Դիանա Շատվերյանի, Արամ MP3-ի կնոջ և նրանց երեխաների հետաքրքիր առօրյան՝ արտակարգ դրության պայմաններում
Դիզայներ Դիանա Շատվերյանն այս օրերին պայքարում է դեպրեսիայի մեջ չընկնելու համար, բայց և հասկանում է՝ այս շրջանում տանը մնալը միակ երաշխիքն է, որ իրավիճակը շուտ կկարգավորվի։
Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան պատմել է առօրյան հետաքրքրացնելու տարբերակների և երեխաների հետ ժամանակն արդյունավետ կազմակերպելու մասին։
«Անընդհատ տանը լինելու դեպքում էներգիադ պակասում է, 4 պատի մեջ լինելը շատ բարդ է։ Որպեսզի շատ չձանձրանանք, ես ու Աննան (նկատի ունի Արամ MP3-ի կնոջը, հեղ.) հետաքրքիր լուծում ենք գտնել. ընտրում ենք բաղադրատոմս, տեսազանգով կապվում իրար հետ ու միաժամանակ սկսում պատրաստել, հետո կիսվում ենք արդյունքներով»,- պատմեց Դիանան։
Նրանց երեխաները՝ Վիվիենն ու Առնոն էլ ծնողներից հետ չեն մնում. տանը ներկայացում են բեմադրում, նկարում, մոնտաժում ու ուղարկում իրար։
«Առնոն ռեժիսորական շատ լավ աչք ունի, նաև մոնտաժ է անում։ Այդ տարիքի երեխայի համար, կարելի է ասել, իդեալական աշխատանք է անում։ Այդ ամենով վարակեց նաև Վիվիենին,- ասաց Դիանան ու հավելեց, որ դուստրն ընկերուհիների հետ էլ է խաղում տեսազանգով։ -Իրենք մտահղացել էին, որ տեսազանգով կարող են խաղալ տիկնիկներով։ Ինձ շատ ուրախացրեց փաստը, որ նույնիսկ տեսազանգով շփվելիս կենտրոնացել են իրական, ոչ թե օնլայն խաղերի վրա»։
Դիզայները նկատեց, որ փաստ է, որ հիմա ավելի շատ ժամանակ են անցկացնում ընտանիքում, սակայն ինքն ու ամուսինը՝ Հայկը, նախկինում էլ էին համատեղ կազմակերպում առօրյան, ժամանցը և միմյանց տրամադրված ժամանակից չէին դժգոհում։ Դիանան կարևորում է այս ժամանակը երեխայի հետ ճիշտ անցկացնելու փաստը։
«Փոքր երեխաս շատ խնամք ու ժամանակ է պահանջում։ Հաճախ է լաց լինում, հանգստանում է միայն իմ գրկում, բայց անկախ այդ զբաղվածությունից՝ չեմ ուզում մեծ աղջիկս՝ Վիվիենը, ամբողջ օրը հեռախոսի մեջ լինի։ Միասին խաղում ենք, նկարում, ֆիլմեր դիտում»,- ասաց նա ու հավելեց, որ 7- ամյա դուստրն ընբռնմամբ է մոտենում տանը մնալու փաստին և կամակորություն չի անում, որ ուզում է դուրս գալ կամ պաղասրահ գնալ։ «Նույնիսկ անհանգստանում է փոքրիկ քույրիկի, տատիկ-պապիկի համար»,- նշեց Դիանան։
Դիզայները խոստովանեց, որ սկզբում լիարժեք չէր պատկերացնում իրավիճակը, հանրային վայրեր չէր գնում, բայց ընկերների հետ շփումը չէր սահմանափակել։
«Շփվում էինք միայն ամենամտերիմների հետ, բայց շփում կար։ Հիմա դա էլ ենք սահմանափակել։ Ինձ վախեցնում է վարակի՝ ամենուր լինելը։ Ինձ համար չեմ վախենում, որովհետև խրոնիկ հիվանդություններ չունեմ, բայց ծնողներ, երեխաներ ունենալու դեպքում սկսում ես շատ զգույշ լինել իրենց համար։ Կարծում եմ՝ հիմա տանը մնալն ավելի է կարճացնում մեր տանը մնալու գաղափարը։ Ես առաքման ծառայություններից եմ օգտվում, առաքված սնունդն ախտահանում եմ, բայց հասկանում եմ, որ դա ոչ բոլորի համար է հասանելի ծառայություն»,- ասաց նա ու հավելեց, որ խանութ գնալու դեպքում մարդիկ պետք է ոչ միայն դիմակ ու ձեռնոց, այլև ակնոց դնեն, քանի որ աչքերի միջոցով ևս կարելի է վարակվել։
Այս շրջանում նույնիսկ մաքուր օդի դուրս գալ Դիանան զգուշանում է, երեխային միայն պատշգամբ է տանում։ «Փորձում եմ մաքսիմալ զսպել ինձ։ Չգիտեմ՝ որքան կկարողանամ, որովհետև դա շատ բարդ է, բայց դեռ ստացվում եմ նույնիսկ կես ժամով դուրս չգալ», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ամուսնուն՝ Դիանան նշեց, որ նա լիարժեք մեկուսանալ չի կարող, աշխատում է, բայց ոչ նախկին գրաֆիկով. «Աշխատանքը համակարգել են այնպես, որ հերթափոխով գնան և նվազեցնեն շփումները»։









