«Սննդակարգ պահելն ինձ համար բարդ էր». 1,54 սմ հասակով, 68 կգ քաշով Իրինա Այվազյանը՝ 5 կգ նիհարելու իր տարբերակի և ցանկալի քաշին հասնելու մասին

19:06 • 19.02.20

Դերասանուհի Իրինա Այվազյանը մասնակցել է FitTime հաղորդաշարին, որի ընթացքում մասնակիցները մեկ ամսում սննդի ու մարզումների միջոցով նիհարում են։ Այս նախագծին Իրինայի մասնակցությունը, ըստ դերասանուհու, կարևոր հաղորդագրություն է ունեցել։

Մեկամսյա մարզումներից ու սննդակարգով ապրելուց հետո կորցրած քաշի, դժվարությունների ու հեռուստադիտողներին ուղղված հաղորդագրության մասին դերասանուհին պատմել է Tert.am Life-ին։

««Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում ես հանդես էի գալիս թմբլիկ աղջկա կերպարով։ Այդ ընթացքում սկսեցի շատ նամակներ ստանալ, որոնք գրեթե նույն բովանդակությամբ էին․ գրում էին՝ ես քո փոխարեն լինեի, կբարդութավորվեի, ինչպես ես համաձայնել նկարահանվել, ինչու չես նիհարում ու այդպես շարունակ։ Երբ լսեցի FitTime հաղորդման երկրորդ եթերաշրջանի մասին, որոշեցի դիմել․ մադրիկ պետք է տեսնեն, որ, անկախ նրանից, հայտնի՞ ես, թե՞ ոչ, ամոթ բան չկա, երբ նիհարելու համար դիմում ես մասնագետների օգնությանը»,-ասաց Իրինան։

Նրա հաասակը 1,54 սմ է: Դերասանուհին նախագծի սկզբում կշռել է 68 կգ, ավարտին՝ 63 կգ։  Երկար դժվարություններից հետո Իրինային հաջողվել է կորցնել 5 կգ։

«Սկզբնական շրջանում շատ դժվար էր, առաջին երեք օրը սննդի բաժինն ինձ շատ քիչ էր թվում։ Ուտում էի երկու ժամը մեկ անգամ, սակայն ինձ համար, կարելի է ասել, դժոխք էր, որ երեկոյան 8-ից հետո պետք է չուտեի։ Շատ էի տանջվում, բայց քիչ-քիչ սովորեցի։ Մարզումները բավականին դժվար էին, թեև եթե համեմատության մեջ դնենք, սննդակարգին հետևելն ինձ համար ավելի դժվար էր, քան մարզվելը։ Մարզիչս շատ էր տանջում ու դրա շնորհիվ մեկ ամսում 5 կգ նիհարեցի»,- ասաց Իրինան։

Դերասանուհին ժպիտով նկատեց, որ ակնկալում էր 10 կգ նիհարել։ Անկախ ամեն ինչից, Իրինան նշեց, որ իր գրանցած արդյունքից գոհ է․ «Իմ ցանկալի քաշը 54 կգ-ն է։ Նման արդյունք տարիներ առաջ ունեցել եմ, ինձ շատ լավ էի զգում այդ քաշով։ Հետագայում  մտադիր եմ շարունակել նվազեցնել քաշս, որովհետև և՛ նիհարելու ցանկություն ունեմ, և՛ ուզում եմ առողջ ապրել։ Չնայած դժվար կարողանամ առողջ սնվել, մարզումների հաստատ գնալու եմ ու գիտեմ, որ ապագայում կկարողանամ հասնել ցանկալի քաշիս»։

Իրինան ասաց, որ նախագծին մասնակցելու ընթացքում, չնայած դժվարությանը, խախտումներ չի արել։ Միայն առաջին մի քանի օրը չի հաջողել սննդակարգը ճիշտ պահել․ «Ջուրն օրվա երկրորդ կեսին էի խմում, ուշ ժամերի էի քնում։ Սրանք իսկապես կարևոր ազդեցություն ունեն նիհարելու հանագամանքի վրա։ Մի քանի օր էլ վատառողջ էի ու մարզումների չէի կարողանում հաճախել։ Սրանք էին հիմնական պատճառները, որ արդյունքս ավելի շատ չեղավ։ Առաջին օրը, երբ խախտում արեցի, առանձնապես չնեղվեցի։ Երկրորդ, երրորդ խախտումներից հետո ինքս ինձ ասացի՝ բավական է։ Հասկացա, որ երբեմն-երբեմն կարող եմ ճոխություններ թույլ տալ ինձ, բայց չեմ կարող ամեն օր փախլավա ուտել»։

Դերասանուհին ասաց, որ ընթացքում չի կշռվել, որքան էլ ցանկությունը մեծ է եղել։ Ըստ նրա՝ նիհարելու համար կարևոր հանգամանքներից մեկը հենց սա է, քանի որ, տեսնելով դանդաղ արդյունքը, հնարավոր է ընկճվես ու չցանկանաս շարունակել։

«Կարևոր մի բան կա, որ նիհարել ցանկացող մարդիկ պետք է կիրառեն։ Եթե ունես ցանկություն, նպատակ, ապա պետք է դա անես այսօր: Անընդհատ հաջորդ անգամվան թողնելը ոչինչ չի տա։ Լավ է մեկ ամիս տանջվել, քան անընդհատ մտածել, որ հետո պետք է անես դա»։

Նախագծի ավարտից հետո դերասանուհին շտապել է ուտել սիրելի քաղցրավենիքը՝ փախլավա: Ասում է՝ այդ օրն իրենից շատ գոհ էր:

«Սննդակարգ պահելն ինձ համար բարդ էր». 1,54 սմ հասակով, 68 կգ քաշով Իրինա Այվազյանը՝ 5 կգ նիհարելու իր տարբերակի և ցանկալի քաշին հասնելու մասին