Մոդել Մարիամ Հայրապետյանի նշանդրեքն ու սպասվող հարսանիքը

15:35 • 29.01.20

Մոդել Մարիամ Հայրապետյանը նշանվել է: Նրա ընտրյալը՝ Վիլենը, անվտանգության համակարգի աշխատակից է: Մարիամը Tert.am Life-ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու պատմել անձնական կյանքի կարևոր իրադարձության մասին:

Զույգը միասին է արդեն մեկուկես տարի, ծանոթացել են աշխատանքի բերումով: Մարիամի խոսքով՝ միշտ խուսափել է աշխատանքային ու անձնական հարաբերություններն իրար խառնելուց, բայց իրենց միջև աշխատանքային սիրավեպ ձևավորվեց:

«Երկուսս էլ աշխատում ենք Զվարթնոց օդանավակայանում: Իրար ճանաչում ենք մոտ 2 տարի: Ծանոթությունից մոտ կես տարի անց սկսեցինք ընկերություն անել: Միշտ խուսափել եմ «աշխատանքային սիրավեպ» ասվածից, բայց հենց դա գլխիս եկավ,- ծիծաղելով ասաց Մարիամն ու հավելեց, որ իր և սիրելիի տարիքային տարբերությունն էլ իր «ծրագրերից» դուրս էր,- Վիլենն ինձնից 1 տարի փոքր է՝ 27 տարեկան է: Ես միշտ մտածել եմ, որ կողքիս ինձանից տարիքով մեծ տղամարդ կլինի, բայց այս առումով էլ հակառակ ստացվեց: Երբ հանդիպում ես մարդու, որին սիրում ես, հասկանում ես, որ կանոններ չկան, կարևորն այն սերն ու ջերմությունն է, որ կա ձեր միջև»:

Նշանադրության առթիվ Մարիամն ու Վիլենը նախընտրել են փոքրիկ միջոցառում կազմակերպել: Սրճարաններից մեկում կազմակերպված հավաքույթին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ:

«Ես մի քիչ ավելի ֆորմալ եմ վերաբերում նշանդրեք ասվածին: Ըստ իս՝ սա ընթացիկ միջոցառում է մինչև ամուսնությունը,- ասաց նա ու հավելեց, որ հարսանիքը նախատեսվում է ամռանը, այս դեպքում էլ զերծ կմնան մեծ միջոցառումից, բայց գեղեցիկ խնջույք են նախատեսում,- Համեստ ոճով հարսանիք ենք ուզում անել: Այս դեպքում տաք եղանակը կարևոր նախապայման է, որովհետև բացօթյա՝ անտառային երեկո ենք պլանավորում կազմակերպել»:

Օրվա զգեստը, այնուամենայնիվ, մոդելը մանրակրկտորեն է ընտրել և արարողությունից ամիսներ առաջ. «Զգեստս վաղուց էի ընտրել՝ մոտ 3 ամիս առաջ: Իրականում նշանդրեքը շատ ավելի շուտ պետք է լիներ, սակայն անընդհատ ձգձգվում էր»: Նշանադրության մատանին էլ Մարիամի ընտրությամբ են պատրաստել, բայց վերջնական տարբերակը մոդելը տեսել է միայն արարողության ժամանակ:

Հայկական իրականության մեջ մոդելների հանդեպ հաճախ կարծրատիպային մոտեցում է լինում, ինչն անդրադառնում է նրանց անձնական կյանքի վրա: Մարիամից հետաքրքրվեցինք՝ արդյոք սիրելիի հետ խնդիրներ առաջանում են կապված իր աշխատանքի հետ:

«Պարբերաբար եղել են խոսակցություններ ինչ-որ տեղ չաշխատելու, ինչ-որ տեղ չնկարվելու թեմայով, բայց ես մինչև իր հետ հարաբերություններն էլ միշտ ընտրել եմ՝ ինչին մասնակցել, ինչին՝ ոչ: Մենք հայկական իրականության մեջ ենք ապրում, Հայաստանում ընդհանուր  մոտեցում կա, երբ ամեն տեղ կաս, քեզ այլ կերպ են ընդունում, «թեթևանում», «էժանանում» ես: Միշտ կասկածամտորեն եմ վերաբերել առաջարկներին ու ընտրել՝ ինչին մասնակցել, ինչին՝ ոչ: Երբ Վիլենն ինչ-որ առաջարկի դեմ է լինում, փոխզիջման ենք գնում: Ինձ համար հարաբերություններն ավելի թանկ են, քան աշխատանքս»,- ընդգծեց մոդելը:

Մոդել Մարիամ Հայրապետյանի նշանդրեքն ու սպասվող հարսանիքը