթահարվեն»,– վստահ է մայրիկը։

Չնայած Վանեսան չորս տարեկան է, մայրիկի խոսքով, շատ ինքնուրույն է, ավելին, փորձում է քույրիկին ևս ինքնուրույն օգնել։ «Մենք իրեն բացատրել ենք, որ Աֆինան առաջին հերթին իր քույրիկն է, իր ամենալավ ընկերը։ Թե՛ նա, թե՛ մյուս երեխաները, որոնք կհամալրեն մեր ընտանիքը, առաջին հերթին մեծ պարգև են իր, հետո միայն մեզ համար։ Երևի դա է պատճառը, որ նա այդքան լավ է ընդունում քույրիկին»,– ասաց նա։

Երկու դուստրերի տարիքային տարբերությունն օգնում է Էմմային, հատկապես, երբ առաջին բալիկն ինքնուրույն է․ «Մեր դեպքում չորս տարի և երկու ամիս է։ Այնպես եմ անում, որ մեծ բալիկս չտուժի, որովհետև երբ տանը փոքրիկ կա, անկախ քո կամքից, ավելի շատ ժամանակ ես անցկացնում փոքրի հետ, մեծն ինչ-որ չափով մնում է առանց ուշադրության։ Մեր դեպքում ամեն ինչ այլ է, հաշվի առնելով Վանեսայի ինքնուրույն լինելն ինձ շատ է օգնում»։

Զառա Ղազարյան

«Թող չորս երեխաս էլ աղջիկ լինեն, բացարձակ չեմ տխրի»․ Էմմա Գևորգյանը` երեխայի ծննդի և բազմազավակ մայրիկ դառնալու ցանկության մասին