«Վարսերիս նոր երանգը ժամանակավոր է». Էրմինա Զախարովան՝ ոճային փոփոխության պատճառի ու արձագանքների մասին
Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովան դիմել է վարսերի գունային փոփոխության: Տևական ժամանակ շիկահեր ներկայացող դերասանուհին դժվարությամբ է հարմարվում վարսերի նոր երանգին: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ոճային փոփոխության պատճառի ու արձագանքների մասին:
Էրմինան նշեց, որ վարսերի բաց երանգից հրաժարվել է նոր կերպարի և ոչ թե անձնական նախընտրության պատճառով: Դերասանուհու խոսքով, փոփոխությունը ժամանակավոր է:
«Վարսերս ներկել եմ նոր հեռուստանախագծում ներկայանալու համար, որտեղ պետք է մարմնավորեմ առավել փոքր տարիքով հերոսուհու: Իրականում հեշտ եմ գնացել այդ փոփոխությանը, քանի որ շատ էի ուզում աշխատել Հայկ Կբեյանի հետ, որը նոր նախագծի ռեժիսորն է,-ասաց Էրմինան, սակայն առայժմ մանրամասներ չհաղորդեց սպասվող նախագծի մասին,- Նկարահանումները մեկ ամսից կավարտենք և ես կրկին կանցնեմ վարսերիս բաց երանգին, քանի որ ինձ այդպես ավելի լավ ու ինքնավստահ եմ զգում»:
Դերասանուհու խոսքով, ինչպես իր, այնպես էլ շրջապատի մարդկանց համար գունային փոփոխությունը փոքր-ինչ անսովոր է եղել:
«Իհարկե, շատ խորթ է ինձ համար այս երանգը: Երբեմն, անգամ, մոռանում եմ այդ փոփոխության մասին և առավոտյան հայելու մեջ նայելիս՝ կրկին անակնկալի գալիս:): Կուրսընկերներիս համար էլ սա անակնկալ եղավ, քանի որ որևէ մեկը տեղյակ չէր, որ պատրաստվում եմ նման փոփոխության: Ասում են, որ սազում է, թեև շատերն ինձ սովոր են տեսնել հենց բաց երանգի մազերով»,-ասաց Էրմինան:
Նա նկատեց, որ համացանցում էլ տարբեր արձագանքների է հանդիպել՝ ընդգծված բացասականից մինչև դրական. «Շատերը զարմացած գրում են՝ վայ ի՞նչ ես արել, մի մասն էլ նշում է, որ շիկահեր ավելի է սազում: Քանի որ իմ մաշկը ցորենագույն է, ինքս էլ կարծում եմ՝ մուգ վարսերն իմ դեմքն ավելի են մգեցնում»:
Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե արտաքինի հետ կապված ի՞նչ փոփոխությունների է պատրաստ հանուն մասնագիտական գործունեության ու պահանջվող կերպարի, վերջինս նկատեց, որ շատ բան կախված է առաջարկի բովանդակությունից:
«Նայած, թե ինչ նախագիծ կլինի, որքանով այն կհավանեմ կամ կցանկանամ այնտեղ ներկայանալ: Եթե օրինակ, ասեն, որ հարկավոր է շատ կարճ կտրել վարսերս, գրեթե տղայական կտրվածք ստանալ, ես դրան չեմ համաձայնի: Կարծում եմ՝ դա կարելի է ստանալ կեղծամի կամ այլ միջոցներով»,-ասաց նա:
Էրմինան նշեց, որ նոր նախագծի նկարահանումների ավարտից հետո անմիջապես կվերադարձնի մազերի նախկին երանգը, քանի որ դիպլոմային ներկայացման մեջ նույնպես կերպարը բաց երանգի վարսեր է պահանջում:










