«Ժամանակին հավես չունեի հագուստ ընտրել, բայց հասկացա, որ ամեն օր պետք է ոճային լինեմ». Մարիա Չանդիրյանը` սեփական ոճի, տարբերվելու և տեսահոլովակներում չնկարահանվելու որոշման մասին
Մարիա Չանդիրյանը հեռուստադիտողներին լայն շրջանակին հայտնի դարձավ OutDance սիթքոմից, չնայած որպես պարուհի համագործակցել է հայկական շոու բիզնեսի շատ երգիչ-երգչուհիների հետ։ Մարիան նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել այլևս տեսահոլովակնում չնկարահանվելու որոշման, ոճի և դերասանական կարիերայի մասին։
Վերջին շրջանում Մարիան տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներ չի ընդունում։ Պարուհի-դերասանուհին այս որոշումը բացատրեց՝ նշելով, որ հարգում է գործընկերների կատարած աշխատանքը, ինքն էլ է իր ուղին այդպես սկսել, բայց որոշել է չնկարահանվել, եթե տեսահոլովակը բուն պարային չէ։
«Պետք չէ մարդկանց զզվեցնել քո ներկայությամբ։ Մարդը հեռուստացույցը միացնում է դու ես, գովազդում դու ես, տեսահոլովակում դու ես, սիթքոմ է նայում` դու ես։ Մեխանիկորեն հակակրանք է առաջանում քո կերպարի նկատմամբ։ Չնայած շատ եմ սիրում պարել, կարծում եմ` ժամանակն է դադարացնել տեսահոլովակներում նկարահանվելը»,- ասաց Մարիան և ավելացրեց, որ այժմ հետաքրքրված է նոր աշխատանքով` պարբերաբար վարպետության դասեր է իրականացնում, որտեղ, իր խոսքով, իսկապես կարողանում է պարել այնպես, ինչպես ինքն է ուզում։
OutDance սիթքոմը, որը հայտնիություն բերեց Մարիային, նաև որոշակիորեն բարդացնում էր նրա կյանքը։ Դերասանուհին հիշու է, թե ինչ դժվարությամբ էր հիշում տեքստերը։ «Ես այնտեղ միաժամանակ և՛ պարի բեմադրության մասին էի մտածում, որ լավ կատարեն, և՛ երաժշտության, և՛ տեքստը հիշելու։ Բառերը վերհիշելու համար ժամանակ չէր մնում, մեկ էլ պարզվում էր, որ մյուս տեսարանում պետք է խոսեմ, բայց չէի հիշում` ինչ եմ ասելու։ Դա համատեղելը մի քիչ բարդացնում էր նկարահանումը, բայց հաղթահարում էի»,- ժպիտով պատմեց Մարիան։
Դերասանուհին խոստովանում է, որ ինչպես, գրեթե. բոլորը, ինքն էլ ունեցել է բարդույթներ, որոնք հաղթահարել է. այլևս չի ամաչում այս կամ այն տեսարանը խաղալիս և փորձում է չմտածել՝ կադրում գեղեցիկ նայվելու մասին։ Հասկացել է, որ դա նույնպես շեղում է։ Մարիան նշեց, որ հիմա ինքն իրեն շատ է հավանում կադրում։ Դերասանական հմտությունների տեսակետից Մարիան նշում է, որ դեռ չունի այն արդյունքը, որը ցանկանում է տեսնել և կարող է ներկայացնել։
«OutDance սիթքոմում իմ խաղացած առաջին և վերջին սերիաների միջև տարբերությունը մեծ է, բայց համարում եմ, որ դա լավագույնը չէ։ Ես ընդամենը 25 տարեկան եմ, կյանքս առջևում է, այնպես որ, սովորելու հնարավորություն, ժամանակ և մեծ ցանկություն ունեմ»,– ասաց նա։
Արդյունքի հասնելու համար դերասանուհին կարևորում է աշխատասիրությունը։ Պարուհու կյանքում նախկինում դերասանական տաղանդի վրա աշխատելու առիթներ չկային, կենտրոնացած էր միայն պարի վրա, հիմա մտածում է նաև դերասանի հմտությունները խորացնելու համար, թեմատիկ գրքեր է կարդում, մասնագետների խորհուրդներն ընդունում։
