«18 տարեկանից մենակ եմ ապրում»․ Բորիս Բաղդասարովը՝ 23-ամյակի, կյանքի կարևոր փուլերի ու շուտ հասունանալու մասին

17:56 • 27.02.20

Երիտասարդ դերասան Բորիս Բաղդասարովը, որը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Ազիզյանները» սիթքոմից, այսօր տոնում է 23-ամյակը։

Տարեդարձին նվերներ ստանալ Բորիսը չի սիրում, ինքն իր համար կյանքը փուլերի է բաժանում, 18 տարեկանից մենակ է ապրում և վայելում է բոլոր այն առավելությունները, որոնք իրեն տալիս է առանձին կենցաղավարությունը։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է նրա տրամադրության, տարիքի ու կյանքի այս փուլի մասին։

Դերասանի խոսքով՝ տարիքին համահունչ է զգում իրեն թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ «Սովորաբար աշխատում եմ չնշել տարեդարձս, ժամանակս չի ներում։ Երեկ եմ հիշել, որ այսօր տարեդարձս է։ Երբեմն նշում եմ, երբեմն՝ ոչ։ Սա ուղղակի լավ առիթ է մոտ մարդկանց հետ ուրախանալու համար, չնայած դա կարելի է անել նաև սովորական օրերին։ Չեմ սիրում տարեդարձիս օրը նվերներ ստանալ, խուսափում եմ։ Այսօր առանձնահատուկ ինչ-որ բան չի եղել, պատրաստվում եմ օրս շարունակել ընկերներիս շրջապատում, կարծում եմ, դեռ ամեն ինչ առջևում է»,-ասաց դերասանը։

Բորիսին առաջինը շնորհավորում են ընտանիքի անդամներն ու ընկերները։ Շնորհավորանքների ալիքը սկսվել է ու շարունակվում է կեսգիշերից․ «Հիմա շատ-շատ նամակներ եմ ստանում անծանոթ մարդկանցից, դա ամենահաճելի պահն է։ Երբեմն ծանոթները կարող են ալարել շնորհավորել, իսկ անծանոթ մարդիկ ժամանակ են հատկացնում և շնորհավորում։ Երբ կարդում եմ մարդկանց բարի, սրտանց շնորհավորանքն ու բարեմաղթանքը, նվերից մի քանի անգամ ավելի հաճելի է»։

Դերասանը, ըստ իր ձևակերպման, գտնվում է կյանքի այն փուլում, երբ պետք է հնարավորինս շատ աշխատել ու սովորել: «Կյանքը փուլերից է բաղկացած, ամեն տասնամյակը մի փուլ է։ Հիմա 20-30-ի միջև ընկած տասնամյակում եմ, որը, կարծում եմ, յուրահատուկ ժամանակահատված է։ Այս ընթացքում մարդը պետք է դնի իր կյանքի ու ապագայի հիմքը։ Աշխատասիրության, ինքնազարգացման, հնարավորինս շատ գրքեր ընթերցելու, անընդհատ սովորելու, տարբեր ոլորտներում ինքնահաստատվելու շրջան է։ Սրան կհաջորդի կյանքիս երրորդ տասնամյակը, որը բոլորովին այլ փուլ կլինի՝ ընտանիք ստեղծելու, մի քիչ ավելի հանգիստ վիճակի անցնելու շրջան, որը  կարելի է ուղղակի վայելել»։

Չնայած հստակ նպատակներին՝ Բորիսի ցանկությունների շարքում դեռ կան կետեր, որոնք չի հաջողել իրականություն դարձնել, սակայն դրական է տրամադրված․ «Ես վստահ եմ, որ երբեք ուշ չէ ինչ-որ բան անելու համար։ Իհարկե կցանկանայի այս տարիքում ավելի շատ բան արած լինել, ավելի շուտ հասունանալ։ Հրաշալի կլիներ, որ այն, ինչ արել եմ և հիմա եմ անում, սկսած լինեի 16 տարեկանում, ոչ թե ավելի ուշ։  Ամեն ինչ դեռ առջևում է, սակայն ես իմ տեսակով ներկան գնահատող և ներկայով ապրող մարդ եմ»։  

Չնայած տարիքին՝ դերասանը վաղուց ընտանիքից առանձին է ապրում։  Ըստ նրա՝ ստեղծագործող մարդու համար դա շատ կարևոր հանգամանք է: «Ես 18 տարեկանից մենակ եմ ապրում։ Բացի կայանալը, առավել ինքնուրույն դառնալը՝ սա ինձ ազատ, ավելի հարմար, հանգիստ պայմաններում ստեղծագործելու հնարավորություն է տալիս։ Իհարկե բացասական կողմեր էլ կան, որովհետև երբեմն կարող եմ ձանձրանալ կամ մտածել, որ կենցաղային տարբեր գործեր ստիպված եմ ինքս անել, բայց դրական կողմերն անհամեմատ շատ են։ Հիմա ինձ մոտ ակտիվ ինքնազարգացման փուլ է։ Ես ունեմ ազատ գրաֆիկ և տուն վերադառնալով՝ սկսում եմ հանգիստ ստեղծագործել, աշխատել, սովորել, կարդալ։ Եթե մենակ ապրելը վայելում ես, դա հաճույք է պատճառում, եթե վախենում ես կենցաղային փոքրիկ հարցեր լուծելուց, հաստատ չարժե մենակ ապրել»։  

«18 տարեկանից մենակ եմ ապրում»․ Բորիս Բաղդասարովը՝ 23-ամյակի, կյանքի կարևոր փուլերի ու շուտ հասունանալու մասին