«Նույնասեռականի խաղալ կվախենան այն դերասանները, որոնք մտավախություններ ունեն»․ Սուրեն Թոմասյանը՝ նոր կերպարի ու դերասանների բարդույթների մասին

13:27 • 21.03.19

Սուրեն Թումասյանը կերպարը «Մեծից փոքր» սիթքոմում նույնասեռական է, սա դերասանի երկրորդ փորձն է ներկայանալ նման դերով, առաջինը «Պահանջվում է միլիոնատեր» գեղարվեստական կինոնկարում էր։ Առաջարկը ստանալու, դերասանների բարդույթների ու կարծրատիպեր կոտրելու մասին Սուրեն Թումասյանը խոսել է Tert.am Life-ի հետ։

Դերասանի խոսքով` ամեն ինչ սկսվել է դեռ տարներ առաջ իր ծայրահեղ հումորների հետևանքով․ «Դեռ «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի նկարահանման հրապարակում, որտեղ աշխատել եմ և՛ Դավիթ Բաբախանյանի, և՛ Հարություն Խալաֆյանի հետ, միշտ անսպասելի և իմ կերպարի հետ կապ չունեցող հումորներ էի անում։ Տարբեր ինտոնացիաներով, կանանց բնորոշ ինչ-որ ժեստերով բարևում էի։ Մարդկանց միշտ շոկի էր ենթարկում այն, թե ես, լինելով մի փոքր այլ տեսակի մարդ, ինչպես եմ կարողանում նաև այդպիսի հումորներ անել։ Որոշ ժամանակ անց Դավիթ Բաբախանյանն ինձ շատ անսպեսելի առաջարկ արեց՝ «Պահանջվում է միլիոնատեր» ֆիլմում նկարահանվել նույնասեռականի կերպարով»,- ասաց դերասանն ու հավելեց՝ երկար չի մնածել ու հեշտ է համաձայնել այդ առաջարկին։

Սուրեն Թումասյանը պատմեց, որ դեռ այն ֆիլմում ռեժիսորը ցանկություն է ունեցել իր տեսակով ստեղծել անսպասելիության էֆեկտ, ինքն էլ իր հերթին փորձել է կոտրել կարծրատիպերը, որոնք կապված են նման կերպար մարմնավորելու հետ։ Չնայած դերասանն այնքան էլ չի հավանել իր խաղը, ամեն դեպքում, նշեց, որ արձագանքները շատ լավ են եղել՝ ծիծաղելի է ստացվել։ 

Երկրորդ անգամ առաջարկն արդեն Հարություն Խալաֆյանի կողմից է եղել։ Նրա խոսքով` կրկին հանկարծակիի է եկել, բայց էլի հեշտությամբ համաձայնել է։  ««Մեծից փոքր» սիթքոմում հեռուստադիտեղներն ինձ կրկին կտեսնեն նույնասեռականի կերպարով՝ կնոջ ժեստեր, ինտոնացիա և այլն։ Ես բարդույթներ չունեմ, այդ պատճառով էլ հեշտությամբ համաձայնում։ Մինչ դերն ինձ առաջարկելը, առաջարկել են այլ դերասանի, բայց նա հրաժարվել է։ Շատ դերասաններ բարդութավորված են այդ առումով»,- ասաց նա։

Սուրենը նման դերով հանդես գալու մեջ արտասովոր որևէ բան չի տեսնում՝ կերպար է, որը պետք է խաղալ և վերջ. «Սեռական փոքրամասնության կերպարով հանդես գալուց կվախենան այն դերասանները, որոնք ունեն որոշակի մտավախություններ։ Ես նման խնդիր չունեմ, չունեմ բարդույթներ։ Ինձ ճանաչում են ու գիտեն, որ իմ մարմնավորած կերպարի հետ առհասարակ տեսակով ոչ մի կապ չունեմ»։

Դերասանի խոսքով` ներկայումս միակ անհանգստությունն այն է, որ այս անգամ գուցե չլինի նույն բուռն ու հետաքրքիր արձագանքը, որը եղել է առաջին դերակատարման ժամանակ։ «Առաջին տեսարանում չեմ հավանել խաղս, որովհետև առաջինը նկարել ենք մի դուբլով, ինքս առաջին դուբլը համարում եմ փորձ։ Այսինքն` կարող էր ավելի լավ ստացվել։ Հետագա էպիզոդները թույլ կտան ավելի հստակ գնահատել, թե ինչպես է ստացվում»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ չնայած առաջարկներ ունեցել է, մոտ մեկ ու կես տարի չի նկարահանվել։

Զառա Ղազարյան 

«Նույնասեռականի խաղալ կվախենան այն դերասանները, որոնք մտավախություններ ունեն»․ Սուրեն Թոմասյանը՝ նոր կերպարի ու դերասանների բարդույթների մասին