«Միհարն Ծառուկյանի պրոդյուսերը հրաժարվել է վերադարձնել կորոնավիրուսի պատճառով չեղարկված միջոցառման համար ստացած 2000 դոլար կանխավճարը»․ Աժ պատգամավոր

15:45 • 16.03.20

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ երգիչ Միհրան Ծառուկյանը պետք է երգեր այս օրերին կայանալիք մի միջոցառման ժամանակ, որը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով։ Նա նշել է, որ երգչի պրոդյուսերը հրաժարվել է վերադարձնել միջոցառման համար ստացած 2000 դոլար կանխավճարը։

«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար յուրաքանչյուրս ունենք մեր բաժին սոցիալական պատասխանատվությունը, որից համառորեն փորձում են հրաժարվել Միհրան Ծառուկյանն ու իր պրոդյուսեր ոմն Լիլիան։ Քիչ առաջ ինձ հետ կապ հաստատեցին սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք նախատեսել էին հայրենիքում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումներից մեկը, որի առիթով որոշել էին վճարել Միհրան Ծառուկյանին՝ իրենց միջոցառմանը երգելու նպատակով։

Որպես կանխավճար՝ երգչի պրոդյուսերին տրվել է 2000 դոլար, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով և իրենց բաժին սոցիալական պատասխանատվության լրջությունը գիտակցելով՝ մեր հայրենակիցները որոշել են չեղարկել միջոցառումը, իսկ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են հետ վերադարձնել մարդկանց գումարը։ Թե ինչքան բարոյական է նրանց արարքը, և թե ինչ սոցիալական անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը՝ թողնում եմ Ձեր դատին»,֊գրել է պատգամավորը։

Նարեկ Մկրտչյանը հետգրությամբ ավելացրել է․ «Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանը ասում է, թե ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է՝ քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել, իրենք չեն պատրաստվում վճարել»։

Միհրան Ծառուկյանից պարզաբանում ստանալու համար Tert.am Life֊ը փորձեց կապ հաստատել նրա հետ։ Վերջինիս հեռախոսահամարին ոչ ոք չէր պատասխանում։ Անհասանելի էր նաև երգչի Ինստագրամի պաշտոնական էջում նշված հեռախոսահամարը, որով մարդիկ նրա հետ կապ են հաստատում համագործակցության համար։

Առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև Միհրան Ծառուկյանի պարզաբանումը։

«Միհարն Ծառուկյանի պրոդյուսերը հրաժարվել է վերադարձնել կորոնավիրուսի պատճառով չեղարկված միջոցառման համար ստացած 2000 դոլար կանխավճարը»․ Աժ պատգամավոր