«Տղաները չափն անցնում են» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

13:05 • 08.03.19

Մարտի 8–ին ընդառաջ Կամերային թատրոնի բեմում «Տղաները չափն անցան» ու անպատասախանատու ներկայացում խաղացին։ Անպատասխանատու որակումը հենց ստեղծագործական թիմինն է, այսպես է նշված պոստերի վրա։ Ռեժիսոր Արշո Հարությունյանի նոր բեմադրությունը հիմնված է Արա Երնջակյանի «Էտյուդ կանանց մասին» պիեսի վրա։

Tert.am Life–ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին ու ներկայացնում է հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։ Կամերայինի փոքրիկ դահլիճում հայտնի հյուրերը, ինչպես միշտ, կամերայինցիներն ու թատրոնի հավատարիմ ընկերներն են` Լուիզա Ներսիսյանը` դստեր` Լիլիթի հետ, Դիանա Շատվերյանը, Ռիչարդ Մադլենյանը, Զիրոյանը, Էվա Խաչատրյանը։

«Տղաները չափն անցնում են» ներկայացման հերոսները Ռաֆայել Երանոսյանը, Ներսես Մարկոսյանն ու Սենիկ Բարսեղյանն են։ Նրանք ներկայանում են իրենց իրական անուններով, թեև ստեղծված են բեմական կերպարներ։ Բեմում նրանք զրուցում ենք կանանց մասին, գովերգում նրանց, հումորով ներկայացնում թերությունները` նմանակելով, թե ինչեր են անում հանուն գեղեցկության։

Վերջինը բավականին զվարճացրեց հանդիսատեսին։ Հանդիսատեսի շարքերում որոշ կանանց համար շատ զվարճալի էր տեսնել, թե ինչպես են տղամարդիկ պատկերացնում իրենց` շպարվելու ընթացքը կամ մազահեռացման պրոցեսը։

Զրույցի ձևաչափից դուրս չէր մնում հանդիսատեսը։ Կամերայինի լսարանը գիտի, որ ներկայացումների ժամանակ հաճախ իրենք էլ դառնում են անմիջական մասնակից։ Այսպես նրանք քոչարի պարեցին դերասանների հետ, արձագանքեցին նրանց հարցերին` հնարավորություն տալով նաև իմպրովիզների։

Կամերայինի փոքրիկ դահլիճում հանդիսատեսի արձագանքն էլ արագ է հասնում դերասաններին։ Օրինակ, երբ Ռաֆոն շփոթվեց և «Արհամարհանքն ամենամեծ զենքն է» արտահայտությունը սկսեց «Վիրավորանքը...» բառով, դահլիճից ուղղումը չուշացավ։ Դերասանն իրեն չկորցրեց ու կատակեց, «Եթե այդքան լավ գիտեք, եկեք, խաղացեք»։ Այսպիսի անմիջական շփումը ևս արժանացավ հանդիսատեսի ջերմ արձագանքին։

Կոմերցիոն ներկայացումը հասավ իր նպատակակետին։ Հանդիսատեսի զգալի մասը ներկայացման ավարտին ջերմ ծափողջույններ ուղղեց ստեղծագործական թիմին ու դահլիճից հեռացավ լավ տրամադրությամբ։

«Տղաները չափն անցնում են» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը