«Ընկերներով սև մեծ ժապավենի վրա գրել էին «Անդո 48» ու մեկ հատ ծաղիկ դրել». Անդոն՝ ընկերների զվարճալի անակնկալի, Մարտի 8-ին ծնվելու ու կնոջը նվեր չմատուցելու մասին
Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը երեկ՝ մարտի 8-ին, տոնել է 38-ամյակը: Կանանց տոնի օրը ծնվելը դերասանի համար շատ զզվարճալի է: Մանկուց նա գիտակցել է, թե որքան լավ օր է «ընտրել» ծնվելու համար:
Tert.am Life-ի հետ զրույցում Անդոն պատմել է տարեդարձը նշելու, Մարտի 8-ին նվերներ գնելու պարտականությունից ազատվելու և ընկերների զվարճալի անակնկալի մասին:
«Իմ կյանքը մի տեսակ հավելյալ ուրախ է անցնում այն պատճառով, որ ես ծնվել եմ Մարտի 8-ին: Իհարկե, շատ լավ է, երբ տղամարդ ես ու տարեդարձդ Մարտի 8-ին է: Այդ օրը ես ոչ ոքի համար նվեր չեմ գնում, ինձ համար են նվեր գնում: Անկեղծ եմ ասում, բոլոր հոգսերից ազատվում եմ, բա դա վա՞տ է: Մարտի 8-ը ես փոխհատուցում եմ Ապրիլի 7-ով, բոլոր չգնված նվերները տալիս եմ այդ օրը»,-ասաց դերասանը:

Անդոն նշեց, որ շատ զվարճալի պահ է, երբ շնորհավորանքները փոխադարձ են լինում. «Կողքից մարդիկ զարմացած նայում են, երբ ինձ ծանոթ կանայք շնորհավորում են, ասում եմ՝ մերսի, ձերն էլ: Նոր տարին է հիշեցնում: Մարդկանց ուրախացնում եմ, քչերն են հավատում, որ տարեդարձս իսկապես Մարտի 8-ին է»:
Դերասանի կինը՝ Մերին, չի դժգոհում և սիրով օրը կիսում է ամուսնու հետ. «Մինչև ամուսնանալը ես իրեն ասացի, որ տարեդարձս Մարտի 8-ին է, ու ես քեզ համար ոչ մի նվեր չեմ գնելու: Ինքն իր համաձայնությունը տվեց ու ամուսնացանք: Միայն դա էր խնդիրը, որովհետև կարող էր չհամաձայնել ու չամուսնանայինք: Երբ զանգահարում են, առաջինն իմ տարեդարձն են շնորհավորում, բայց, իհարկե, չեն անտեսում Մարտի 8-ը՝ շնորհավորելով նաև մայրիկիս, կնոջս, դստերս: Առհասարակ, կինը երբեք ու ոչ մի դեպքում չպետք է անտեսված լինի, միշտ պիտի լինի իր բարձունքում»:
Անդոն նշեց, որ չնայած այս տարի հատուկ խնջույք չի կազմակերպել, ընկերներն իրեն ուրախացրել են. «Այն եզակի դեպքերից էր, երբ տարեդարձիս հատուկ չէի պատրաստվել, ժամանակի սղության պատճառով մեծ խնջույք չարեցի: Սակայն ընկերներս, կինս, դուստրս հետաքրքիր անակնկալներ էին կազմակերպել: Նախ դուստրս՝ Էլենս, չէր քնել, սպասել էր կեսգիշերին: Մայրիկի հետ քաղցրեղեն, տորթ էին գնել:Ես կեսգիշերից շուտ էի հասել տուն, Էլենն անընդհատ ինձ ասում էր, որ խոհանոց չմտնեմ: «Պզիկներով», տոնական, գունավոր հետաքրքիր ինչ-որ բաներով, տորթով մայր ու աղջիկ շնորհավորեցին ինձ կեսգիշերին: Ընտանիքով երգեցինք, պարեցինք, ուրախացանք, շատ լավ մեկնարկ եղավ ամբողջ օրվա համար»:

Դերասանը պատմեց, որ հանկարծակիի է եկել ընկերների մատուցած անակնկալից: «Ներկայացում ունեի, ավարտից հետո ընկերներս զանգահարեցին, ասացին՝ իբր ժողով է լինելու: Երբ գնացինք, իհարկե, ոչ մի ժողով էլ չկար: Շատ մութ սենյակ էր, լույսը վառեցին, միացավ երաժշտությունն ու իրենք ինձ շնորհավորեցին: Սեղան էր դրված, մոտ 15 ընկերով հավաքվել էին, սև մեծ ժապավենի վրա գրել «Անդո 48» ու մեկ հատ ծաղիկ դրոլ: Չգիտեմ ինչու որոշել էին ինձ 10 տարի մեծացնել: Չգիտեի էլ՝ ինչ արձագանք տալ, բայց շատ ծիծաղելի էր»:
Անդոն նշեց, որ իրեն 25 տարեկանից ավելի չի զգում, ամեն ինչ անում է, որ իրեն շրջապատող մարդիկ էլ ժպիտով, ուրախությամբ ներքուստ չհատեն 25-ի սահմանը. «Եթե անձնագրիս չնայենք, ես 25 տարեկանից ավելի չեմ, ինչը պայմանավորված է շատ աշխույժ, ուրախ մարդ լինելով: Անկեղծ եմ ասում, չգիտեմ՝ ինչ բան է հոգնելը, չեմ հոգնում: Մենք որոշել ենք չծերանալ: 38 տարեկանը տղամարդու կյանքում բավականին հետաքրքիր շրջան է, որովհետև դու հասցրել ես շատ բաներ անել, միաժամանակ, դեռ շատ անկատար մնացած ցանկություններ ունես»:
Խոսելով անկատար մնացած ցանկության մասին՝ դերասանն ասաց. «Մի շատ հեշտ ցանկություն ունեմ, որը կարող եմ իրականություն դարձնել, սակայն դեռ չի ստացվում: Երազում եմ բակով ու մեծ տարածքով տուն ունենալ, որպեսզի կարողանամ կապիկներ պահել: Այս ցանկությունը շատ փոքր տարիքից ունեմ, անընդհատ մտածում եմ իրագործել: Իհարկե, ամեն պահի էլ կարող եմ կապիկ ունենալ, բայց խնդիրն այն է, որ իրենց տարածություն պետք կգա: Ամեն դեպքում, հուսամ կկարողանամ իրագործել այս ցանկությունը»:








