Տաթև Սարգսյանի 28-ամյակի խնջույքը, սահմանված դրես կոդն ու կարևոր նամակը

13:30 • 24.02.20

Դերասանուհի Տաթև Սարգսյանն օրերս տոնել է 28-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում: Երեկույթի լուսաբանումը Տաթևը վստահել է Tert.am Life-ին:

Կազմակերպված խնջույքի բոլոր դետալները Տաթևն է ընտրել, օրվա դրես-կոդը եղել է սևը: «Երկրորդ տարին է՝ բոլոր հյուրերիս խնդրում եմ սև հագուստով ներկայանալ խնջույքին: Չգիտեմ՝ ինչով է պայանավորված սևի հանդեպ նոր ու մեծ սերս, բայց կարծում եմ՝ այդ երանգն աղջիկներին ավելի էլեգանտ է դարձնում»,- ասաց նա:

Անցած 27 տարվան դերասանուհին փիլիսոփայորեն է վերաբերում: Նոր երազանքներով ու նպատակներով սկսում է կյանքի 28-րդ տարին: Անցած տարիների, հատկապես, 27-րդ տարում կուտակած փորձն ու անձնական ապրումներն ամբողջացրել է տարեդարձի նախօրեին գրած կարևոր նամակում, որը ևս տրամադրել է Tert.am Life-ին:

«Ի՞նչ տվեց ինձ 27-ս:) Պիտի լինես մեկը, ով «հանուն» գնալու ժամանակ հակառակ է գնում, ով խելագաՌվելու պահին խելքը գլուխն է հավաքում: ԽելագաՌվել բառը չէր կարող «ր»-ով գրվել, հենց այդ «ռ»-ն է, որ անվախ բնութագրում է ձեռքբերումդ ու, միևնույն ժամանակ, կորուստդ: Մի վախեցիր ցույց տալ մարդկանց, թե ինչ արժես ու ինչի ես արժանի: Մի փոքրացրու այդ ամենը, քանզի քեզ չեն հասկանում:

Անցյալն անցած է, ինչքան շուտ հասկանաս, էդքան լավ: Հիասթափություններդ լավագույն ընկերներդ են: Սիրտը ցավում է, երբ կիսատ բան ունի թողած, ավարտի դեպքում ոչինչ այլևս չի ցավում: «Ավարտը» հիշողություն չունի: Մտքեր կան, որոնք մինչև վերջ չես մտածի, քանի որ ո՛չ վերջը գիտես, ո՛չ պետք է, որ ամեն ինչ մինչև վերջ իմանաս: Քեզ պատկանող, քեզ հանձնված բառեր կան, որոնք սրտիդ հարստությունն են նկարագրում: Մի՛ շռայլիր: Մենք էլ ենք ինչ-որ մեկի ցավը դարձել, չբացահայտվածն ենք ինչ-որ մեկի ու այն կետն ենք, որից հետո շարունակություն չկա ու դա ո՛չ լավ է, ո՛չ վատ: Կա հոգու եղանակ, որը ջերմացնելու պատճառ էլ չունի:

Մարդկանց տեսակ կա, որոնց նայելիս հասկանում ես՝ «բոյդ չի հասնում»: Իրենց «հոտ»-ն առնել չի լինում: Էլեգանտ են ոտքից-գլուխ: Չեն կարողանում թաքցնել միայն կեղծը, սիրո համար տեղ կգտնվի: Ցույց են տալիս միշտ այն, ինչ չունեն, խոսում են, որպեսզի ոչ թե ինչ-որ բան ասեն, այլ թաքցնեն, սովորաբար խոստանում են այն, ինչ երբեք չեն անելու… իսկ իրականությունը հակիրճ է. յուրաքանչյուր իրադարձությունից հետո կրկնիր՝ աշխարհի վերջը չէ:) Լավի դեպքում սնափառությամբ չես տառապի, վատի դեպքում՝ սթրեսից:) Թուլությունն էլ թևեր ունի, ուղղակի հեշտ է ուժեղ լինել. ո՛չ ներկայանալու խնդիր ունես, ո՛չ ընկալվելու կարիք:

Հետ մի վերադարձրու ոչ ոքի, թող թողածդ, դատարկ տեղերն էլ հանգիստ թող: Միայն մարդկանց տվածն իրենց հետ տուր, սովորաբար դա «ոչինչ»-ն է: «Ոչինչ»-ը պիտի դնես այնտեղ, որտեղից վերցրել ես: Ամենաանսպասելի, դրական պահին դնես ու գնաս:) Չեն հասկանա, բայց դա էլ կարևոր չէ: Հարգիր որոշումներդ, դիրքորոշումդ և առաջացիր արձագանքներից: Պարտադիր չէ ամեն ինչի պատասխանն ունենաս կամ տաս: Քեզ ու քո աշխարհը մի մանրացրու: Արժանապատիվ մնա, մնացածի պատասխանն էլ ժամանակը կտա: Ու գնահատիր քիչը.. Քիչ կա՝ շատ արժե։ Ու առհասարակ` գնահատիր»,- իր նամակում նշել է Տաթևը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Տաթև Սարգսյանի 28-ամյակի խնջույքը, սահմանված դրես կոդն ու կարևոր նամակը