Խմբակային համբույրի տեսարաններ, կիսամերկ դերասաններ. «Ոսկե դպրոցից» Արմեն Բալաբանյանը, Լիանա Հակոբյանը և այլք համարձակ ներկայացման հերոսներ

15:18 • 26.03.19

Թատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողներից վեցն իրենց աչքերով ու սեփական մեկնաբանությամբ փորձեցին ներկայացնել աբսուրդի թատրոնից Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» ստեղծագործությունը։

«Ոսկե դպրոց» սիթքոմում Արամիկի կերպարը մարմնավորած Արմեն Բալաբանյանը, համարձակ մոտեցմամբ  բեմադրելով վերոնշյալ պիեսը, արել է ռեժիսորական իր դեբյուտը։ Ներկայացման մեջ ներգրավել է «Ոսկե դպրոցի» մեկ այլ հերոսուհու` Էլյայի դերակատար Լիանա Հակոբյանին ու ուսանող ընկերներին՝ Համլետ Նահապետյանին, Դիանա Համազասպյանին, Անուշ Հակոբյանին և Հայկ Գրիգորյանին։

Tert.am Life–ը հետևել է ներկայացման առաջնախաղին, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու ստեղծագործական թիմի հետ զրուցել արտասովոր կերպարների ընտրության, ռեժիսորական լուծումների ու երիտասարդ դերասանների ուղերձի մասին։

Բեմից նրանք ասում ու անում են այն ամենը, ինչ ուզում են, դահլիճում նստած են նաև դասախոսները, և  յուրաքանչյուր համարձակ արտահայտությունից հետո կուրսընկերները համակ ուշադրությամբ հետևում են դասախոսների դեմքի արտահայտությանն ու դիմախաղի փոփոխությանը։ Արմենի խոսքով` մտավախություն ունեն բաց տեսարանների, համարձակ արտահայտությունների, երբեմն էլ, իր իսկ գնահատմամբ` գռեհիկ պահվածքի համար, գուցե չհասկացվեն։

Հանդիսատեսի արձագանքը փոքր-ինչ վախեցնում է Արմեն Բալաբանյանին, որն իր պատկերացումներն ունի «իսկական թատրոնի» մասին;

«Մենք գիտակցում ենք, որ չհասկացվելու վտանգ ունենք։ Կարող է դիտվի, որ չափից դուրս գռեհիկ է, զզվելի։ Ես ամեն անգամ վախով եմ բեմ բարձրանում։ Պատկերացնո՞ւմ եք հայ հանդիսատեսի արձագանքը. մտածելու են` ո՞ւր են հայտնվել, ովքե՞ր են այս հիմարները։ Զգում ենք, որ մեր բեմում կա բաց՝ մեր առաջարկած նոր շարժման բացը։ Մենք թատրոնի հետ կապված ունենք մեր երազանքները, ուզում ենք փոխել թատրոնը, ուզում ենք նորը լինել»,- ասաց Արմենը, ում հակադարձեց Լիանան՝ նշելով, որ ինքը ոչ վախենում, ոչ էլ անհանգստանում է, պատրաստ է բոլոր արձագանքներին, համարձակությունն իրեն դուր է գալիս։

«Ես չեմ վախենում, չնայած ներկայացումն իրոք համարձակ է մեր հանդիսատեսի համար, կան բաց տեսարաններ։ Հենց սկզբից պատրաստ եմ եղել, որովհետև  հասկացել եմ իմ ռեժիսորի միտքը, ինչն աշխատանքի մեջ շատ կարևոր է։ Ինձ դուր է գալիս, որ բարձրանում եմ բեմ և լիարժեք հաճույք ստանում։ Իրականում ինքս ինձ եմ խաղում, իմ ասելիքն եմ ուզում տեղ հասցնել։ Ներկաների ուշադրությունը մի պահ բերում ենք իրականության վրա։ Վեց դերասաններս էլ հավաքված ենք նույն գաղափարի շուրջ, հասկանում ենք իրար, փորձում ենք փոխանցել այն տրամադրությունը, որը զգում ենք։ Սպասում ենք, որ կլինեն վատ արձագանքներ, կլինի հանդիսատես, որն ուղղակի չի հասկանա` ինչ է կատարվում և կմտածի, որ մենք սա անում ենք ցույց տալու համար, թե բեմում կարող ենք հանվել, պահպանակ օգտագործել, բայց մենք այդ ամենի տակ ունենք շատ կարևոր միտք, որը ցանկանում եմ, որ հասնի հանդիսատեսին»,- ասաց Լիանան։

Արմենն  էլ նկատեց, որ իրենք երիտասարդ են` լցված ուրիշ հոգով և ուզում են ցույց տալ տարբերվող ներկայացում։ «Մենք դեմ ենք արտահայտվում նրան, ինչին կարող եք հանդիպել մյուս թատրոններում։ Ցանկանում ենք ասել, որ մեր երկրում եկել է մեր ժամանակաշրջանը՝ մենք պետք է փոխենք թատրոնը, նոր շունչ բերենք, նորություն ցույց տանք։ Սա է մեր իմացած ու մեր պատկերացրած թատրոնը։ Մեր՝ երիտասարդներիս աչքով հայ թատրոնի բեմում սուտ է՝ սուտն ենք տեսնում, իսկ մենք մեր թիմով մեր վեց հոգով, ուզում ենք ասել, որ սա է իրականությունը։ Մենք երիտասարդ ենք ու սա է մեր պատկերացրած իրականությունը»,- ասաց Արմեն Բալաբանյանը։

Խմբակային համբույրի կամ կիսամերկ տեսարաններ, թատրոնի համար ոչ սովորական երաժշտություն, շրթներկով ու կեղծամով տղաներ։ Հենց այս կերպարների ու խաղի միջոցով են նրանք որոշել բեմից հանդիսատեսին փոխանցել մի պիես, որի միջոցով հեղինակն առաջարկում է դուրս գալ քառակուսուց ու խուսափել հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերից։

 

Արմենը նկատեց, որ այս ներկայացմամբ դեմ արտահայտվում ոչ միայն վերապրման արվեստին, այլև այն ամենին, ինչ սովորել են մինչև այժմ։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Զառա Ղազարյան 

Խմբակային համբույրի տեսարաններ, կիսամերկ դերասաններ. «Ոսկե դպրոցից» Արմեն Բալաբանյանը, Լիանա Հակոբյանը և այլք համարձակ ներկայացման հերոսներ