«Ասում են՝ ինձ է նման, բայց հուսով եմ՝ կնոջս կնմանվի». Արման Նշանյանի դստեր առաջին լուսանկարն ու կնոջ հետ պայմանավորվածությունը

16:32 • 03.04.20

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ ռեժիսոր, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը հայր է դարձել։ Դստեր՝ Շաքեի ծննդից հետո Արմանը հարցազրույց է տվել Tert.am Life-ին ու պատմել փոքրիկի հետ առաջին հանդիպման, իր զգացողությունների ու կնոջ՝ Վիկայի հետ ունեցած պայմանավորվածության մասին։ Արմանը նաև տրամադրել է դստեր առաջին լուսանկարը։

Արտակարգ դրության այս օրերին Արմանը նախապես տեղաշարժման թերթիկ էր պատրաստել ծննդատուն գնալու համար։ Իրեն երջանիկ է զգում, որ ամեն բան բարեհաջող է անցել, կինն ու դուստրն իրենց լավ են զգում։

«Զգացողություններս մի քիչ խառն են։ Դեռ չեմ հասկանում՝ ով է, ինչ է։ Հետաքրքիր ֆենոմեն է. նոր մարդ է քո կյանքում, բայց արդեն սիրում ես առանց որևէ բացատրության, ուղղակի պատրաստ ես ամեն ինչ անել իր համար»,- ասաց դերասանը։

Անդրադառնալով Շաքեի հետ առաջին հանդիպմանը՝ Արմանը ծիծաղելով նկատեց. «Փոքրիկները կարծես բիձա լինեն՝ կնճռոտ։) Ասում են՝ ինձ է նման, բայց ես հուսով եմ՝ կնոջս է կնմանվի թե՛ բնավորությամբ, թե՛ արտքանապես։ Հայր դառնալուց հետո առաջին միտքս, ուրախությունս այն էր, որ ամեն բան նորմալ է, կինս, երեխաս առողջ են»։

Ռեժիսորը նշեց, որ Վիկան էլ երջանիկ է, թեև հոգնած են, հասցրել են անքուն գիշերներ ունենալ։

«Մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ երկուսով ենք խնամելու երեխային։ Սերն ամրանում է կյանքի փորձությունները հաղթահարելով, իրար սատարելով։ Մենք ուզում ենք ինքնուրույն խնամել երեխային։ Ինչ-որ վախեր լինում են, գուցե, կան բաներ, որ լիարժեք ճիշտ չենք անում, բայց երեխային չենք վնասում։ Մեր մայրիկներն էլ օգնում են, բայց հիմնականը պիտի ինքնուրույն անենք, որպեսզի հասկանանք ու վայելենք այդ ամենը։ Խնամքի վիդեոներ ենք նայում, ուսումնասիրելով, իրար օգնելով գլուխ ենք հանում»,- ասաց Արմանն ու հավելեց, որ այն տղամարդկանցից չէ, որոնք մտածում են, թե երեխայի խնամքով միայն կինը պիտի զբաղվի։