Սիթքոմում խաղալը Մարիային հայտնիություն բերեց։ Պարուհին ժպիտով նշում է, որ կարծում էր, թե հայտնի է միայն երեխաների և պատանիների շրջանում, բայց իրեն ճանաչում են անգամ տաքսու վարորդները։ Չնայած շփվում է իրեն մոտեցած մարդկանց հետ, ասում է` ուշադրության կենտրոնում լինել չի սիրում, հատկապես, երբ տրամադրություն չունի։ «Նեղվում եմ ուշադրությունից, որովհետև էկրանից այս կողմ ես ուրիշ եմ։ Վերջերս եմ հասկացել, որ մարդիկ շատ են հավանում ինձ ու իմ կերպարը։ Մարմնավորածս կերպարն ուրախ է, մարդիկ ինձ այդպիսին գիտեն, բայց ես կարող եմ նաև տխրել, ժամանակ կամ տրամադրություն չունենալ։ Երբ նման պահերին մոտենում են, ուզում նկարվել, ասում են անում՝ ինչո՞ւ ես իրականում այսպիսին, սիթքոմում ուրիշ ես, ավելի սիրուն, պուճուր, լավը:) Այդ պահին նեղվում եմ, որ տրամադրություն չունեմ և չեմ կարողանում կիսել իրենց ուրախությունը»,- ասաց Մարիան, ապա ժպիտով ավելացրեց, որ անհարմար է նաև այն ժամանակ, երբ քաղցած է, բայց ստիպված է ուտելը կիսատ թողնել լուսանկարվելու համար։
Պարուհի-դերասանուհին նաև մարզիչ է։ Խիտ գրաֆիկը ժամանակին նրան ստիպել էր ձգտել հարմարավետ հագուստի, բայց վերջին ամիսներին փոխել է հագուստ ընտրելու իր սկզբունքները։ Ասում է` աշխատում է միշտ լինել ոճային, եթե անգամ իր կերպարը շատերին ստանդարտից դուրս ու անհասկանալի թվա։
«Ժամանակին կարող էի սովորական մի շապիկ հագնել, սպորտային կոշիկներ և հանգիստ զբաղվել իմ գործերով։ Քանի որ ես զգեստների սիրահար եմ, ամռանն էլ դրանց հետ համադրում էի սանդալներ և վերջ։ Կարևոր տեղ ունեմ գնալիս կարող էի մյուս ծայրահեղությունն ընտրել` շատ բարձր կրունկներ։ Վերջին ամիսներին կյանքումս որոշ փոփոխություններ եղան, ինչից հետևություն արեցի, որ ամեն օր պետք է ոճային լինեմ»,- ասաց Մարիան, սակայն փակագծերը չբացեց, թե ինչու է այդպես որոշել։

Մարիան վստահ է, որ նորաձև լինելու համար մեծ բյուջե պետք չէ, առաջնայինը ճաշակ և ցանկություն ունենալն է։ «Ժամանակին հավես չունեի և մտածում էի` դա կարևոր չէ, բայց սխալվում էի։ Պետք է միշտ լինել ոճային, բայց նորաձևության հետևից ընկնել պետք չէ, որովհետև թրենդային համարվող ոչ բոլոր զգեստները կարող են համապատասխանել տվյալ մարդու մարմնին։ Կարևորն այն է, որ ինքդ քեզ սիրես և ցանկանաս տեսնել նոր կերպարով։ Մեր աղջիկների մեծ մասն իրեն չի պատկերացնում նոր կերպարով, համարձակ փոփոխությամբ։ Սովորում են ստանդարտ հագուստին և չեն պատկերացնում, որ մի դետալի փոփոխությամբ կարող են լավ կերպար ստանալ։ Իրականում առաջին հերթին պետք է գեղեցիկ և նորաձև լինես ինքդ քեզ համար»,- ասաց Մարիան՝ ավելացնելով, որ ինքը տանն էլ է սիրում ոճային լինել։
Անդրադառնալով բյուջեին՝ Մարիան նշեց, առաջնահերթությունը տալիս է խնամված լինելուն։ «Ավելի լավ է հագուստներին տրամադրվող գումարը տրամադրեն խնամքին, քան, օրինակ, ոճային հագուստներ գնեն, բայց լինեն անխնամ։ Առաջնահերթություն առողջությանն է՝ առողջ մաշկ, առողջ մարմին, առողջ օրգանիզմ ունենալը»,- ասաց Մարիան ու ավելացրեց, որ առաջիկայում այդ թեմայով անվճար սեմինար է անցկացնելու։









Լուսանկարները՝ Վահե Ստեպի և Լիդյա Վիրաբյանի
Զառա Ղազարյան







