Էրիկ Անթառանյանն ու Մամիկոն Սիմոնյանը մրցում են ավելի շատ նիհարելու համար. ով քանի կիլոգրամ է կորցրել 3 շաբաթում
Հաղորդավարներ Մամիկոն Սիմոնյանի և Էրիկ Անթառանյանի միջև ճարպային իրական պատերազմ է։ Առաջին ալիքի առավոտյան ծրագրի՝ «Առավոտ լուսո»-ի շրջանակում նրանք 60 օրվա ընթացքում պետք է նիհարեն։ Հաղորդավարների պայքարը թեժ է. յուրաքանչյուրը փորձում է իր քաշի համեմատ գրանցել առավելագույն արդյունքը։
Tert.am Life-ը հետևել է հաղորդավարների քրտնաջան մարզումներին ու զրուցել նրանց հետ։ Հաղորդավարները խոսեցին ոչ միայն սեփական քաշի կորստի մասին, այլև ներկայացրին իրական դասախոսություն առողջ ապրելակերպի վերաբերյալ։
«Երբ մարզումը սկսեցի, քաշս 103 կիլոգրամից մի քիչ էլ ավելին էր, այսօր՝ 22-րդ օրը, 98 կիլոգրամ եմ կշռում»,- ասաց Մամիկոնն ու հավելեց, որ թվում է` Էրիկի շանսերն ավելի մեծ են` հաշվի առնելով փաստը, որ գեր մարդկանց համար ավելի հեշտ է քաշի կտրուկ կորուստ գրանցել։
Մամիկոնի այս նկատառումն Էրիկն որակեց որպես պարտությունից առաջ ապահովագրություն ու հիշեց, որ սա մրցակցության իրենց առաջին փորձը չէ։ «Իմ մոտիվացիան միայն Մամիկոնին հաղթելն է, սա առաջին նման արդյունքը չի լինի։ Նախկինում արդեն հաղթել եմ նրան ոչ միայն ինտելեկտուալ, այլև տարբեր սպորտային մրցումներում, այդ թվում` քարթինգի պայքարում։ Ես սկսել եմ 112 կիլոգրամով, այսօր առավոտյան կշռվեցի, արդեն 104 կիլոգրամ էի»։
Մոտիվացիաներ ընտրելու հարցում հաղորդավարները շատ տարբեր են։ Էրիկը բացի Մամիկոնին հաղթելը ևս մեկ մոտիվացիա ունի․ «Սա միայն սկիզբն է՝ հասնելու եմ այն քաշին, որ կարողանամ օգտվել պարաշյուտով թռչելու հնարավորությունից։ Ցանկալի քաշը 95 կիլոգրամն է, քանի որ մեզ մոտ, զինվորական պարաշյուտով օգտվել 95 կիլոգրամից ավելի կշռող մարդկանց չի թույլատրվում։ Ես շատ շուտով կհասնեմ 95 կիլոգրամին»։
Մամիկոնն էլ նշում է՝ իր համար շատ կարևոր է, որ փորը չունենա, երբ որդու հետ սպորտով զբաղվելու կարևորությունից է խոսում։ «Ամաչում էի տղայիս հետ շփվել, երբ նրան հորդորում էի սպորտով զբաղվել, հասկանում էի, որ ես օրինակ չեմ ծառայում»,- ասաց հաղորդավարը` ավելացնելով, որ հեռուստատեսային աշխատանքը նույնպես իրեն մոտիվացնում է, քանի որ արտաքին տեսքն աշխատանքի մի մասն է։
Սննդակարգ փոխելը բարդ գործընթաց է, միանգամից խիստ դիետա սկսելը՝ սթրես օրգանիզմի համար։ Մամիկոնն իր մշակած մեթոդն ունի ֆիզիկական վարժություններին ու ճիշտ սնվելուն զուգահեռ նաև հոգեբանորեն ճիշտ տրամադրվելու համար։
«Որոշակի ժամանակ սթրես ես ապրում, հետո զգում ես, որ սննդակարգը միայն նիհարելու համար չէ։ Սա մի ամբողջ կոմպլեքս է, որը երկու շաբաթվա ընթացքում կամաց-կամաց մարզչի՝ Ռաֆայել Խաչատրյանի օգնությամբ տեղը գցեցի։ Կա մի համակարգ, որը բաժանում եմ չորս մասի՝ ֆիզիկական, էմոցիոնալ, մտավոր և հոգևոր։ Հիմա շատ կարևոր է, որ այդ չորսը լինեն բալանսի մեջ և թեկուզ քիչ, բայց բալանսավորված զարգանան։ Երբ ձեռքդ տանում ես, որ քաղցր մի բան ուտես՝ օգնության է գալիս գիտակցությունը»,- ասաց Մամիկոնը` ավելացնելով, որ խախտումներ թույլ է տվել միայն առաջին երկու օրը։
Էրիկը վստահեցնում է` շոու չի անում, իր համար իսկապես դժվար չէ այս փուլը, սննդակարգով նիհարելու փորձեր էլ նախկինում ունեցել է։ «Միակ դժվարությունը գրաֆիկին հարմարվելն ու ընդունելն է, որ քեզնից երիտասարդ ու մարզված մարզիչը, երբեմն, ձայն է բարձրացնում ու քեզ կարգի հրավիրում»,- ասաց Էրիկն ու հիշեցրեց՝ ինքը պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Հայաստանի լողի երկակի չեմպիոն, 15 տարի զբաղվել է լողով և եղել Հայաստանի հավաքականի կազմում։
Որպես նիհարելու գլխավոր նախապայման` հաղորդավարներն առանձնացնում են ջրի կարևորությունը։ Էրիկն ընդգծում է, որ յուրաքանչյուր հարցի պատասխան հնարավոր է գտնել ջրի մեջ, խմել շատ ջուր, քանի որ ջուրն իր մեջ շատ մեծ էներգիա և ինֆորմացիա է պարունակում։
Մամիկոնի առաջարկած նիհարելու մեթոդը նույնպես սկսվում է ջրից։ «Նիհարելու ընթացքը բազմաֆունկցիոնալ է, սակայն մենք չենք կարող միանգամից բոլոր պահանջները կատարել։ Պետք է սկսել առավոտյան մեկ բաժակ գոլ ջուր խմելուց, հետո շարունակել գիտակցված սննդակարգով, ապա սովորել, որ ուտելիս պետք է կենտրոնանալ միայն ուտելիքի վրա, դա նպաստում է մարսողությանը։ Կարևոր է չուտել ուշ ժամերին։ Սրանք շատ պարզ բաներ են, որոնք կարող ենք անել ու զգալ դրական արդյունք։ Երբ տեսնում ես փոփոխությունը, ինքնըստինքյան ցանկություն է առաջանում գնալ առաջ և նոր արդյունք գրանցել»,- ասաց հաղորդավարը։ Մամիկոնը վստահ է, որ նիհարելուց հետո ոչ միայն զգեստապահարանում, այլև կյանքում ու կենսակերպում շատ փոփոխություններ կլինեն։









Զառա Ղազարյան







