«Շոփինգի համար վատնում եմ ամբողջ աշխատավարձս»․ Լիանա Հակոբյանը՝ հագուստի համար ծախսած գումարի, 1500 դրամով վերնազգեստ գնելուց չամաչելու և բրենդին կարևորություն չտալու մասին
Դերասանուհի Լիանա Հակոբյանն այժմ հեռուստատեսային զբաղվածություն չունի։ Լիանան այս ընթացքում հանդես է գալիս սեփական նախաձեռնությամբ՝ դերասանուհին Ինստագրամում տեսաբլոգ ունի, հոլովակներ է տեղադրում նորաձևության, ոճի և «խորամանկ շոփինգի» թեմաներով։
Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան նշեց, որ սեփական փորձն է կիսում հետևորդների հետ, քանի որ ինքն էլ, չնայած լեփ-լեցուն պահարանին ամեն առավոտ վստահ է՝ հագնելու շոր չունի։ Դերասանուհու խոսքով՝ իր ամբողջ եկամուտը տրամադրում է գնումներին, սակայն պիտակին ուշադրություն չի դարձնում, հետևորդներին էլ անկեղծ խոստովանում է՝ 1500 դրամ արժողությամբ վերնազգեստ ունի, որը կարողանում է հրաշալի համադրել:
«Հագուստի ոճը միշտ կապում եմ իմ տրամադրության և այն վայրի հետ, ուր գնալու եմ։ Առօրյայում նախապատվությունս տալիս եմ հարմարությանը՝ ուսապարկեր, ջինսեր, մարզակշիկներ, որոնք իմ պահարանի անբաժան մասն են կազմում։ Իմ օրը շատ հագեցած է՝ անընդհատ վազքի մեջ եմ լինում և հագուստի հարմարավետությունը շատ կարևոր է։ Պայուսակումս միշտ ունենում եմ էլեգանտ որևէ բան՝ ականջօղեր ու զգեստ, որպեսզի ծրագրերիս փոխվելու դեպքում կարողանամ արագ զգեստափոխվել»,- ասաց դերասանուհին։

Խոսելով նախընտրելի համադրությունների մասին՝ Լիանան ասաց․ «Շատ եմ հավանում նորաձևության վերջին տարիների միտումը՝ սպորտային կոշիկների ու դասական հագուստի համադրությունը։ Առավելապես սիրում եմ casual ոճի սահմաններում հետաքրքիր լուծումներ գտնել։ Բարձրակրունկների սիրահար չեմ և հազվադեպ եմ հագնում, միայն հատուկ տեղ գնալիս»։
Լիանան ժպիտով նշեց, որ հագուստի համար տանն արդեն տարածք են ազատում, քանի որ պահարանն այլևս չի բավականացնում․ «Ես ուղղակի չգիտեմ, թե իմ հագուստը որտեղ կարելի է պահել։ Բացի պահարանս, նաև տարբեր արկղեր եմ օգտագործում, մեր տան միջանցքի մի հատվածում արկղերով դրված է իմ հագուստը։ Բնավորության մի գիծ ունեմ. կարող եմ պահի ազդեցությամբ հագուստ գնել, բայց երբեք չհագնել։ Մայրիկիս հետ գրեթե ամեն օր ունենում ենք այդ քննարկումը, ես անընդհատ ասում եմ, թե հագնելու շոր չունեմ, իսկ մայրիկս հակադարձում է։ Աղջիկներն ինձ կհասկանան, իսկապես, ամեն առավոտ տպավորություն է, թե հագնելու բան չկա»։
Լիանայի խոսքով՝ այնպիսի գնումներ կան, որոնք իրեն էլ են զարմացնում․ «Շատ են այն իրերը, որոնք ես գնում ու չեմ հագնում։ Նայում եմ ու մտածում, թե ինչու գնեցի։ Կա զգեստ, որն ակնհայտ մեծ էր իմ չափերից, սակայն ես այն ձեռք բերեցի, որովհետև հավանում էի»։ Դերասանուհու խոսքով՝ իր այս փորձից ելնելով էլ ձևակերպում է այն խորհուրդները, որոնք հետևորդներին է տալիս։

Լիանան վառ գույների սիրահար չէ, նախընտրում է բոլոր երանգների պաստելային տարբերակը։ Կա մի գույն, որով դերասանուհին իրեն չի պատկերացնում՝ կարմիրը. «Անկախ նորաձևության միտումներից, իմ պահարանում միշտ տեղ ունի սև, դասական պիջակը և, կարծում եմ, դա այն իրն է, որը միշտ արդիական է։ Չնայած 2020-ին սպիտակ, կոպիտ սպոտային կոշիկներն այլևս նորաձև չեն, դրանք նույնպես զգեստապահարանումս իրենց ուրույն տեղն ունեն, որովհետև շատ-շատ եմ սիրում։ Այդ ոճի կոշիկները և՛ գեղեցիկ են, և՛ հնարավոր է մի շարք համադրություններում շատ հաջող կիրառել»։
Դերասանուհին ասաց, որ գնումներ կատարելիս սկզբում հավանում է, հետո պիտակին նայում․ «Հավանելուց հետո եմ պիտակին նայում՝ ինչ արժի, ինչ ապրանքանիշի է պատկանում և այլն։ Ես ունեմ վերնազգեստ, որը 1500 դրամով եմ գնել՝ զեղչի ժամանակ։ Դա իհարկե չեմ թաքցնում։ Կարևորը, որ ես կարող եմ դա այնպես համադրել, որ մարդկանց մտքով անգամ չանցնի արժեքը։ «Շոփինգի» վրա վատնում եմ իմ ամբողջ աշխատավարձը։ Որքան գումար ստանում եմ, նույնքան էլ ծախսում եմ կոսմետիկայի և հագուստի գնման նպատակով։ Սիրում եմ գնումներ կատարել՝ որքան լարված, հիվանդ, հոգնած լինեմ, շոփինգ անելիս ամեն ինչ անցնում է։ Դա իսկապես լիցքաթափող ուժ ունի, համենայն դեպս, ինձ համար»։
Լիանան նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ չկենտրոնանա հագուստի արժեքի վրա․ «Վերջին շրջանում բոլորը ձգտում են շքեղ երևալ, բարձրաձայնում են հայտնի ապրանքանիշերի մասին։ Չեմ ուզում այս երևույթը լինի, որովհետև շատ կարևոր է գիտակցումը, որ կինն է գեղեցկացնում հագուստը, ոչ թե հագուստը՝ կնոջը։ Քո կրելուց և ինքնավստահությունից է կախված հագուստը գեղեցիկ կլինի, թե ոչ։ Ինքնավստահ աղջիկները, անկախ հագուստից գեղեցիկ տեսք են ունենում։ Նորաձևությանը հետևելով էլ պետք է ընտրել այն, ինչը դուր է գալիս. հնարավոր է՝ պահարանումդ եղած մի շատ հին իր համադրես և ստանաս գեղեցիկ կերպար»։


























